«Շախտյորի» հետ մրցավեճում «Փյունիկին» լուրջ փորձություն է սպասում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ուժերը կչափի Ուկրաինայի փոխչեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» հետ: Մրցակիցների առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 20-ին եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:
Ինչ խոսք, հանձին «Շախտյորի» «Փյունիկը» հանդիպելու է անհամեմատ ուժեղ մրցակցի հետ: Այս առումով, իհարկե, «Փյունիկի» բախտը վիճակահանության ժամանակ չի բերել: Նշենք, որ Եվրոգավաթներում «Փյունիկին» 2-րդ անգամ է բախտ վիճակվում մրցելու «Շախտյորի» հետ: Առաջին անգամ մրցակիցների ճանապարհները հատվել են 2004 թ.: Այդ տարի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում հաջողությամբ հաղթահարեց Մակեդոնիայի «Պոբեդայի» դիմադրությունը (3-1, 1-1) եւ երկրորդ փուլում հանդիպեց «Շախտյորի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը կայացավ հուլիսի 27-ին, Երեւանում: Արդեն 31-րդ րոպեին հյուրերից Մարիկան բացեց հաշիվը: 61-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Բայց մինչեւ խաղավերջ Մարիկան եւ Ագախովան երկու անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը եւ հաղթելով 3-1 հաշվով, գործնականում վճռեցին հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Մեկ շաբաթ անց Դոնեցկում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին շնորհիվ 31-րդ րոպեին Հյուբշմանի խփած միակ գոլի:
Ուկրաինայում առաջնությունը դեռեւս նոր է սկսվել: «Շախտյորն» առաջին տուրում սեփական հարկի տակ մրցեց իր գլխավոր հակառակորդ, երկրի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքիՙ 1-1: Երկրորդ խաղում, մրցակցի դաշտում «Շախտյորը» 3 անպատասխան գնդակ խփեց առաջնության նորեկ «Նեւթյանիկի» դարպասը: 2 տուրից հետո «Շախտյորը» 4 միավորով ընթանում է 3-րդ տեղումՙ 2 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող «Դնեպրից» ու Զապորոժիեի «Մետալուրգից»:
Նոր մրցաշրջանի շեմին «Շախտյորի» կազմը որոշակի փոփոխության է ենթարկվել: Ինչ խոսք, թիմի համար մեծ կորուստ է ռումինացի 21-ամյա հարձակվող Չիպրիան Մարիկայի տեղափոխությունը «Շտուտգարտ»: Մարիկան «Շախտյորում» ընդգրկվել էր 2003 թ.: Նա գերմանական ակումբի հետ հնգամյա պայմանագիր է կնքել: Փոխարենը «Շախտյորը» թիմ է հրավիրել 31-ամյա իտալացի Քրիստիանո Լուկարելիին, որն Ուկրաինայում 3 տարի խաղալու համար 13,5 մլն եվրո կստանա: 8 մլն եվրո էլ «Շախտյորը վճարել է իտալական «Լիվոռնոյին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Իհարկե Լուկարելին դեռեւս լավ մարզավիճակում չէ, քանի որ գտնվում է նախապատրաստական փուլում: Բացի Լուկարելիից, ուկրաինացիների կազմում ընդգրկված են այլ լեգեոնականներ եւս. բրազիլացիներ Ֆեռնանդինյոն, Էլանոն, Ադրիանո Լուիսը, Բրանդաուն, Ժադսոնը, չեխ Թոմաշ Հյուբշմանը, լեհ Մարիուշ Լեւանդովսկին, ռումինացի Ռազվան Ռացը, սերբ ֆուտբոլիստներ Զվոնիմիր Վուկիչը եւ Իգոր Դուլյայը ու խորվաթ Դարիա Սռնան:
Դոնեցկի «Շախտյորը» Եվրոգավաթների մասնակցության հսկայական փորձ ունի: Ընդհանուր առմամբ թիմն անցկացրել է 106 հանդիպում, որից 45-ում հաղթել է, 20-ն ավարտել է ոչ-ոքի, 41-ում պարտվել: Թիմը խփել եւ բաց է թողել հավասար քանակությամբ գոլեր (154): Չեմպիոնների լիգայի մրցաշարերում անցկացրած 40 խաղում «Շախտյորի» ցուցանիշն այսպիսին է. +16=8-16, 58-59: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Շախտյորը» հանդես է եկել խմբային մրցաշարում: Բնականաբար, այս տարի էլ թիմն իր առջեւ նպատակ է դրել խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել:
Եվրոգավաթների մրցաշարերում Հայաստանի եւ Ուկրաինայի թիմերը 6-րդ անգամ են վիճակահանությամբ զույգեր կազմելու: Մեր թիմերի մրցակիցներն են եղել Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» (2 անգամ), Կիեւի «Դինամոն», Դոնեցկի «Շախտյորն» ու Մարիուպոլի «Իլիչեւեցը»: Նրանց հետ հանդիպումներում հայկական թիմերի ցուցանիշներն անմխիթարական են: 10 խաղերից միայն մեկում է հաջողվել հանդիպումն ավարտել ոչ-ոքի (2002 թ. «Փյունիկ»-«Դինամո», Կիեւ), մյուսներում հայկական թիմերը պարտվել են: Մեր ֆուտբոլիստները մրցակցի դարպասը խփել են ընդամենը 6 գոլ, սեփականը բաց են թողել 30-ը: Նշենք, որ բացի «Շախտյորից», «Փյունիկը» Եվրոգավաթներում մրցել է ուկրաինական եւս մեկ ակումբիՙ Կիեւի «Դինամոյի» հետ: Կիեւում ուկրաինացիները հաղթել են 4-0 հաշվով, իսկ Երեւանում գրանցվեց ոչ-ոքի (2-2): Հուսանք, որ հայ-ուկրաինական հերթական ֆուտբոլային դիմակայության արդյունքը դրական կլինի: