«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2007-07-21 | #138, 2007-07-24 | #139, 2007-07-25


ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ` ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Իրանա-ադրբեջանական «Ռաամի» (Raami) ֆիլմով Նյու Դելիում անցած շաբաթավերջին բացվել է 0սիանի ասիական եւ արաբական 9-րդ կինոփառատոնը (Osian՛s Cinefan Festival): «Ազատության» փոխանցմամբ, «Հինդու թայմս» հնդկական օրաթերթին տված հարցազրույցում 30-ամյա իրանցի ռեժիսոր Բաբակ Շիրինշեֆաթն ասել է, որ «Ռաամի»-ն «մարդու, բնության եւ պատերազմի մասին է, այս ֆիլմում համատեղվել են առասպելներն ու ներկայիս կյանքը»:

«Հինդու թայմս»-ի հաղորդման համաձայն, 1 ժամ 16 րոպե տեւող կինոնկարը պատմում է պատերազմից տուժած ընտանիքի մասին. հայ-ադրբեջանական բախումների հետեւանքով ադրբեջանցի երաժիշտը տասը տարի անցկացնում է Սաբիրաբադի փախստականների ճամբարում, որտեղից դուրս գալով մեկնում է Իրանՙ իր հայ կնոջը եւ երեխային գտնելու համար:

Բաբակ Շիրինշեֆաթի հաղորդման համաձայն, «Ռաամի»-ն նկարահանելու մտահղացումը ծնվել է, երբ նա այցելել է ադրբեջանցի փախստականների ճամբարներ եւ այնտեղ տեսել է Ադրբեջանում առասպելական եւ սուրբ համարվող ծառը: «Ինձ վրա մեծ ազդեցություն են գործել բենգալացի փիլիսոփա, արվեստագետ եւ գրող Ռաբինդրանաթ Տագորի ստեղծագործությունները», ասել է ռեժիսորը:

«Հինդու թայմս»-ը նշում է, որ «Ռաամի»-ն Շիրինշեֆաթի առաջին խաղարկային ֆիլմն է, մինչ այդ նա նկարահանել էր վավերագրական 9 ֆիլմ: 0սիանի ասիական եւ արաբական 9-րդ կինոփառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 29: Փառատոնի ընթացքում կցուցադրվի շուրջ 140 ֆիլմ 35 երկրներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4