Օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 4-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ, երգ-երաժշտությամբ` հաճելի մթնոլորտ ստեղծելով տրիբունաներում:
Համահայկական 4-րդ խաղերին մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ` 94 քաղաքների 2500 ներկայացուցիչներ, որոնք այդ օրը մարզական հագուստներով շքերթի էին դուրս եկել: Այն գլխավորում էր Աթենքի մարզական պատվիրակությունը: Ավանդույթի համաձայն, մասնակիցների շքերթը եզրափակեցին Երեւանի մարզիկները: Տրիբունաները մեծ ոգեւորությամբ ու ծափահարություններով էին դիմավորում մարզադաշտ մտնող յուրաքանչյուր մարզական պատվիրակությանը: Այնուհետեւ մարզադաշտ բերվեց Համահայկական 4-րդ խաղերի դրոշը:
Եվ ահա հանդիսավոր պահը. մոտոցիկլիստների ուղեկցությամբ մարզադաշտ է բերվում Գառնիի հեթանոսական տաճարում վառված ջահը, որը Երեւան էր հասել մարզիկների փոխանցումավազքով: Կրակը վառելու պատիվը տրվել էր օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանին:
Խոսքը տրվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Հարգելի հայրենակիցներ, մարզիկներ, մարզիչներ եւ մրցավարներ: Սրտանց ողջունում եմ բոլորիդ համայն հայության մայրաքաղաք Երեւանում, Համահայկական 4-րդ խաղերի առիթով: Համահայկական խաղերի անցկացումը մեր նորագույն պատմության լավագույն ավանդույթներից է: Այն իր մեջ ներառում է մեր ազգային միասնության ոգին, արդար մրցակցությունը եւ առողջ ապրելակերպը: Այն դարձել է աշխարհի հայ երիտասարդության միասնականության տոն: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն բազմաթիվ ընկերներ, կհասցնեն այցելել հանրապետության հիշարժան վայրեր, իսկ սփյուռքահայ երիտասարդները կվերագտնեն իրենց պատմական հայրենիքը: Համոզված եմ, որ անկախ խաղերի արդյունքներից, հաղթելու են բոլորը: Մաղթում եմ արդար պայքար, մարզական նվաճումներ եւ անմոռանալի օրեր: Համահայկական 4-րդ խաղերը հայտարարում եմ բացված»:
Այնուհետեւ մարզադաշտում սկսվեց ծրագրի մշակութային մասը, որի ընթացքում ելույթ ունեցան միայն հայաստանցի երգիչներՙ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Աշոտ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Անդրեն, Աիդա Սարգսյանը, Թաթան եւ Արա Գեւորգյանը, պարային համույթները: Ցուցադրական ելույթներով հանդես եկան տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները, որոնք ուղեկցվում էին ճոխ հրավառությամբ: Այստեղ հարկ է նշել մեկ նկատառում: Քանի որ խաղերը Համահայկական են, ապա ցանկալի կլիներ, որպեսզի բացման արարողության ժամանակ ելույթներ ունենային նաեւ սփյուռքահայ երգիչները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ