Այս տարի Արցախում ընդունելության քննությունները երկու օր ուշացումով են սկսվել` հուլիսի 22-ին: Ուշացումը պայմանավորված էր ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրություններով:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դիմորդների թիվը Արցախի պետհամալսարանում եւ ՀՀ բուհերում սովորելու համար ավելի մեծ էր` 1006 դիմորդ: Համեմատաբար շատ են նաեւ բացասական գնահատական ստացողները: Հուլիսի 22-25-ը քննություն հանձնած 680 դիմորդներից, օրինակ, 115-ը զրկվել են հետագա քննություններին մասնակցելու հնարավորությունից: Այդով հանդերձ, եթե հաշվի առնենք, որ առկա եւ հեռակա բաժինների համար նախատեսված է ընդհանուր առմամբ 1086 տեղ, որից 220-ը` պետպատվեր, 561-ը` վճարովի եւ 305-ը` հեռակա ուսուցում, ապա եկող ուսումնական տարում, տեսականորեն, ուսանողական նստարաններին նստելու երջանկություն կունենան համարյա բոլոր դիմորդները: Խնդիրը պարզապես կայանում է նրանում, որ ոչ բոլորին վիճակված կլինի ուսանել նախընտրած կրթաճյուղում: Այսպես կոչված` ավանդական մասնագիտությունների (տնտեսագիտական եւ հումանիտար բաժիններ) համար հայտ ներկայացնողներն առավել շատ են, իսկ ահա ագրարային մասնագիտությունների համար դիմողներ չկան, թեպետ տեղերից պահանջարկն առկա է: Ցանկության դեպքում մրցույթով դուրս մնացածները կարող են համալրել այդ տեղերը:
Նույն կերպ թափուր են Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում մի շարք մասնագիտությունների գծով նախատեսված տեղերը: Փոխարենը դրանց հաշվին կփոխհատուցվեն այլ բուհերում հատկացված «էլիտար» մյուս տեղերը` փաստորեն ավելացնելով դրանց նախնական թիվը: Այսինքն` ՀՀ բուհերին հատկացված բոլոր 60 ուղեգրերն էլ ըստ էության կզբաղեցվեն, սակայն քիչ մասնագիտությունների ընդգրկմամբ:
Նախորդ տարիների համեմատ, այս տարի ընդունելության քննաշրջանը շուրջ կիսով չափ կարճ կտեւի: Դրանք կավարտվեն օգոստոսի մեկին, ինչը բացատրվում է դպրոցներում միասնական քննություններ անցկացված լինելու հանգամանքով:
Գերակշռող գնահատականը, քննությունների կազմակերպիչների դիտարկմամբ, միջակ գնահատականն է, որը եւս կարելի է «Ընդունելություն-2007»-ի առանձնահատկություններից համարել:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ