«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2007-08-04 | #144, 2007-08-14 | #145, 2007-08-15


ՔԸՐՔՈՐՅԱՆԻ 9-ԱՄՅԱ ԴՍՏԵՐ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Իննսունամյա միլիարդատեր եւ բարեգործ Քըրք Քըրքորյանը օգոստոսի 8-ին Լոս Անջելեսի Գերագույն դատարան է դիմել պահանջելով չեղյալ համարել իր նախկին կնոջ ձեռք բերած կարգադրությունը, որն արգելում է իր 9-ամյա դստերը` Քիրային տեսնել իր կենսաբանական հորը` հոլիվուդյան պրոդյուսեր Սթիվն Բինգին, հաղորդում է «Լոս Անջելես թայմս» թերթը (ըստ Ասոշիեյթեդ պրես գործակալության լրատվության) ավելացնելով, որ այդ հարցով լսումները տեղի են ունենալու հոկտեմբերի 16-ին:

Իրավական տեսակետից Քըրքորյանն իր դստեր համատեղ խնամակալն է համարվում, չնայած նախկին կինը` Լիզա Բոնդետ-Քըրքորյանը խոստովանել է, որ երեխայի խնամակալության հարցը որոշելիս ինքը խաբել է ԴՆԹ-ի փորձագետներին, ներկայացնելով Քիրայի թքի փոխարեն Քըրքորյանի ավագ դստեր թուքը: Քիրան, ըստ դատարան ներկայացված փաստաթղթերի, ապրում է մոր հետ ԱՄՆ-ի արեւելյան ափում եւ վերջին հինգ տարիներին տեղյակ է եղել, որ «ունի երկու հայր, որոնցից մեկը Բինգն է»:

Բինգը, որ նաեւ Էլիզաբեթ Հըրլիի որդու կենսաբանական հայրն է, քանիցս ասել է, որ «ցանկանում է վերահաստատել իր հարաբերությունները դստեր հետ եւ որոշակի ֆինանսական պատասխանատվություն զգալ նրա հանդեպ»: Դեռ 2003-ին, ըստ փաստաբանական գրառումների, նա համաձայնել էր ամսական 25 հազար դոլար հատկացնել նրան:

Քըրքորյանն իր դիմումում ընդունելով հանդերձ, որ Քիրան պետք է հանդիպի իր իսկական հորը, այնուամենայնիվ նշել է, որ Բինգը ցարդ ֆինանսական կամ բարոյական ոչ մի աջակցություն չի ցուցաբերել նրան, մինչդեռ ինքը, գիտենալով հանդերձ, որ իրեն խաբել են, երբեք չի զլացել նրան ֆինանսական օգնություն ցուցաբերելուց:

Բեվերլի Հիլզում գտնվող Բինգի իրավաբան Ռոբերտ Քաուֆմենի գրասենյակը հրաժարվել է, ըստ լրատվության, լրացուցիչ պարզաբանումներ տալ լրագրողներին:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4