«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇԻՆԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Նոր եւ վերանորոգված վերելակներ

Հանրապետության հրապարակի շատրվանների վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այստեղ 1986 թ.-ից ի վեր նորոգումներ չեն կատարվել, եւ մեծ ջրակորուստներ կային: Շուտով կսկսվի շատրվանների ձեւավորման աշխատանքը: Այս մասին երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Այնուհետեւ նա հայտնեց, որ Երեւանի 8 վթարային շենքերից 2-ի ամրացման աշխատանքերն ավարտվել են: Դրանք Նժդեհի 8/1 եւ 8/2 շենքերն են: Մյուսների ամրացման աշխատանքները շարունակվում են: Ըստ փոխքաղաքապետի, այս տարի նախատեսված է լուսավորման աշխատանքներ իրականացնել 86 փողոցներում, որոնցից 36-ն արդեն լուսավորված են: Ավելի քան 4 հազար մետր ոռոգման ջրի խողովակներ են անցկացվել Աջափնյակ համայնքում եւ 2 հազար մետր շարունակվում են անցկացվել Շենգավիթում, որը նախատեսվում է ավարտել հոկտեմբերին:

Այս տարի ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն 100 փողոցներում եւ ասֆալտապատվի 420 հազար քմ տարածք, որից 386 հազար քմ-ն արդեն ասֆալտապատվել է: Բացի այդ, կատարվում են նաեւ ճաքալցման աշխատանքներ, որը նոր տեխնոլոգիայի արդյունք է եւ որի մասին, ի դեպ, առաջին անգամ գրվել է մեր թերթում: Անցած ժամանակահատվածում ճաքալցվել է 30 հազար գծամետր: Եվս 4 փողոցներում, բացի ասֆալտապատումից, հանվում են տրամվայների գծերը, իրականացվում բարեկարգման աշխատանքներ: Դրանք են Սեբաստիա, Լենինգրադյան, Գայի, Սասունցի Դավթի փողոցները:

Նորագյուղի ջրամատակարարման եւ էներգամատակարարման առնչությամբ ստեղծված իրավիճակի առնչությամբ լուծումներ են տրվելՙ անց են կացվել նոր ջրագիծ եւ էլեկտրամատակարարման մալուխ: Նախատեսված է նաեւ գազամատակարարման խողովակներ անցկացնել այս թաղամասում:

Վանո Վարդանյանը երեկ անդրադառնալով մայրաքաղաքի ամենախոցելի հարցերից մեկինՙ ջերմամատակարարմանը, ասաց, որ, ըստ գլխավոր հատակագծի, նախատեսվում է Երեւանը ջեռուցել կենտրոնացված ջերմամատակարարմամբ: Դա նպատակահարմար է քաղաքացիների անվտանգության, քաղաքաշինական նորմերի պահպանման եւ բնապահպանական նկատառումներով: Նա ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց առանց որոշակիացնելուՙ թե ի՞նչ աշխատանքներ են դրանք եւ ո՞ր փուլում են գտնվում: Միայն նշվեց, որ նման աշխատանքներ են ընթանում Ավանում եւ Դավթաշենում: Բացի այդ, որոշ շենքերում իրագործվում է լոկալ ջեռուցման ծրագիրը:

Երեւանի ավելի քան 4 հազար վերելակներից կապիտալ կվերանորոգվեն 2400-ը, իսկ 50-ը պետք է փոխվեն եւ տեղադրվեն նորերը: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 3 մլրդ դրամ: Ներկայումս կապեր են հաստատվել ռուսաստանյան վերելակ արտադրող ընկերությունների հետ: Եվ վերջապես, Նուբարաշենի աղբավայրում աղբավերամշակման ձեռնարկության ստեղծման ճապոնական ընկերության հետ բանակցությունները մտել են պայմանագրի ստորագրման փուլ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4