«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2007-07-21 | #138, 2007-07-24 | #139, 2007-07-25


ԲՈԼՈ՞Ր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ

Թե ոչ ոքի հոգն էլ չէ

Մի քանի տարի շարունակ շինարարությանը հարմար սեզոնին Երեւանը վերածվում է մեծ շինհրապարակի, հաջորդած սեզոնին էլ անանցանելի ու քանդված ճանապարհներով բնակավայրի: Հենց այդ շինհրապարակում էլ երեւանաբնակները շարունակում են իրենց բնակությունը, կենցաղավարությունը փոշու եւ անհամար անհարմարությունների անխուսափելի ուղեկցությամբ: Ինչ արած, Երեւանը կառուցապատվում, բարեկարգվում, եվրոպականացվում, ծառազրկվում, դիմազրկման հաշվին նոր դեմք է ստանում, էլիտարանում է: Վերջինը, սակայնՙ էլիտարությունը լիովին բացակայում է կատարման գործընթացում: Ամենուր քանդ ու քարափ, ամենուր փոշի, ամեն տասը քայլը մեկ խցանումներ, որոնք համարյա չեզոքացնում են երթեւեկը մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներում: Ասվածն արդեն ծեծված փաստ է: Արդյունքում, հույսներս կտրած երեւանաբնակներս իրավիճակին հանդուրժողականությամբ ենք նայում ամենօրյա նյարդայնության չափաբաժինը անշարժության վերածված երթեւեկում լռվելու (ավելի դիպուկ բառ հազիվ թե գտնեմ) հաշվին ստանալով, ապա ի վերջո ոտքով տեղ հասնելով: Բայց սա էլ բոլորի դեպքում չէ, որ հնարավոր է:

Պատասխանատուների ի՞նչ պետքն է, թե առողջական խնդիր ունեցողները, ծերերը, երեխաները, աշխատանքային ու այլ պարտավորություններ ունեցողներն ինչպես են տեղ հասնում կամ ուղղակի հետ դառնում: Եթե, ասենք, մեկ շաբաթ առաջ ամեն վարորդ իր գիտցած բոլոր ձեւերը բանեցնելով փորձում էր երթուղու վերջնակետին հասնել, ապա արդեն ուղղակիորեն ընտրում է վերադարձի ճամփանՙ Տիգրան Մեծի, Խանջյան, Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկին չհասած կամ հանրահայտ խցանումների այլ վայրերից: Հանգուցային այդ խաչմերուկի անցանելիության ժամերը մինչեւ 10-ն է եւ երեկոյան 19-ից սկսած: Մյուս ժամերին փորձն անգամ անիմաստ է: Ու սա քաղաքի միակ խաչմերուկը չէ, ուր շարժումը կանգ է առնում:

Չնայած այս ամենօրյա իրավիճակին, հակադարձում էլ կա: Չէ՞ որ արդեն իսկ ասվել է ու «Ազգ»-ն էլ բարեխղճորեն տեղեկացրել է, որ որոշակի քանակությամբ երթուղիներ են փոխվել կենտրոնական փողոցները երթեւեկությունից բեռնաթափելու համար, ոստիկանությունն էլ հերթական անգամ պնդել է, որ հարկավոր է աշխատակիցների քանակն ավելացնել: Սրանով, անկախ արդյունքից, պատասխանատուները հավանաբար գործն արված ու թուրն էլ փառքով պատյան դրած են համարել եւ տպավորություն է ստեղծվում, թե շինարարության մեկնարկի հետ արձակուրդ է գնացել մայրաքաղաքի ողջ ոստիկանությունըՙ պետով ու շարքայինով, եւ քաղաքապետարանըՙ քաղաքապետով ու պահակով: Դե նրանք էլ մահկանացու են, միս ու արյուն, վստահաբար, արձակուրդի ու հանգստի իրավունք ունեն: Բայց դե պարտավորությունների գոյությունն էլ մերժելի չէ, մնում է իրագործեն, այլապես առանց այն էլ մայրաքաղաքի սթրեսային առօրյան վտանգավոր է դառնում: Եթե չէիք կարողանալու կամ պարզապես գլուխ չէիք դնելու շինարարության առկա ծավալներով ու միայն կենտրոնում կուտակվածությամբ թելադրված վիճակը շտկելու, ապա ամբողջը միասին չսկսեիք, չկառուցապատեիք աններելի խտությամբ: Ի վերջո պարզագույն հաշվարկ կատարեիք:

Գուցե սա էլ շրջանները բնակեցնելու անմշակ ծրագիր է ու տեղյակ չենք: Եթե այդպես է, տեղեկացրեքՙ գոնե այդ կերպ մարդկանց համբերության եւս մի չափաբաժին շահեք: Մյուս կողմից էլ, ում է պետք այդ համբերությունը, ով է հաշվի նստում դրա լինել չլինելու հետ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4