Կյանքից հեռացավ եւս մի դասականՙ Էդվարդ Իսաբեկյանը, 93 տարեկանում, Աշտարակի իր մենատան մեջ, փառքի բոլոր շնորհներն ուսերին: Համարվում էր մեր գեղանկարչության լավագույն մոնումենտալիստը, էպիկական շնչառությամբ կոմպոզիցիայի մեծ վարպետը, միաժամանակ դիմանկարչության մեծ վարպետներից մեկը:
Ծնվել էր Իգդիրում, 1914-ի նոյեմբերի 8-ին: 1941-ին ավարտել էր Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը: 1941-ից ի վեր, մինչեւ 2005-ը ազգային պատկերասրահում կազմակերպվածը, որը փաստորեն եղավ նրա արվեստի վերջին հրավառությունը, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա գործերը հանգրվանել են Հայաստանի եւ արտասահմանի տարբեր թանգարաններում, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում: Վերջին տարիներին տեսողության կորստի պատճառով դադարել էր նկարելուց:
1967-86 անընդմեջ 19 տարի ղեկավարել է ազգային պատկերասրահը, հիմնադիրներից էր Երեւանի գեղարվեստի ինստիտուտի, որի պրոֆեսորներից էր, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ պետական մրցանակի դափնեկրի, Մեսրոպ Մաշտոց եւ Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանների ասպետի տիտղոսին վերջին տարիներին արժանիորեն ավելացել էր Երեւանի պատվավոր քաղաքացու վկայականը: Մշտապես կապված հայրենի Իգդիրինՙ հեղինակել էր համանուն վեպը, կարոտի ու ցավի իր պատմությունը:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, օգոստոսի 21-ին, ժամը 18-ին, Երեւանի Սայաթ-Նովայի 5, բն. 20 հասցեում: Իսկ վաղը, օգոստոսի 22-ին, արվեստասերները վերջին հրաժեշտը կտան նկարչինՙ Երեւանի կամերային երաժշտության տանը, որտեղից նրա աճյունը վերջնական հանգրվան կգտնի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: