2007 թ. ավտոմեքենաների տեխզննման ժամկետը ավարտվում է օգոստոսի 31-ին, որից հետո վարորդները կտուգանվեն ըստ սահմանված կարգի` 50.000 դրամով: Իսկ թե ինչպե՞ս եւ որքա՞ն են վճարում վարորդները տեխզննում անցկացնելու համար եւ որքա՞ն է տարբերությունը վճարվող գումարների պարզելու համար «Ազգը» այցելեց Արաբկիր համայնքումՙ «Արմենտելի» հարեւանությամբ գտնվող տեխզննման կետ: Հանգստյան օրը փակ էր, իսկ երկուշաբթի մեքենաների հոծ բազմությունով էր շրջապատված: Սակայն տնակային պայմաններում տեղադրված կետի պատին չտեսանք որեւէ գրություն, թե ինչ կարգով ու ինչպես, ինչ փաստաթուղթ պետք է ներկայացնի վարորդը: Միակ գրությունն էր. «Ծխելը արգելված է, խախտողները կտուգանվեն 200 դրամ», ու հենց այս սենյակում էլ նստած երկու տղամարդ ծխում էին: Երբ վերջապես իմ հերթը հասավ, կետի պատասխանատու ոստիկանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի, ասելով. «Չե՞ք տեսնում, թե ինչքան մարդ կա, հիմի դրանց թողնեմ ու քեզանո՞վ զբաղվեմ, գնա Իսակովի պողոտա, թող քեզ պատասխանեն, մի խանգարի, ես աշխատում եմ»: Կարելի է մտածել, որ ես գնացել էի պարոն ոստիկանի հետ քաղցր-մեղցր զրույց անելու: Բայց չէ՞ որ «Ազգի» խմբագրությանը դիմած շատ վարորդներ նշում են, թե ինչ «կարգով» են տեխզննման կտրոնը ստանում:
30 րոպեում տեխզննման կետում մոտ 10 վարորդ մտավ փոքրիկ, նեղլիկ մի տեղ, «վճարեց» CO-ի դիմաց (3.000-15.000 դրամ, կախված մեքենայի մակնիշից, բեռնատար, մարդատար) ու հաջորդ սենյակ մտնելով գրանցվեց, ստացավ կտրոնը: Որեւէ մեքենա չստուգվեց: Այդ դեպքում ո՞ւր են գնում անօրինական (անձնագրի մեջ դրված) գումարներն ու 1-2 րոպեում բոլորին տալիս են կտրոնը: Երբ այդ մասին ասացի կետի պատասխանատուին, վերջինս ավելացրեց. «Գնա քո գործին, ես ձեր թերթը կարդում եմ, խմբագիրներին ու լրագրողներին հարգում եմ, բայց իրավասու չեմ պատասխանել ձեր հարցերին, մի խանգարեք, թողեք աշխատենք»: «Ազգն» էլ չխանգարելով զրուցեց վարորդների հետ:
Ըստ վարորդների, եթե նախկինում 10 ԱՄՆ դոլար կաշառք էին վճարում տեխզննման կտրոնի համար, այժմ նրանցից 90 տոկոսը վճարում է 5000 դրամ: Իսկ եթե փաստաթղթերում բացակայում է առողջության տեղեկանքը (տրՌւՏ), ապա հոգ չէ, 5000 դրամ դնում են անձնագրի մեջ` հարցը լուծվում է: Այդ փաստաթուղթը ստանալու համար մարդատար մեքենայի վարորդները ստիպված կաշառք են տալիս 3-5 հազար դրամ, բեռնատարներինը` 15.000, կախված վարորդի տեսքից ու գրպանի պարունակությունից: Վարորդներից մեկը, որ երկար տարիներ աշխատել է տրանսպորտի սպասարկման բնագավառում, ահա թե ինչպես մեկնաբանեց CO-ի ստուգումներ չանցկացնելը. «Մեր երկիր ներկրվող մեքենաները հիմնականում Ռուսաստանից են, անորակ են, սակայն ապացուցել հնարավոր չէ: Նոր մեքենան կարող է ունենալ նույն թերությունները, ինչ որ 20 տարվանը: Ստացվում է, որ CO գազի արտանետումներով միայն փաստաթղթեր, օրենքներ, որոշումներ ընդունել կարող ենք, իսկ լուրջ ստուգել, արգելել` ոչ: Փողը ամեն հարց լուծում է: Մոտենում ես տեխզննման կետին ու որպեսզի ավելորդ քաշքշուկի առաջ չկանգնես, քանի որ ամեն մի չնչին բանից` դեղատուփի, կրակմարիչի, նախազգուշացնող վթարային նշանի բացակայությունը պատճառ բռնելով, չնայած որ բոլոր պահանջվող մուծումները կատարել ես, մի պատճառ կբռնեն ու եթե որոշակի գումար չդնես անձնագրի մեջ, ապա չեն ձեւակերպի»: Բայց չէ՞ որ CO-ի արտանետումներ առաջանում են նաեւ վատ որակի բենզինից, իսկ դա նույնպես չի ստուգվում, մեր խոսակցությանը խառնվելով ավելացրեց մեկ այլ վարորդ, որը իր «ԳԱԶ-3110» մակնիշի 2003 թ. մեքենայի տեխզննման համար էկոլոգիայի եւ գույքահարկի համար վճարել էր 45.000 դրամ եւ դեռ CO-ի համար հերթի էր կանգնել: 1984 թ. արտադրության «Ժիգուլիի» վարորդը 20.000 դրամ էր վճարել տեխզննման դիտման կտրոնը ստանալու համար նաեւ մաղարիչՙ 5000 դրամ: Իսկ երբ հարցրի, թե ինչո՞ւ եք 5000 դրամ տվել, պատասխանեց. «Դե դա ընդունված է, բոլորը տալիս են, եթե չտաս, չեն տա»: 1986 թ. արտադրության «Ժիգուլի» մեքենայի մեկ այլ վարորդ ասաց, որ կարողացել է միայն 3000 դրամ էկոլոգիայի եւ 8000 դրամ մեքենայի ձիաուժից կախված գույքահարկը վճարել, իսկ մնացած գումարներն ի վիճակի չէ մուծել, հազիվ ծայրը ծայրին են հասցնում: «9 անձից բաղկացած ընտանիք պահելը հեշտ չէ առանց աշխատանքի, ու եթե չկարողանամ ժամանակին տեխզննման կտրոնը հանել, կտուգանեն: Թող տուգանեն ավել փող վերցնողներին, հատ-հատ ստուգեն մեքենաները, որ անսարքները կաշառքով կտրոն չստանան: Հլա թող մի հատ դրանց գռփած փողերը հաշվեն... Դե տեսեք, էս 30 րոպեում 15 մարդ մտավ ու դուրս եկավ կտրոնով: Հիմա հաշվեք, թե մեկ օրում որքան գումար են շորթում մեզանից ու դեռ դա քիչ է, վրան էլ տուգանքներ են ավելացնում»:
Ասեմ նաեւ, որ վարորդները խմբվել էին իմ շուրջն ու իրար լրացնելով բազմաթիվ անօրինականություններ նշում, իսկ 100 մետր այն կողմ «տեխզննումը» շարունակվում էր ու կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ