«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


6-27 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ

Հանրապետության բոլոր մարզերի 6-27 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչները հոկտեմբերին լրացուցիչ պատվաստում կստանան կարմրուկի եւ կարմրախտի դեմ: «Ազգի» հետ հարցազրույցում իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության կողմից մշակվել է կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքերի վերացման, խոզուկի վերահսկման եւ բնածին կարմրախտային համախտանիշի վերահսկման ազգային ծրագիր, որն էլ կառավարությունը վերջերս հաստատել է: Ծրագրի ղեկավարի խոսքով, 6-27 տարիքային խումբն ինքնանպատակ չի ընտրվել, այլ մանրամասն ուսումնասիրությամբ է որոշվել հենց այդ խմբին լրացուցիչ պատվաստել հիշյալ երկու հիվանդությունների դեմ: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նշեց, որ 2004-2005 թթ. կարմրուկի եւ կարմրախտի հիվանդացության աճի բարձրացման ժամանակ հիմնականում հիվանդացել են այս տարիքային խմբի մարդիկ: «Այսինքն, սա բնակչության այն խավն է, որի մեջ դեռ իմունիտետը ձեւավորված չէ կարմրուկի եւ կարմրախտի դեմ պայքարելու համար: Հանրապետությունում երկու տարիքային խումբ պլանային պատվաստում է ստանում կարմրուկի եւ կարմրախտի դեմ: Առաջինը 1-3 տարեկան երեխաներն են, իսկ երկրորդ խումբը 6-27 տարեկանների տարիքային խումբն է, որի համար էլ նախաձեռնել ենք կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումները: Մեր հիմնական նպատակն է օժանդակելով պլանային պատվաստումներին` մարդկանց պաշտպանել կարմրուկից եւ կարմրախտից, որպեսզի մենք հաջորդ բռնկում կամ հիվանդացության բարձրացում Հայաստանում չարձանագրենք»:

Ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն, ընդհանուր առմամբ, կարմրուկի եւ կարմրախտի համաճարակային վիճակը հանրապետությունում բավարար ու հանգիստ է գնահատում, քանի որ այսօր կարմրուկի եւ կարմրախտի հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում: Գ. Սահակյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում վերը նշված երկու հիվանդությունների մոտ տասը դեպք է գրանցվել: Սակայն «կարմրուկն ու կարմրախտը համաճարակաբանական բնական օրինաչափություն ունեցող հիվանդություններ են: Այսինքն` որոշակի ընդմիջումից հետո վիրուսի շրջանառության դեպքում, երբ մարդիկ ընկալ են եւ պաշտպանված չեն հիվանդությունից, վարակվում են եւ կարող են վարակել մյուսներին: Այս լրացուցիչ պատվաստումներով մենք ընդհատում ենք այդ շղթան: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ վիրուսը կա շրջապատում, բայց ընկալ օրգանիզմ չկա, մարդը պաշտպանված է եւ չի հիվանդանում: Երբ մարդը դրսում հիվանդանա եւ գա Հայաստան, չկա այն ընկալ օրգանիզմը, ում կարող է վարակել: Ամբողջ նպատակը վիրուսի շրջանառությունը երկրում ընդհատելն է»:

Կարմրուկի եւ կարմրախտի հիվանդացության աճ վերջին անգամ հանրապետությունում եղել է 1997 թ. եւ 2004 թ.: Մասնագետը հիվանդացությունների աճը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Տարիների ընթացքում այդ ընկալ օրգանիզմները կուտակվում են, եւ այդպիսի բռնկումներ լինում են: Այդ տարիներին էլ վիրուսի շրջանառությունն էլ կար, եւ միանգամից հիվանդացության բարձրացում տեղի ունեցավ»:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, կարմրուկի եւ կարմրախտի լրացուցիչ պատվաստումներն իրականացնելու համար արդեն հանձնաժողով է ստեղծվել, որը բաղկացած է առողջապահության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովն աշխատում է նաեւ մարզերում եւ, ըստ էության, ծրագրի իրականացման նախապատրաստական փուլն ավարտված է: Ծրագիրն իրականացնողները սեպտեմբերի առաջին տասնօրյակում եւս մեկ անգամ պետք է ճշտեն 6-27 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների քանակը, ըստ որի էլ հետագայում կբաշխվեն պատվաստանյութն ու օժանդակ պարագաները: Ամբողջ հանրապետությունում կստեղծվեն նաեւ պատվաստումային ժամանակավոր կետեր: Ծրագրի ղեկավարները հույս ունեն մի քանի բաղադրիչներից կազմված այս ծրագրի իրականացմամբ մինչեւ 2010 թ. հասնել կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքերի վերացմանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4