Հեռացավ Էդվարդ Իսաբեկյանը
Հայ գեղանկարչության նահապետը կյանքի վերջին տարիներն ու օրերն ապրեց Աշտարակի իր առանձնատանը: Մի թաց աշնան օր գնացի այցելության վարպետին, հարցազրույց պիտի անեի. ծննդյան 90-ամյակն էր մոտենում: Ընդունված էՙ այդպես հանդիսավոր հոբելյանական պահեր ստեղծել, արձանագրել. պատշաճ էՙ հիշել վաստակը, մարդու գործը մեկ անգամ եւս արժեւորել: Անտեղի լարվածությունս չքացավ արագ: Ամեն ինչ այնքան բնական էր, ինչպես կյանքն ինքն է:
Չնայած տարիքինՙ փառահեղ տեսք ուներ Էդվարդ Իսաբեկյանը, դժվար էր հավատալ, որ աշխարհի գույներն այլեւս անհաղորդ են իրեն եւ ոչինչ չեն ասում: Գույները սուզվել էին իր ներսը, աչքերի հատակը: Մենակ էր. երկար զրուցեցինք, ամեն ինչի մասինՙ կյանքի, մարդու հոգս ու ցավի, մանկությունից, իր ծննդավայր Իգդիրից, իրենց տուն ու այգուց: Հրաշալի պատմող էր, խոսքի մեջ ժողովրդական խոր իմաստնությամբ, պատումի էպիկականությամբ:
Երկար ժամանակ էՙ չէր նկարում ու դրանից խորապես տառապում էր: Ասում էր. «Պարապ չեմ եղել երբեք, միշտ կամ նկարել եմ, կամ գրել, հիմա դատապարտված եմ: Աքսորվածի նման եմ ինձ զգում»: Ծանր էր տանում իր վիճակըՙ «Տեսնում ես ինչ պատիժ է: Աշխարհ տեսած կույր եմ»: Աչքերը գրեթե չէին տեսնում, իսկ մենակությունն իր համար չէր: Իգդիրցու խրոխտ նկարագիր ուներՙ պինդ, հաստատակամ, երբեմն կոպտության աստիճան համառ, երկրի ջիղըՙ ամուր նստած երակներում: Սիրում էր կյանքի վայելքը, լավ գինի, կանայք ու շատ էլ նկարում էր նրանց: ... Հիմա սրտնեղած էր, ոչ միայն իր վիճակից, այլեւ աշխարհի անարդարությունից, մարդու չարությունից: Ասում էրՙ «Էսօրվա համար ինչ լավ բան ասես, երբ գյուղացին հողից երես է թեքել»: Իր մենակության գույները ներսում թանձրանում, կուտակվում ու զայրույթի էին վերածվում, չէր սիրում խեղճություն ու անտարբերություն: Տարիներ առաջ գրեց «Իգդիր» վեպըՙ հյութեղ լեզվով, ժողովրդի նիստ ու կացի, ապրուստի պատկերավոր նկարագրություններով, գունային արտահայտչականությամբ: Իր կտավների մեջ հիշողությունների ոգին էր, որ խոսում էր, գաղթական հոգու խեղճության նշույլ իսկ չկար: Հակառակըՙ ըմբոստ հոգու պոռթկում, անսանձ կիրք, էպիկական շունչ ու դինամիզմ: Կերպարային իր տարերքը հերոսականությունն էրՙ անհնազանդ պայքարը, իսկ թեմատիկ կոմպոզիցիաներում ազգային հայրենասիրական պաթոսն էր իշխում: Մինչեւ ուղն ու ծուծը հայ մարդ էր, Հայկի ցեղից սերված, հպարտ, առնական, խորապես ազգայինՙ ե՛ւ իբրեւ մտավորական ե՛ւ իբրեւ պարզ մարդ:
Նկարչության մեջ չէր ընդունում ձեւի դոմինանտությունը, իզմերի պարտադրվածությունը, ամենաճշմարիտը համարում էր ռեալիստական-ռոմանտիկական արվեստըՙ Ռուբենս, Վելասկես: Ասում էր. «Աշխարհում վեց գույն կա, սեւ առարկա կա, բայց գույն չկա»: Երեւի չէր սիրում սեւը: Իմպրեսիոնիստներից հետո գրեթե ոչ մեկին չէր ընդունում: Պաշտամունքի աստիճան սեր ուներ Կլոդ Մոնեի, Մանեի, Պիսարոյի, Ռենուարի հանդեպ, որոնք դեպի բնական լույսը, լուսավորությունը գնացին: «Արեւի տակ ամեն ինչ մաքրվում է»: Արեւ էր սիրում, մեջն այնքա՜ն ջերմություն կար: Տխրեց, երբ վեր կացա: «Մեկ-մեկ արի զրուց անենք», ասաց: Սեղանին խնձորներ կայինՙ իր այգուց: Տանը սպասարկող կնոջն ասաց. «Էդ խնձորները դիր, թող տանի»: Անձրեւը շարունակում էր թրջել օրը: Մեքենան շարժվեց, նկարչի կերպարն աղոտացավ. մեջս մնաց ծերունազարդ մարդըՙ կողքին հավատարիմ շունը:
Մի քանի օր անց Թեքեյան մշակութային միությունը շուքով նշեց վարպետի հոբելյանը: Նստած էր թեթեւակի գլխիկոր, հայացքըՙ ցած: Միության կողմից պարգեւատրվեց «Ադամանդակուռ Արարատ», կրթության նախարարության կողմիցՙ «Ոսկե» մեդալներով: Հիշում եմՙ երեկոն երբ ավարտվեց, ինչ սիրով ու գորովով էր զրուցում իրեն շրջապատող յուրաքանչյուրի հետ, ուզում էր վերհիշել ամենքին: Մեջը կարոտն էր խոսում:
Էդվարդ Իսաբեկյանի մահվան լուրը լսելուց հետո խմբագրատան մի անկյունում մահվան մասին խոհեր սկսվեցին: Ինչո՞ւ է մեզ տանջում այս կյանքը, մտքերը, առանց հրավերի, գալիս, ասեղում են ներսդ: «Չեմ մտածում դրա մասին, կա-չկա, միեւնույն է», ասաց առաջացած տարիքով արձակագիրը: «Ինքն է մեր մասին մտածում», թռան խոսքերս: Մտահոգ մի մտավորական զանգեց խմբագրատուն. «Ո՞նց ես, ասաց իրեն բնորոշ, մտերմիկ տոնով: Այս ո՞ւր եք հերթով ճանապարհում գույնի մեր վարպետներին», վշտակցությունն այսպես հայտնեց:
Հայ գեղանկարչության նահապետը կարծես շտապեց, որ մեր աչքից հեռու, անտեսանելի մի ճամփին հանդիպի Ռուդոլֆ Խաչատրյանինՙ ասես կշտամբելու, թե ինչու կանխեց իրեն:
Էդվարդ Իսաբեկյանը մահացավ տաք ամռան մի օր, արեւալույսին, առավոտյան: Ինձ թվում է, չնայած 93 տարեկան էր վարպետը, բայց հեռացավ Կարոտի գույնը աչքերում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ