Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուն
Մասնակցելով «Ավշարները թուրքերի պատմության մեջ եւ մշակույթում» թեմայով Կեսարիայում կազմակերպված «միջազգային» գիտաժողովին, Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն անդրադարձել է քրդերի եւ քուրդ ալավիների ծագումնաբանությանը: Տեղեկացնելով այդ մասին օգոստոսի 20-ի համարում, «Վաթան» թերթը նշում է, որ միջազգային այս գիտաժողովին մասնակցել են ավշարներն ինչպես Կեսարիո շրջակա նահանգներից, այնպես էլ միջին Ասիայի թուրքալեզու հանրապետություններից:
Հալաչօղլուն ելույթում ընդգծել է Թուրքիայի բնակչության բազմաէթնիկ բնույթը եւ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը դիտարկել է որպես մասնատման սպառնալիք երկրի համար: Բայց եւ այնպես նա անհրաժեշտություն է համարել երկրի առանձին խմբավորումների էթնիկ ծագման իմացությունը եւ ավելացրել. «Անատոլիայում բնակություն են հաստատել նրանք, ովքեր մահմեդականություն էին ընդունել եւ իրենց թուրք էին համարում: Հետեւաբար, նրանց իբրեւ խճանկարի մասնիկ դիտարկելը պատճառ է դառնում միջէթնիկ բեւեռացումների: Այս հարցում հատկապես ուշադիր պետք է լինեն քաղաքական գործիչները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ նրանք, ովքեր հայտնի են որպես «քուրդ», իրականում ունեն «թուրքմենական» ծագում, իսկ «քուրդ ալավիներ» կոչվող մեր մյուս քաղաքացիներըՙ «հայկական»: TIKKO-ի եւ PKK-ի պես ահաբեկչական կազմակերպությունների շարքերում, որոնք ձգտում են մասնատել երկիրը, մեծ թիվ են կազմում քրդացած հայերը: Այս կազմակերպությունների գործունեությունը, հակառակ ենթադրությունների, որեւէ առնչություն չունի քրդական շարժման հետ»:
Հալաչօղլուի այս հայտարարությունը քննադատել են մի շարք թուրք պատմաբաններ, նրանք, ովքեր աշխատում են այն ընկերությունում, որի նախագահն է ինքը եւ պահանջել են, որ նա հրաժարական տա Թուրքական պատմական ընկերության նախագահի պաշտոնից: Գիտականությունից զուրկ այս հայտարարության համար նրան խստագույնս դատապարտել են քրդական «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցության ղեկավարներն ու Թուրքիայի ալավիական կազմակերպությունները, պահանջելով Հալաչօղլուին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնիցՙ սկսելու համար նրա դեմ խորհրդարանական հետաքննություն: Պահանջի համար, «Ռադիկալի» վկայությամբ, հիմք են ծառայել Թուրքական պատմական ընկերության նախագահի հակագիտական մոտեցումներն ու ծայրահեղ ազգայնամոլ հայացքները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ