Վրացիները ռուսներին մեղադրելով PR են ապահովո՞ւմ
Ռուս-վրացական հարաբերությունները դիտարկման դեպքում հիշեցնում են հայտնի մի հեքիաթ-պատմություն, թե ինչպես հովիվը սարերում մարդկանց անընդհատ խաբում ու օգնություն է կանչում, թե գայլերը հոտից ոչխար են գողանում: Երբ իսկապես գայլերը հոտի հախից գալիս են, հովվին ոչ ոք օգնության չի շտապում:
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն ու Վրաստանը նմանօրինակ այնքան «լուրջ ու առճակատվող» վիճակներում են հայտնվել, որ, թերեւս, էլ ոչ մի թեմա, միջադեպ կամ իրադարձություն չի արժանանում պահանջվող արձագանքին: Եվ եթե, օրինակ, գինեգործական անորակ արտադրանքի, դրա պատճառաբանությամբ Վրաստանին հասցված հսկայական վնասի առնչությամբ միջազգային հանրությունը բավականին ուշադիր ու աղմկող գտնվեց, ապա «չպայթած արկի» պատմությունը արդեն իսկ չի կարող հավակնել միջազգային կառույցների եւ եվրոպետությունների նման ուշադրությանը:
Վրաստանն այս անգամ մեծապես աշխատում է հենց ուշադրություն գրավել: Եվ եթե ռուսական «լրտեսների» ձերբակալության պարագայում Վրաստանին ցուցաբերված աջակցությունը ուղղակի կարող էր հարավկովկասյան տարածաշրջանում հարեւանների նախանձը շարժել, ապա այս անգամ մի խումբ «համախոհների» փորձագիտական աջակցության առնչությամբ ավելի շուտ փաստվում է Ռուսաստանի դեմ ինչ-որ փաստեր ձեռք բերելուն մասնակից լինելու ցանկությունը:
Ամեն դեպքում, Վրաստանում է արդեն երկրորդ փորձագիտական խումբը` կազմված Բրիտանիայի, էստոնիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի մասնագետներից` կրկին ու կրկին պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում օգոստոսի 6-ին Գորիի շրջանում, որտեղ Ցիտելուբանի բնակավայրի մոտակայքում ռումբ էր նետվել անհայտ երկու ինքնաթիռներից: Երկրորդ փորձագիտական խումբը կփորձի նաեւ ճշգրտել, թե ով է հեղինակել այդ «միջադեպը»:
Իսկ մինչ այդ շվեդական, լիտվական, լատվիական եւ ամերիկյան մասնագետներից կազմված առաջին հետազոտական խումբը հայտարարել է, թե Վրաստանի օդային տարածքում օգոստոսի 6-ին հայտնված ինքնաթիռը եկել է Ռուսաստանի կողմից, նետել հակառադարային արկն ու հեռացել նույն` Ռուսաստանի ուղղությամբ:
Նախորդ շաբաթավերջին Վրաստանում աշխատեցին նաեւ ռուսական փորձագետները, որոնց եզրակացությունը, բնականաբար, տրամագծորեն տարբերվում է նախորդից: Ռուս փորձագետները պնդում են, թե միջադեպն ավելի շուտ բեմականացում է եղել, ներկայացում, որն, ըստ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի, բնավ էլ չի համապատասխանում Մոսկվայի շահերին եւ շահեկան է նրանց, ովքեր թշնամի են Վրաստանի ու Ռուսաստանի նորմալ եւ գործունակ հարաբերություններին:
Եթե Կարասինի խոսքերին գումարենք նաեւ Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե գուցե ռուսական ինքնաթիռները վրացական օդային տարածքում են հայտնվել հյուսիսկովկասյան տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելու ընթացքում, ապա ռուս-վրացական փոխադարձ ռեւերանսներն ավարտված կարելի է համարել: Էլ ոչ մի ռեւերանս, քանի որ ներկա դրությամբ ռուսներն ու վրացիները կրկին վերադարձել են «թշնամու» կերպարին` երկկողմ հայտարարելով, թե մյուս կողմը ոչ ամբողջական է ներկայացնում եղած տվյալները, անգամ կեղծում է դրանք:
Խոսքը տվյալ դեպքում ռուսական եւ վրացական ռադարների տվյալների մասին է, որոնցից յուրաքանչյուրն ավելի շուտ որպես կողմերի տեսակետների ապացույց է ներկայացվում, քան ուղղակի ուսումնասիրության ենթակա փաստեր: Վրացական կողմն, ի դեմս պաշտպանության փոխնախարարի, ռուսական կողմի հետ խորհրդատվությունների հնարավորությունները սպառված է համարել, իսկ ռուսների մոտեցումը որակել որպես համագործակցությունից խուսափելու վարքագիծ, ընդգծելով, որ արդեն մնում է սպասել միջազգային հանրության գնահատականին:
Ի պատասխան ռադարների տվյալները կեղծելու վրաց ղեկավարների մեղադրանքների` ռուսական կողմն, իր հերթին, կրկնեց նույն մեղադրանքը այն բացատրությամբ, թե օդային տարածքի խախտման առնչությամբ ռմբակոծիչների օդ բարձրացում չի եղել, տագնապ չի հայտարարվել, չկան տվյալներ, թե ինչ համար է ունեցել ռումբը, բացակայում է ռումբի դետալների 2/3-ը:
Ինչեւէ, արդեն երեկ Վրաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Միոմիր Զուզուլան օգոստոսի 6-ի միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով: Դեպքի վայր ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը կմեկնի այսօր: Իսկ մինչ այդ Ռուսաստանը դեմ է արտահայտվում միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս միջադեպը քննարկելուն, կարեւորելով, որ որեւէ պետության հասցեին մեղադրանքները բավականին լուրջ են ու հենց լուրջ մոտեցման կարժանանան, իսկ փորձագիտական խմբերի «հապշտապ» եզրակացություններն էլ բնավ չեն նպաստում տարածաշրջանում երկխոսության կայացմանը:
Իսկ թե որքանով են ռուս-վրացական հարաբերություններում տարբեր «միջադեպերը» պայմանավորված հարավօսական կամ աբխազական հակամարտությունների իրավիճակով, ուղղակի ակնհայտ է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրեգորի Կարասինի խոսքերից. «Ռուսաստանը հետաքրքրված չէ Վրաստանում անկայուն վիճակով: Օգոստոսի 6-ի միջադեպի շուրջը սարքվող իրավիճակը շահեկան է Մոսկվայի ու Թբիլիսիի նորմալ ու գործունակ հարաբերությունների թշնամիներին, ովքեր չեն ցանկանում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ