Աբու Դաբիի շախմատի մրցաշարի վերջին տուրերում բավական հաջող են հանդես գալիս Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը, որոնց շնորհիվ նրանք այժմ առաջատարների խմբում են: Մեր շախմատիստները վերջին 3 տուրերում 2,5-ական միավոր վաստակեցին: Անաստասյանը հաղթեց Ամինին ու Մահջոբին եւ ոչ-ոքի ավարտեց պարտիան Նեւերովի հետ ու վաստակեց 6,5 միավոր: Կարեն Ասրյանը նախ հաղթեց Յանկովիչին, ապա ոչ-ոքի խաղաց Ամինի հետ, իսկ 8-րդ տուրում պարտության մատնեց Ջոբավային: Կարեն Ասրյանը իր հաշվին գրանցել է 6 միավոր:
8 տուրից հետո Աշոտ Անաստասյանը եգիպտացի Բասեմ Ամինի հետ 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Կարեն Ասրյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով եւ ուկրաինացի Վալերի Նեւերովի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: 9-րդ տուրում բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայ երկու գրոսմայստերների անձնական հանդիպումը, որի ելքը մեծապես կարող է ազդել մրցանակային տեղերի բաշխման վրա: Նույնը կարելի է ասել նաեւ Նեւերով-Ամին մրցախաղի մասին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ