«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


Ի՞ՆՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

Եվ ինչպիսին են եղել գները հունիսին

Ի՞նչ միտումներ են գրանցվել անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին կիսամյակում, ինչպիսի՞ն է իրավիճակը համեմատած անցյալ տարվա առաջին եւ երկրորդ կիսամյակների հետ, ինչպիսի՞ն են եղել շուկայական գները կիսամյակի վերջինՙ հունիս ամսին եւ ի՞նչ կարելի է սպասել այստեղ առաջիկա ամիսներին: Այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունից:

Համաձայն վերլուծության, գործարքների քանակն այս տարվա առաջին կիսամյակին ավելացել է ինչպես 2006 թ.-ի առաջին, այնպես էլ երկրորդ կիսամյակների համեմատ: Գործարքների մեջ ամենամեծ բաժինը օտարմանն էՙ 40 տոկոս, իսկ դրանց մեջ գերակշռում են առուվաճառքներըՙ ավելի քան 87 տոկոս: Մնացածը բաժին է ընկնում նվիրատվություններին եւ փոխանակումներին: Բնականաբար, անշարժ գույքի գործարքներից հասարակությանն առավել հետաքրքրում են առուվաճառքի գործարքներն ու ձեւավորված շուկայական գները:

Երեւանում առուվաճառքի գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում բազմաբնակարան շենքերի բնակարաններինՙ ամբողջի երկու երրորդը: Սակայն հարկ է նշել, որ 2007 թ.-ի առաջին կիսամյակին այստեղ արձանագրված 7029 գործարքների թիվը չնչին չափով է ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված գործարքների քանակի համեմատ, իսկ 2006 թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ անգամ նվազում է արձանագրվելՙ 18,5 տոկոսով: Այդուհանդերձ, բնակարանների գները մայրաքաղաքում էապես աճել են ինչպես 2006 թ.-ի առաջին (30,6 տոկոս), այնպես էլ երկրորդ (16,1 տոկոս) կիսամյակների համեմատ: Նույնն է իրավիճակը նաեւ մարզերում: Բնակարանների գներն այստեղ, այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48,3 տոկոսով, իսկ 2006 թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատՙ 19,8 տոկոսով:

Բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը հունիս ամսին Երեւանում կազմել է 258 հազար դրամ: Ըստ համայնքներիՙ Կենտրոնում դա կազմել է 454 հազար դրամ, Արաբկիրումՙ 372 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունումՙ 273 հազար դրամ, Դավիթաշենումՙ 246 հազար դրամ, Շենգավիթումՙ 244 հազար դրամ, Աջափնյակումՙ 237 հազար դրամ, Նոր-Նորքումՙ 228 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայումՙ 226 հազար դրամ, Էրեբունիումՙ 221 հազար դրամ, Ավանումՙ 217 հազար դրամ եւ Նուբարաշենումՙ 124 հազար դրամ:

Երեւանից դուրս ամենաբարձր գները հունիսին արձանագրվել են Աբովյանումՙ 1 քմ-ի դիմաց 145 հազար դրամ, Վաղարշապատումՙ 126 հազար դրամ: Այս քաղաքներում բնակարանների միջին գինն ավելի բարձր է, քան Երեւանի Նուբարաշեն համայնքում: Աշտարակում այն կազմել է 107 հազար դրամ, Ջերմուկումՙ 102 հազար դրամ: Հետաքրքրական է Ջերմուկում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված բնակարանների գների գրեթե կրկնակի աճը: Նախորդ տարվա հունիսին 1 քմ բնակմակերեսն այս առողջարանային քաղաքում արժեր 59 հազար դրամ:

2007 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է անհատական բնակելի տների առուվաճառքի 2964 գործարք, որից Երեւանումՙ 560-ը: Նախորդՙ 2006 թ.-ի երկրորդ կիսամյակի համեմատ, գործարքների քանակը նվազել է 16,5 տոկոսով, իսկ 2006 թ.-ի առաջին կիսամյակի համեմատՙ աճել 15,4 տոկոսով: Կիսամյակի վերջինՙ հունիս ամսին մայրաքաղաքում շինության 250 քմ եւ տնամերձի 400 քմ միջին մակերեսով բնակելի տների 1 քմ-ի միջին շուկայական գինն, ըստ համայնքների, հետեւյալն է եղելՙ Կենտրոնումՙ 469 հազար դրամ (մոտ 1350 դոլար), Արաբկիրումՙ 376 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունումՙ 275 հազար դրամ, Դավիթաշենումՙ 250 հազար դրամ, Շենգավիթումՙ 245 հազար դրամ, Աջափնյակումՙ 241 հազար դրամ, Նորք-Մարաշումՙ 233 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայումՙ 229 հազար դրամ, Էրեբունիումՙ 225 հազար դրամ, Ավանումՙ 219 հազար դրամ եւ Նուբարաշենումՙ 127 հազար դրամ:

Մարզային քաղաքներից ամենաթանկ տները դարձյալ Աբովյանում են: Այստեղ շինության 200 քմ եւ 1000 քմ տնամերձի 1 քմ-ն արժե 149 հազար դրամ: Այնուհետեւ գալիս են Վաղարշապատըՙ 130 հազար դրամ, Ծաղկաձորըՙ 127 հազար դրամ, Աշտարակըՙ 109 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 104 հազար դրամ: Ջերմուկում սակայն բնակարանների համեմատ անհատական տների գները զգալիորեն ցածր են եւ կազմում են մոտ 53 հազար դրամ 1 քմ-ի համար: Անհատական տների գների ամենակտրուկ թռիչքն էլ արձանագրվել է Ծաղկաձորում, որտեղ անցյալ տարվա հունիսին բնակելի տան 1 քմ-ը եղել է 72 հազար դրամ:

Այսպիսով, դատելով վերոնշյալ ցուցանիշներից, կարելի է ենթադրել, որ այս տարվա երկրորդ կիսամյակում անշարժ գույքի շուկայում բնակարանների եւ անհատական տների գների միջին ամսական 2-3 տոկոս աճի միտումը կպահպանվի: Առուվաճառքի գործարքների քանակը հավանաբար եւս կավելանա, չնայած առաջին կիսամյակում այստեղ, ինչպես վերը նշեցինք, որոշ դեպքերում փոքր աճ է արձանագրվել, իսկ որոշ դեպքերումՙ անգամ նվազում:

Մեկ անգամ եւս փաստենք, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունը կատարվում է համաձայն արդեն կատարված գործարքների գների: Հետեւաբար, դրանք իրական շուկայական գներն են համաձայնեցված վաճառողի եւ գնորդի միջեւ եւ ավելի ցածր են, քան անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների կամ նույնիսկ իրենց բնակարաններն ու տները վաճառող քաղաքացիների առաջարկած նախնական գները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4