Ջեկ Գեւորգյանը յուրայինների շրջանում շատ անմիջական էր եւ խորհուրդ է տվել պահպանել հայկական թերթերը
«Ազգը» հունիսի 2-ի համարում արդեն տեղեկացրել է իր ընթերցողներին, որ 1999 թվականից Միչիգանի նահանգային բանտում հայտնված, «Դոկտոր Մահ» մականվանն արժանացած էվթանազիայի հայազգի ջատագով Ջեկ Գեւորգյանն ազատ է արձակված:
Այժմ, ըստ «Արմինյն ուիքլի» շաբաթաթերթի հուլիսի 28-ի համարում տպագրված Բեթի Ափիկյան-Քեսելի հոդվածի, նրա ընկերական անմիջական շրջանակի Ռոյըլ Օուքում (Միչիգան) բնակվող 27 հայրենակիցներ հուլիսի 11-ին ռեստորաններից մեկում ողջույնի խնջույք էին կազմակերպել, որի ընթացքում նախկին սեբաստացիները, վանեցիներն ու առաջին սերնդի այլ վերապրողներ վերհիշել են անցած-գնացած օրերը: 79-ամյա Գեւորգյանն իր հարազատների շրջանում շատ բնական է պահել իրեն, առանց դառը զգացմունքների, երբեմն տարօրինակ, բայց միշտ «հետաքրքրական ու տաղանդավոր»: Այն հարցին, թե արդյոք միջնորդավորված ինքնասպանությամբ զբաղվելու իր որոշումը կապ ունեցե՞լ է 1915 թվի ցեղասպանության հետ, նա պատասխանել է. «Ոչ: Ինձ հաճախ են տվել այդ հարցը, բայց դա ոչ մի կապ չի ունեցել ցեղասպանության հետ»: Ապա հարց է տվել, թե քանի՞ հոգի է ներկաներից հայերեն թերթ կարդում, եւ երբ պարզել է, որ շատ քչերն են կարդում, ասել է. «Յուրաքանչյուր հայ ընտանիք առնվազն մեկ հայկական թերթի պետք է բաժանորդագրվի, որպեսզի պահպանենք մեր ազգային ինքնությունը: Միայն լեզուն կարող է մեզ փրկել: Ճիշտ վարվեք, մաքուր հայերեն խոսել սովորեք: Մեր թերթերը պետք է կանգուն մնան»:
Նա ափսոսացել է, որ նախկին տարրական եւ միջնակարգ դպրոցների փոխարեն վեր են խոյացել «ժամանակակից անճոռնիություններ»: Խոսել է այն խոչընդոտների մասին, որ կրոնն է պարտադրում մարդկանց: «Դուք պետք է իմանաք, որ ամեն ինչ կարող եք անել: Չպետք է վախենաք: Դա է կարեւորը», նշել է նա, ավելացնելով, որ այն ամենը, ինչ ինքը արել եւ անում է, «արդյունք է ինքնուսուցման»:
Խոսելով նախասիրությունների մասին նա ասել է, որ օպերաներ չի սիրում, հաց չի օգտագործում կամ շատ քիչ է օգտագործում: «Նաեւ չեմ սիրում սոուսներն ու սալաթների զարդարումը տարբեր տեսակի համեմունքներով:
Կերակրատեսակներն իրար չեմ խառնում, ուզում եմ ամեն մեկի համն զգալ», նշել է նա մեկ բաժին եւս վերցնելով տիկին Ալիս Մաշավյանի հատուկ իր համար պատրաստած «սարմայից»` տերեւի դոլմայից, որը նրա նախասիրած ուտեստն է եղել: Բանտում եղած ժամանակ նա գիրք է գրել, որը վերնագրել է «Իններորդ ուղղումը»: Կարելի է կարդալ ինտերնետային կայքում (www.glimmerIQs.com):
Ներկաներից Ռոզ Կերճեքյանը պարզաբանել է, թե ինչու բոլորը Գեւորգյանին «Ջո» են անվանում, Ջեկի փոխարեն: «Երբ նրա հայրը` պարոն Լեւոնը զանգահարում էր նրան, ասում էր «Ծո, ո՞ւր ես», իսկ օտար հարեւանները մտածում էին, թե ասում է «Ջո»: Այդպիսով Ջո անունը կպել է նրան: Գեւորգյանն էլ ներկաներին պատմել է, թե փոքր ժամանակ ընկերների հետ խաղացել է «պատերազմ-պատերազմ»: Նրանք ամենայն բծախնդրությամբ ռազմական քարտեզներ են գծագրել, համապատասխան դիրքեր որոշել երկու կողմերի համար: Բայց նա միշտ գերադասել է «հրամանատար» լինել:
Հետաքրքրական հուշերով լի հավաքույթի վերջում ներկաները շնորհակալական խոսքեր են հղել կազմակերպիչներին եւ խոստացել կապ պահպանել միմյանց հետ:
«Նա շատ անմիջական էր, պահպանել էր հումորը: Նրա սիրտն ու միտքը իրենց տեղում էին», եզրակացնում է հոդվածագիր Բեթի Ափիկյան-Քեսելին:
Թարգմ.` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ