Երեւանում սեպտեմբերի 2-5-ը տեղի կունենա միջնադարյան Աղվանքի պատմամշակութային ժառանգությանը նվիրված խոշոր միջազգային գիտաժողով: Ինչպես ասաց նախաձեռնող, ՀՀ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն, Աղվանքի ուսումնասիրությունը ե՛ւ գիտական, ե՛ւ քաղաքական խնդիր է: «Գաղտնիք չէ, որ հարեւան Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իրեն վերագրել այդ պետության մշակութային ժառանգությունը, որը, փաստորեն, ոտնձգություն է մեր ժողովրդի պատմության դեմ»,-նկատեց Ռ. Սաֆրաստյանը: Գիտաժողովին հրավիրվել են ճանաչված մասնագետներ` ֆրանսիացի հայագետներ Ժան Պիեռ Մահեն, Բեռնար Ռուդիեն, Կոնստանտին Ցիմերմանը, Վրաստանից հայտնի միջնադարագետ Զազա Ալեքսիձեն, մասնագետներ Դաղստանից, Ռուսաստանից: