«Ազգի» ընթերցողները պարբերաբար տեղեկացել են թերթի լրագրող Մարիետա Մակարյանին 2006 թ. հոկտեմբերի 16-ին «Բի Լայն» ՍՊԸ-ի տնօրեն եւ վարորդ Արտակ Զաքարյանի` «Սուզուկի» մակնիշի 959 ՕԼ 64 ավտոմեքենայով վրաերթ կատարելու փաստին: Լրագրողը մի քանի բուժկենտրոններում բուժվելուց հետո դիմել է Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` վնասի հատուցման պահանջով: Երեկ դատավոր Գայանե Կարախանյանը հինգ դատական նիստերից հետո, 1 ժ. 40 րոպե ուշացումով (ի դեպ, բոլոր հինգ դատական նիստերը կայացել են 30 րոպեից 1 ժամ ուշացումով դատավորի մեղքով ու նա երբեւէ ներողություն չի խնդրել) հրապարակեց վճիռը: Ցավալի էր, բայց փաստ, որ դատավորը լավ չէր ուսումնասիրել տուժողի ներկայացրած հայցապահանջը եւ համապատասխան փաստաթղթերը, այլ միայն հիմնվել էր պատասխանողի առարկությունների վրա ու անարդար վճիռ կայացրել, որով չգիտես թե ինչպիսի թվաբանությամբ հանգել է այն եզրակացության, որ վնասի հատուցումը պետք է բավարարվի մասնակիորեն` 437.000 դրամ, որը մոտ չորս անգամ պակաս է տուժողի առողջությունը վերականգնելու համար ծախսված գումարից: Չնայած վերջին դատական նիստին տուժողը դատարանին տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2-րդ անգամ դատաբժիշկների եզրակացություն-որոշումը վերացրել է ու նոր փորձաքննություն նշանակելու հանձնարարականներ տվել: Դա դատավոր Գ. Կարախանյանը հաշվի չի առել եւ հիմք է ընդունել, որ վրաերթից տուժողի վնասվածքները կարող էին տեւել 6-21 օր ու զավեշտի հասնող վճիռ է կայացնում` ձեռքի տակ ունենալով երեք տարբեր բուժկենտրոններում վթարից առաջացած վնասվածքները բուժելու, նշանակումների եւ դեղորայքի վրա ծախսված առ այսօր վճարվող գումարները: Իսկ թե որքան է տկն Կարախանյանը գնահատում բարոյական վնասը (որը օրենքով չի սահմանված), թողնում ենք դատավորի խղճին... Իսկ որ վճիռը կբողոքարկվի, արդեն պարզ է:
Մնում է միայն զարմանալ, թե ինչպես լրագրողը արդարացի իր պահանջին համարժեք վնասի հատուցումը չստացավ, էլ ուր մնաց, որ հասարակ քաղաքացին առաջին ատյանի դատարանում (դատավոր Գայանե Կարախանյան) արդարացի վճռի կայացման արժանանա:
Ռ. Ռ.