«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՔՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԷՐ

Սակայն Աբդուլլահ Գյուլին չհաջողվեց ստանալ ընտրվելու համար անհրաժեշտ 367 ձայնը

Երեկ Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն էր: Չնայած ընտրությունները բոյկոտելու որոշում ընդունած Ժողովրդա-հանրապետական կուսակցության հորդորներին, քվեարկությանն անկախական 25 պատգամավորների հետ մասնակցել են նաեւ Ազգայնական շարժում եւ Ձախ ժողովրդավարական կուսակցությունները: Ավելին, վերջիններս նախագահի պաշտոնում առաջադրել են իրենց թեկնածուներին: Թեեւ դրանով ավելի քան ապահովվել է քվորումը, որի ցուցանիշը 550 տեղանոց Մեջլիսում 367-ը, սակայն դա չի հանգեցրել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու Աբդուլլահ Գյուլի ընտրությանը:

Քվեարկության առաջին փուլում Գյուլը 367-ի փոխարեն ստացել է 341 ձայն, այնքան, որքան չհաշված Մեջլիսի նախագահին, պատգամավորական տեղեր ունի իր կուսակցությունը: Նույնը կատարվել է Մեջլիսում 70 պատգամավոր ունեցող Ազգայնական շարժում կուսակցության թեկնածուի հետ: Ինչ վերաբերում է Ձախ ժողովրդավարական կուսակցությանը, որը հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր Ժողովրդա-հանրապետականի հետ դաշինք կազմած, ապա նրա թեկնածուն ստացել է 13 ձայն:

Սա նշանակում է, որ Մեջլիսում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակներով ընտրված 112 պատգամավորից 13-ը ձախ ժողովրդավարականի ներկայացուցիչներ են: Քվեարկության երկրորդ փուլը նշանակված է օգոստոսի 24-ին: Եթե այդ օրը Աբդուլլահ Գյուլին չհաջողվի ստանալ 367 ձայն, ապա նրան Թուրքիայի նախագահ ընտրվելու համար բավարար է օգոստոսի 28-ին նախատեսվող երրորդ փուլում ստանալ 276 ձայն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4