«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


ՄԻ ՔԱՆԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Մեծ Հայքի այս կամ այն նահանգում քաղաքական իրավիճակները պարտադրել են տեղանունների փոփոխություններ: Աշխարհագրական անունների ամենալուրջ փոփոխությունները իրականացրել են թուրքերը: Դրանց հետեւանքներից մինչեւ օրս չենք ազատվել, քանի որ հնարամտորեն մտցվել են քարտեզների մեջ: Հիշում եմ` Քոլատակ գյուղում մի տարածք «Մամեդի տափ» էին կոչում, երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է այդպես, քոլատակցիք պատասխանեցին. «Մի տարի քոչվոր Մամեդը լաճուկ էր դրել այդ հանդում»: Հազարավոր տարիներ հայ բնիկ ժողովուրդն է ապրել ու տիրել, ու պատահական մի քոչվոր վրան է խփել այդ հանդում, հանդի վրա պահպանել են օտարի անունը:

Այն, ինչ կատարվել է Աղավնո եւ Հագարի գետերի անունների փոփոխությունների հետ, զուտ նվաճողական նպատակ է հետապնդել: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, առաջին կամրջի մոտ, ցուցանակին գրած է` «Աղավնո գետ», հաջորդ ձորում, կամրջի մոտ, ցուցանակին` «Հագարի գետ»: Հայտնի է որ պարսից տիրապետության շրջանում Աղավնո կամ Աղվանո գետը եղել է Հայկական եւ Աղվանից մարզպանությունների սահմանագիծը: Արցախ եւ Ուտիք նահանգները այդպես անջատվել են մայր հայրենիքից: Սակայն պարզվում է, որ գետերի անվանումների արհեստական շփոթ է ստեղծվել: Գետը, որը հին ձեռագրերում կոչվել է Հակառու (Հակ գյուղի առու), պարզվում է, որ այժմ Հակ գյուղի հետ ոչ մի կապ չունի: Դրա փոխարեն հինավուրց Հակ գյուղով է հոսում Աղավնո գետը: Աշխարհագրորեն գետերի անունների տեղափոխությունը ադրբեջանական իշխանությունները միտումնավոր են իրականացրել, կեղծել պատմական տարածքների սահմանները, դրանով իսկ տասը կիլոմետրով իրարից «հեռացրել» Արցախը մայր հայրենիքից, արհեստականորեն ստեղծած «նեղուցը» բնակեցրել «ադրբեջանացված» քրդերով: Թվում է, որ կարիք կա վերականգնելու պատմական ճշմարտությունը:

Հաջորդ տեղանունը, որը կցանկանայի ճշգրտված տեսնել, վերաբերում է Մարտունու շրջանի Ննգի գյուղին: Ճիշտ է, խոսքը մի տառի մասին է, սակայն այն պատմական կարեւոր իրողություն է հուշում մեզ: Գյուղի իրական անունը Նինգի պետք է լինի, քանի որ այս գյուղի մարդիկ գաղթել են Մեծ Հայքի Արարատի նահանգի Նիգն գավառից (այժմյան Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան): Արդարացի կլինի, որ հարազատ մնանք պատմական տեղանվանը, մանավանդ որ այն այսօր մոռացության է մատնված:

Հաջորդ ճշգրտումը վերաբերում է Մարտակերտ բնակավայրին: Ռուսերենում այն համռորեն ԾՈՐՊՈՍպՐՑ է գրվում: «Մարդը» հին ցեղանուն է: Սակայն մարդերը Արցախի հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Իրականում տեղանունը կապվում է «մարտով կերտված» լինելու հետ, ուստի ռուսերենում եւս անհրաժեշտ է պահպանել տեղանվան ճիշտ ձեւը:

Մարտակերտի շրջանի Մեծ շեն եւ Լուլասազ բնակավայրերի միջեւ գտնվող գյուղը ժողովուրդը անվանում է Մղոզ, սակայն թերթերում, փաստաթղթերում ու գրքերում գրվում է Մաղավուզ: Դիմենք պատմությանը: Մղոզի, ինչպես եւ մի շարք այլ գյուղերի բնակիչներ 1687 թ. Մելիք-Իսրայելյանների առաջնորդությամբ գաղթել են Սյունիքի Քաշաթաղի գավառի հյուսիսային Մղոզ հատվածից: Ըստ հավանականության, նրանք VIII դարում գաղթել են Վայոց ձորի Մոզ ավանից, որը ավերվել էր Գիժ լեռան ժայթքումից: Սակայն նրանք հոգնելով Սյունիքի իշխանների հետ անվերջանալի վեճերից ու կռիվներից, հաստատվում են Ջրաբերդի կողմերում, իրենց հետ բերում եւ կործանված հայրենի բնակավայրի Մոզ-Մղոզ անունը:

Կցանկանայի ուղղված տեսնել մեկ այլ բնակավայրի անունը եւս: Խոսքը Մարտակերտի շրջանի Արչաձոր-Առաջաձոր բնակավայրի մասին է: Չգիտես ինչու բոլշեւիկներին դուր չի եկել գյուղի անվան արջի հետ կապը, ու գրչի մի հարվածով «արջը» «առաջ» են դարձրել: Այսօր էլ ժողովուրդը բանավոր խոսքում պահպանել է գյուղի անվան ավանդական ձեւը, ու երբեք «Առաջաձոր» չի ասում: Ճիշտ կլիներ գրավոր ձեւում նույնպես պահպանել պատմական անվանումը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4