Անցյալ ամռանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ «Հզոր զգացմունքներ» («Forceful Feelings») հայկական բալետախմբի պրեմիերան: Դրա կազմում ընդգրկված են երիտասարդ սերնդի մի քանի պարողներ, որոնք մասնագիտական կրթությունն ստացել են Երեւանի պարարվեստի ուսումնարանում, իսկ ներկայումս բալետի առաջին մենակատարներ են աշխատում Համբուրգի, Մյունխենի եւ Ցյուրիխի պետական թատրոններում: Նրանք ենՙ հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը, բալետի միջազգային մրցույթների դափնեկիրներ Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Արման Գրիգորյանը: Այն ժամանակ խումբը հանդես եկավ ինչպես դասական խաղացանկով (խաղընկերներն էին մեր թատրոնի մենապարողներ Մարիա Դիվանյանը, Մերի Հովհաննիսյանը եւ Սյուզաննա Փիրումյանը), այնպես էլ մոդեռն բալետային ոճի ծրագրով (տե՛ս իմ հոդվածը «Ազգի» 2006 թ. օգոստոսի 31-ի համարում):
Մեկ տարի անց խումբը եկել է ընդլայնված կազմով, որտեղ ընդգրկված են արդեն 35 տարի Ջոն Նոյմայերի կողմից ղեկավարվող Համբուրգի թատրոնի բալետի առաջատար մենակատարները: Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ օպերային թատրոնում այս անգամ պրոդյուսեր Ռոբերտ Ջանիբեկյանի (մենեջեր Արթուր Հակոբյան) կազմակերպած «Forceful Feelings and Comrades»-ի երկու երեկոները հաստատեցին, որ հայ պարողների ներկայիս սերունդը ի վիճակի է ըստ արժանվույն մրցակցել բազմաթիվ միջազգային գործընկերների հետ:
Ավելին: Պահպանելով տեխնիկական բարձր ստանդարտը, հայ վարպետները իրենց պարին հաղորդեցին անմիջականություն եւ զգացմունքների ազատություն, հուզական ապրումների սրություն, որոնք նրանց արվեստը դարձնում են խիստ անհատականացված եւ ներքուստ անկախ: Հավանաբար սա մեկն է այն պատճառներից, որոնք բացատրում են սեփական պարային ներկայացումներ ստեղծելու «Forceful Feelings»-ի որոշ մասնակիցների (Ա. Մեհրաբյանի եւ Սան Ֆրանցիսկոյի բալետի այս անգամ, ավա՜ղ, չեկած մենակատար Դավիթ Կարապետյանի) ձգտումը: Ինչ վերաբերում է խմբի ընկերներին («comrades»), այս ամռանը մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու չեխ երկվորյակ եղբայրներ Իրժի եւ Օտտո Բուբենիչեկների նախանձելի արտիստական պրոֆեսիոնալիզմին: Առաջինը հայտնի է նաեւ որպես պարուսույց, երկրորդը` նաեւ որպես կոմպոզիտոր, որի վկայությունը Երեւանում ցուցադրված «Անհասանելի բնագավառ» բալետային դիվերտիսմենտն է:
Եվ հատկանշական է, որ ներկայիս պարուսույցները ոչ միայն բալետ են բեմադրում, այլեւ միաժամանակ բեմանկարիչներ են, հագուստների ու լույսի ձեւավորողներ. լույսը արդի բեմարվեստի կարեւոր մասն է:
«Անհասանելի բնագավառ» բալետում Իրժի Բուբենիչեկի խորեոգրաֆիան, որտեղ արական կազմին միացել են Համբուրգի թատրոնի մենապարուհիներ Պատրիսիա Տիչին (Ավստրիա), Յուկա Օիշին (Ճապոնիա) եւ Ստեֆանի Մինլերը (Կանադա-Անգլիա), հանդիսանում էր «Forceful Fee-lings»-ի պարային բառապաշարի ծրագրային պլատֆորմը: Դրանց հիմքում ընկած է միտքն ու զգացմունքը խտացնող պլաստիկ ձեւերի արտահայտչականությունը: Այս կապակցությամբ պարային լեզուն հագեցված է մնջախաղային եւ քանդակային բնույթի շարժումներով ու դիրքերով, որոնք արտահայտում են որոշակի հուզական տպավորություն` ուրախություն, ցնծություն, տառապանք, ցավ, բողոք եւ այլն:
Այսպես, շատ տպավորիչ էր դիվերտիսմենտի առաջին համարը, որտեղ միջանցիկ թեման` զգացմունքների ներդաշնակությունն «անհասանելի բնագավառ» դարձնող սիրո եւ ատելության անբաժանելիությունը, մարմնավորվել է յուրօրինակ բեմահարդարման մեջ: Պարային զույգի (Պ. Տիչի եւ Ա. Մեհրաբյան) շարժման արդյունքում բեմի ամբողջ տարածքում տարբեր ձեւերով հարդարվող հսկայական ու լայն գործվածքները խորհրդանշում էին մարդու բանականությանը չենթարկվող զգացմունքների տարերքը:
Բոլոր ինը մասնակիցների ներդաշնակությունն ու ճշգրտությունը «Անհասանելի բնագավառ» բալետի կատարումը դարձրին «Forceful Feelings and Comrades»-ի յուրօրինակ այցեքարտը: Իսկ Կ. Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատի երաժշտության հիման վրա նրանց բեմադրած երեկոյի եզրափակիչ համարը փայլուն կերպով ցուցադրեց դասական եւ ժամանակակից խաղացանկում հավասարապես ուժեղ հայ պարողների ռիթմիկ էներգիան:
Երեկոյի առաջին բաժինն իրենից ներկայացնում էր տարաբնույթ պարային տեսարանների շարք: Իննից չորսը կապված էր հայկական թեմատիկայի հետ: Առաջինը «Լարի ձայնն» է («Sound of String») Սայաթ-Նովայի երաժշտության հիման վրա եւ Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ ու դրամատիկ կատարմամբ: Երկրորդը դարձյալ նրա «Ծիրանի ծառ» («Apricot Tree») հետաքրքրական բեմադրությունն է ըստ Կոմիտասի երաժշտության: Այն արտահայտիչ կերպով եւ հղկվածությամբ կատարեցին Տիգրան Միքայելյանը, Արսեն Մեհրաբյանը, Արման Գրիգորյանը եւ Վահե Մարտիրոսյանը:
Իրենց ոճական բառապաշարով զանազանվում էին մյուս երկու հայկական համարները` «Սիրեցի, յարս տարան» («Lost Love») ժողովրդական երգը հանրապետության ժող. արտիստ Նորայր Մեհրաբյանի բեմադրությամբ, Պատրիսիա Տիչիի հրաշալի, զարմանալիորեն ազգային ոգով կատարմամբ եւ «Արշիլ Գորկի: Վերջին նամակ» («Arshil Gorki. The last letter») ծավալուն կոմպոզիցիան Ա. Մեհրաբյանի բեմադրությամբ, էկրանին երեւացող Ատոմ Էգոյանի հայտնի ֆիլմի լուսաբանիչ դրվագներով: Պարում էր ինքը` Մեհրաբյանը նրբագեղ եւ ճկուն Յուկա Օիշիի հետ, դահլիճում չթողնելով անտարբերների. դրան նպաստեց նաեւ հայկական շարականների վրա հիմնված Ալան Հովհաննեսի երաժշտությունը:
Մյուս բալետային տեսարանների մեջ, որտեղ հայ պարողների հետ մեկտեղ իրենց վարպետությամբ փայլեցին Բուբենիչեկ եղբայրները Ու. Մերտենսի մշակած սպիրիչուելի (պարուսույց Կ. Բրումաչոն) վրա հիմնված «Աննվաճներում» («Les Indompte՛s») եւ Մ. Հատանակայի եւ Արվո Պյարտի երաժշտության վրա հիմնված «Զգացմունքների կալանավորներում» («Prisoners of Feelings») (պարուսույց Ի. Բուբենիչեկ), հատկապես նշենք երկու կոմպոզիցիա: Դրանք են խմբի անցյալ տարվա հյուրախաղերից ծանոթ «Վերջույթների թեորեմը» («Limbs Theorem») ըստ Կ. Վիլեմսի երաժշտության (պարուսույց Ուիլյամ Ֆորսայթ) եւ «Կազիմիրի գույները» («Kazimir Colours») ըստ Դ. Շոստակովիչի երաժշտության, իտալացի երիտասարդ պարուսույց Մաուրո Բիգոնցետտիի բեմադրությամբ (Թուրինի թատրոնում այդ կոմպոզիցիան նախատեսված է պարային զույգի համար):
Այդ մենապարային կոմպոզիցիաներում հանդես եկած Տիգրան Միքայելյանը (ի դեպ, վերջերս նա ճանաչվեց Բավարիայի «Տարվա լավագույն արտիստ») եւ Արման Գրիգորյանը դրսեւորեցին ոչ միայն խորեոգրաֆիկ գծերի վիրտուոզություն, այլեւ բնածին երաժշտականություն: Երաժշտությամբ ծնված նրանց շարժումները ստացան անհատական իմպրովիզացիա: Ոգու ուժով հմայեց 22-ամյա Ա. Գրիգորյանը` ամենաերիտասարդ պարողը: Նրա, ինչպես նաեւ խմբի իր գործընկերների համար երաժշտությունը բեմական շարժման, ժեստի, պլաստիկայի գլխավոր աղբյուրն է:
Ուզում եմ հիշեցնել Ջոն Նոյմայերի խոսքերը, որի գաղափարները հաջողությամբ զարգացնում են «Forceful Feelings and Comrades»-ի մենակատարները: Պարի մեջ արվեստի եւ կյանքի փիլիսոփայական արմատը փնտրող ժամանակակից խոշորագույն պարուսույցը նշում էր. «Երաժշտության եւ շարժման միջեւ ծագում են լարման նոր դաշտեր. պարային, հուզական եւ նույնիսկ մարդկային»: Երիտասարդ եւ տաղանդավոր խմբի համար վարպետի այդ միտքը կարող է արտիստական կատարելագործման ուղեցույց ծառայել:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր