«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2007-08-17 | #148, 2007-08-18 | #149, 2007-08-21


ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Համահայկական 4-րդ խաղերի առաջին մեդալները վիճարկեցին թեթեւատլետներն ու լողորդները: Այս մարզաձեւերում բացահայտ էր հայաստանցի մարզիկների առավելությունը: Կանանց 400 մ վազքում 57,9 վրկ արդյունքով չեմպիոն հռչակվեց վանաձորցի Գայանե Բուլղադարյանը, իսկ տղամարդկանցից նույն մրցատարածությունում լավագույնն Էդվարդ Մանգասարյանն էր: Նրա արդյունքը (47,9 վրկ) Համահայկական խաղերի նոր ռեկորդ էր: 100 մ վազքում հաղթողներ ճանաչվեցին երեւանցի Անի Խաչիկյանը (12,1 վրկ) եւ Գլենդեյլի ներկայացուցիչ Ջոնի Տեր-Եղիյանը (10,3 վրկ): Երեւանցի Աննա Եգորյանի հաղթանակով ավարտվեց կանանց 1500 մ վազքը (4.55,1), իսկ տղամարդկանցից հաջողությունն ուղեկցեց Ախալցխայի ներկայացուցիչ Գիգլա Մկոյան-Զիլբերշտեյնին (4.00,0): Գնդի հրման հատվածում լավագույն արդյունքի հասավ թբիլիսցի Բենիկ Աբրահամյանը: Հեռացատկի մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացավ Հայկանուշ Բեգլարյանը (Կապան)ՙ 5 մ 67 սմ:

Լողի մրցումներում անվիճելի էր երեւանցի լողորդների առավելությունը, որոնք նվաճեցին 6 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալների արժանացան Անահիտ Բարսեղյանը (50 մ ազատ ոճ), Վարդուհի Ավետիսյանը (100 մ բրաս), Հարություն Հարությունյանը (50 մ ազատ ոճ), Ալիկ Ալիֆյանը (100 մ բրաս), Միքայել Քոլոյանը (200 մ ազատ ոճ): Աղջիկների 4X50 մ փոխանցումալողն ավարտվեց Երեւանի թիմի հաղթանակով:

Սկսվել են խաղային մարզաձեւերի նախնական մրցումները: Ֆուտբոլի մրցաշարում գրանցվել են նաեւ գերխոշոր հաշիվներ (Ստամբուլ-Թբիլիսիՙ 11-2, Ալմելո-Երեւանՙ 0-7, Ֆրանկֆուրտ-Ստեփանակերտՙ 2-6): Մյուս խաղերի արդյունքներն այսպիսին ենՙ Բառնաուլ-Թեհրանՙ 0-0, Նինոծմինդա-Գլենդեյլՙ 1-5, Սպահան-Բրյուսելՙ 3-0, Բուենոս Այրես-Գյումրիՙ 3-0, Նիկոսիա-Լոս Անջելեսՙ 2-5:

Ֆուտզալի մրցումներում ամենախոշոր հաշիվը գրանցվել է Մարսել-Սան Պաուլո (2-17) եւ Բեյրութ-Թեհրան (1-15) մրցախաղերում: Մյուս արդյունքներն են. Գյումրի-Վիեննաՙ 3-0, Մանչեսթր-Բուենոս Այրեսՙ 0-7, Ղամշլի-Վանաձորՙ 1-12, Թբիլիսի-Նինոծմինդաՙ 9-4, Ստամբուլ-Վլադիմիրՙ 3-12, Երուսաղեմ-Մոնրեալՙ 9-2:

Վոլեյբոլի մրցաշարում հետաքրքրական զուգադիպությամբ բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են միեւնույն 3-0 հաշվով: Մեծ հետաքրքրություն ներկայացնող բասկետբոլի մրցաշարում էլ գրանցվել են մի քանի արտառոց հաշիվներ, ինչը վկայում է թիմերի խաղամակարդակների զգալի տարբերության մասին: Գյումրիի կանանց թիմը 101-7 հաշվով հաղթել է Վիեննային, իսկ թբիլիսցի բասկետբոլիստուհիները Սպահանի թիմի հետ խաղում միայն 5 միավոր են վաստակել մրցակցի 69-ի դիմաց: Ներկայացնենք մյուս արդյունքները: Կանայքՙ Գլենդեյլ-Թեհրանՙ 52-61, Ստեփանակերտ-Նիսՙ 63-27, Աթենք-Թավրիզՙ 62-40, տղամարդիկՙ Ստեփանակերտ-Վիեննաՙ 30-60, Սոչի-Լոնգ Բիչՙ 66-53, Սպահան-Ախալքալաքՙ 74-36, Թեհրան-Լա Կրեչենթաՙ 75-65, Ժնեւ-Կահիրեՙ 86-72, Թավրիզ-Սիդնեյՙ 38-83, Նիս-Ֆրեզնոՙ 33-82, Գյումրի-Ստամբուլՙ 60-73, Գլենդեյլ-Մոնրեալՙ 105-35, Երեւան-Կիեւՙ 110-34:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4