«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2007-08-18 | #149, 2007-08-21 | #150, 2007-08-22


ՊԱՏԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ԱՄԵՆԱԹՈՒՅԼ» ԴԱՏԱՎՈՐԻՆ

Փաստաբանը Արդարադատության խորհրդի որոշումը ձեւական է համարում

ՀՀ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 11-ին քննել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին, ինչպես նաեւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի միջնորդությունը: Հիշյալ դատավորները քննել են զինծառայող Միշա Հարությունյանի գործը, որը դատապարտվել էր զինվորներից մեկին սպանելու մեղադրանքով: Ախ-ն որոշումով մերժել է քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի միջնորդությունը` բավարարվելով նրանց հարցը քննարկելով: Մ. Հարությունյանի պաշտպան Հայկ Ալումյանը խիստ զարմացած էր, որ ԱԽ-ն մերժել է քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի միջնորդությունը, նաեւ զարմացած էր, որ նախարարը պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չի ներկայացրել վճռաբեկ դատարանի կազմի վերաբերյալ:

Ախ-ն վարույթի քննարկման արդյունքում արձանագրել է. «ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փորձ է արել նվազեցնելու առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա խախտումները եւ այդ ապացույցները, որոնք ըստ առաջին ատյանի դատարանի` կիրառելի էին եւ կիրառելի էին արդարադատություն իրականացնելու նպատակով, փորձ է արվել հերքել վերաքննիչ դատավարության ընթացքում: Այսպիսով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնվել է այլ ապացույցների վրա, սակայն չի անդրադարձել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված գնահատականներին»:

Նախարարը ԱԽ-ին միջնորդել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ նախագահին, քանի որ նա թույլ է տվել ոչ միայն ՀՀ սահմանադրության, օրենքի եւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ, այլեւ «նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը եւ էական վնաս հասցրել ՀՀ հեղինակությանը եւ վարկանիշին»:

Խորհուրդը մերժել է նաեւ նախարարի այս առաջարկը գրելով, որ դատավճռում ամրագրված «Իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար» արտահայտությունով դատավոր Լեռնիկ Աթանյանը, փաստորեն, ընդունել է խոշտանգումներով ձեռք բերված ապացույցները եւ դրել մեղադրանքի հիմքում, դրանով իսկ ոչ միայն արդարացրել է նշված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները, այլեւ թույլ է տվել ինչպես ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, այնպես էլ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքների խախտումներ: ԱԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել նրան` մեկ տարի ժամկետով զրկելով աշխատավարձի 25 տոկոսից:

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով, դատավոր Լեռնիկ Աթանյանը իր արտահայտության համար, որը նրա բնութագրմամբ ինկվիզիցիայի տարիներից հետո աշխարհում չէր լսվել, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեր: Սակայն դատավորն այդ արտահայտությունը գրել էր 2002 թ. գարնանը, որից հետո ինքը երեք տարի անընդմեջ դիմել է իրավասու ատյաններին` Արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին, այդ արտահայտության համար դատավորին պատասխանատվության ենթարկելու համար: «Բոլորը մերժում էին կարգապահական վարույթ հարուցելու իմ դիմումները` պատասխանելով ոչ պակաս թեւավոր խոսք դարձած մեկ այլ արտահայտությամբ` «Արդարադատություն իրականացնելիս դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»: Եվ հիմա, երբ Եվրոպական դատարանը «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռում ամրագրեց, որ ակնհայտ անօրինական ձեւակերպում է եղել, հասկացան, որ դատավորին պետք է ենթարկել պատասխանատվության»: Փաստաբանի կարծիքով, սկսած ԱԽ-ի անդամներից եւ վերջացրած ԱՆ-ի ղեկավարությունով, կոլեկտիվ հեղինակային իրավունք ունեն Լեռնիկ Աթանյանի արած արտահայտության նկատմամբ, քանի որ ժամանակին նրան պատասխանատվության չենթարկելով իրենց վրա են վերցրել այդ արտահայտության բեռը:

Փաստաբան Ալումյանը նշեց, որ ճիշտ է, այդ արտահայտությունից բոլորն են ցնցվել, բայց չպետք է մոռանալ, որ դատավճիռը ուժի մեջ են թողել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Նա ընդգծեց, որ Եվրոպական դատարանի վճռում քննադատվում են ոչ այնքան առաջին ատյանի, որքան վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կայացրած դատական ակտերը եւ ամենեւին էլ չի շեշտադրվում առաջին ատյանի դատավճիռը: «Եվրոդատարանի կայացրած վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմնական խախտողը հենց վճռաբեկ դատարանն է եղել: Վճռում շեշտվում է, որ այդ ապացույցների հիման վրա են բոլոր ատյանները դատավճիռները կայացրել եւ այդ հիմքով էլ խախտումը ճանաչել են: Ընդ որում, Եվրոպական դատարանում քննարկման առարկան հենց դա էր` արդյոք վերադաս դատական ատյաններում դատավորները հիմնվե՞լ են անթույլատրելի ապացույցների վրա», հավելեց փաստաբանը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի կառավարությունն իր առարկությունների մեջ պնդել էր, որ միայն առաջին ատյանի դատարանն է որպես ապացույց կիրառել անթույլատրելի ցուցմունքները, իսկ Եվրոդատարանը համաձայնել է իր փաստարկներին, այն է` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն իրենց որոշումներում հիմնվել են խոշտանգումների ազդեցությամբ ձեռք բերված ապացույցների վրա:

Փաստաբանի կարծիքով, այս պարագայում սլաքն ուղղել առաջին ատյանի դատավորի վրա, նշանակում է ամենաթույլին ընտրել ու նրան պատժել մի արտահայտության համար, որին իրենք բոլորը համահեղինակ են: «Սա ընդամենը ձեւական բնույթ կրող կարգապահական տույժ է տպավորություն ստեղծելու համար, որ մեր պետությունը միջոցներ է ձեռնարկել օրինազանցներին պատժելու համար», ավելացրեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը հայտնեց, թե չի կիսում այն տեսակետը, որ ԱԽ-ի ներկայիս կազմը, որում գերակշռողը դատավորներն են, նպաստավոր է արդարադատության համար: Նրա ասելով, դատավորներն իրենք իրենց ապահովագրելու համար աշխատում են անտեսել գործընկերների սխալներըՙ մտածելով, որ վաղն այդ սխալն իրենք են կատարելու: «Երբ հարցը լիովին դատավորներին է թողնվում` դա չի կարող լուրջ համակարգ համարվել, եւ հիմա մենք քաղում ենք դրա պտուղները», հայտնեց պրն Ալումյանը նկատի ունենալով ԱԽ-ի վերը հիշատակված որոշումները: Վերջինիս կարծիքով, դեռ սկզբնական փուլում խորհուրդը ջանում է ցույց տալ, որ համակարգը աշխատում է, բայց կանցնի մի քանի տարի եւ պարզ կդառնա, թե ինչքան սխալ էր խորհուրդը միայն դատավորներով կազմավորելը:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4