«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2007-07-26 | #141, 2007-07-27 | #142, 2007-07-28


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ

Հայաստանյան ձեռնարկություններից եւս մեկըՙ դիվերսիֆիկացված բիզնես ունեցող «Վալետտա» ՍՊԸ-ն երեկ հայտարարեց պարտատոմսեր թողարկելու մասին: Ինչպես այդ կապակցությամբ հրավիրված շնորհանդեսի ժամանակ նշեց ընկերության նախագահ Հենրիկ Զախարյանցը, թողարկվել են 7 հազար, 50 հազար դրամ անվանական արժեքով, այսինքնՙ 350 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրանց տարեկան տոկոսադրույքը 10,5 տոկոս է, իսկ մարման ժամկետըՙ 18 ամիս: ՍՊԸ նախագահը նշեց, որ ապագայում հնարավոր կլինի ընկերությունում ներդնել կորպորատիվ կառավարման համակարգը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ընկերությունը երեք նոր խոշոր ներդրումային ծրագրեր է նախապատրաստումՙ արտադրության, սպասարկման եւ շինարարության ոլորտներում, որտեղ ներդրումներ անելու ցանկություն են հայտնել օտարերկրյա ընկերությունները:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարեւոր համարեց «Վալետտա» ընկերության կողմից պարտատոմսերի թողարկումը եւ այն փաստը, որ ընկերությունը խորացնում է իր գիտելիքները շուկայական տնտեսության բնագավառում: Առանց դրա, ըստ ԿԲ նախագահի, մեր տնտեսությունը չի կարող զարգանալ, ինչը դեռ չեն գիտակցում մեր ձեռնարկություններից շատերը: Տիգրան Սարգսյանը նաեւ հույս հայտնեց, որ հետեւելով «Վալետտայի» օրինակին` մյուս ընկերությունները եւս կձգտեն դուրս գալ ստվերից, մասնակցել արժեթղթերի շուկայի զարգացմանը եւ օգտվեն այն առավելություններից, որ տալիս է դա:

Պարտատոմսերի թողարկման կապակցությամբ «Վալետտային» շնորհավորեց դրանց հիմնական տեղաբաշխողիՙ «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4