Մի՞թե Ջավախքին, ի թիվս այլ խնդիրների, հիմա էլ տգիտությունը պիտի սպառնա
Վրաստանի 2268 դպրոցներում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 17-ին: Կավարտվի ուսումնական տարին միայն 2008 թվականի հունիսի 20-ին: Այս մասին օրերս տեղեկացրել է Վրաստանի կրթության նախարարությունը հավելելով, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը կորոշվի յուրաքանչյուր բուհում առանձին:
Կրթական, ուսումնական հարցերն այնքան մեծ կարեւորություն ունեն Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որ ռազմավարական նշանակության որակումներով ավելի ու ավելի հաճախ են դառնում դժգոհությունների ու բողոքի պատճառ, այլ ոչ առիթ:
Ջավախահայության խնդիրների մասին խոսելիս, ամենակարեւոր ու առաջնահերթ լուծում պահանջող հարց է հայոց լեզվի կարգավիճակը: Այդ համատեքստում առավել կարեւորվում է նաեւ կրթական օջախների դերակատարումն ու նշանակությունը: Սակայն դպրոցները Ջավախքում բազմաթիվ խնդիրներով են արդեն բնութագրվում, իսկ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները դեռեւս մնում են իրագործելի տարածաշրջանից դուրս եւ մեծապես հայաստանյան բուհերում:
Մի որոշ ժամանակ առաջ Վրաստանի նախագահի հայտարարությամբ ու նախաձեռնությամբ թբիլիսյան վրացական բուհերում բացվեցին նախապատրաստական կուրսեր վրացերենի յուրացման նպատակով, նաեւ հատկացվեցին որոշակի քանակությամբ տեղեր: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, ջավախեցիներից շատ քչերն արձագանքեցին այդ նախաձեռնությանը:
Թվում է, թե եզակի այդ հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցողների թիվը պիտի մեծ լիներ, բայց իրականում վրացերենի դասընթացներին մասնակցելն ավելի շուտ չի կարող բավարարել բուհ ընդունվելու համար վրացերենի իմացության անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ձեռքբերումը: Մյուս կողմից, մինչ իրազեկման բավարար մակարդակ կապահովվեր հենց նույն այդ դասընթացների գոյության մասին, արդեն իսկ դրանց գործադրման մի զգալի հատվածն անցել էր:
Ամեն դեպքում, Ջավախքի հայ երիտասարդները ոչ միայն օբյեկտիվորեն չեն կարողանում օգտվել այդ դասընթացներից: Կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես գաղտնիք չէ, որ Ջավախքում սոցիալ-տնտեսական պայմանները բնավ էլ այնպիսի մակարդակում չեն, որ հնարավորություն տան ջավախահայությանը ուսանող պահելու մայրաքաղաք Թբիլիսիում:
Այս տրամաբանությամբ էլ հարց առաջ քաշվեց հենց տարածաշրջանում համալսարան ունենալու, որի անհաջող փորձը Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղն էր, որ անարդյունավետության տրամաբանությամբ ուղղակի ինչպես բացվեց, այդպես էլ փակվեց: Որոշ տեղեկությունների համաձայն, նախաձեռնվեց Ախալքալաքում հայկական համալսարան ունենալու գաղափարը, քանի որ, այսպես, թե այնպես, ջավախահայությունը նախընտրում է բարձրագույն կրթություն ստանալ հայաստանյան բուհերում:
Բայց նոր համալսարան բացելու ջատագովների եռանդը սառեցրեց Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Լոմայան` հայտարարելով, որ Ախալքալաքում հայկական համալսարանի բացում չի ծրագրվում: Նախարարի համոզմամբ, «կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Վրաստանի էթնիկ հայ քաղաքացիները իրենց կրթական պահանջները բավարարեն Վրաստանի համալսարաններում»:
«Ազգի» տեղեկություններով, Ախալքալաքում հայկական համալսարան բացելու գաղափարին աջակցում էին բավականին հնարավորությունների տիրապետող ջավախեցիներ: Այսինքն` ցանկության դեպքում ի հայտ էին եկել ռեսուրսներ այդ գաղափարն իրագործելու համար: Բայց, օրինակ, նույն այդ գործարարական մոտեցումների դեպքում թբիլիսյան համալսարաններում հայ ուսանողների ուսմանն աջակցելու մասին կարծես չեն մտածում:
Ի վերջո, ինտեգրում ասվածն ավելի հեշտ եւ արդյունավետ կլինի իրականացնել հենց ուսանողության համար, որ կարող է ուսանել Թբիլիսիում, եւ այդուհետեւ վրացական իշխանություններին չի մնա որեւէ հնարավորություն լեզվի չիմացության պատճառաբանությամբ հայ պաշտոնյաներին չեզոքացնելու քաղաքականություն իրագործելիս: Բացի այդ, բավականին երկար ժամանակ դասական մեկուսացման պայմաններում արած ջավախահայությունը կարող է ներկայություն ունենալ Թբիլիսիում, երիտասարդությունը կարող է մասնակցություն ունենալ այն բոլոր գործընթացներում, որ տեղի են ունենում Վրաստանի մայրաքաղաքում: Ավելին, Թբիլիսիում ուսանելուց հետո Ջավախք վերադարձողներին այլեւս չեն կարող ուղղակի եւ չհիմնավորված կերպով հեռու պահել տարածաշրջանի կառավարումից:
Իսկ քանի դեռ ոչ մի պայման չի բարեփոխվել Ջավախքում, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն անգամ, որ պիտի արդեն սկսված լիներ, դեռ դանդաղում է այդ տարածաշրջանում, դեռ խորհրդային տարիներից չվերանորոգված ճանապարհներով հայաբնակ այս շրջանը մեծագույն խնդիր ունի ինտեգրվելու վրաց հասարակությանը: Եվ պետք է լինել իրատես` հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու առնչությամբ:
Չնայած Վրաստանը վավերացրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթեր, սակայն արվել է մի շատ կարեւոր վերապահում ի թիվս մյուսների. որեւէ բան չի փոխվի, քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, քանի դեռ լուծված չեն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հիմնախնդիրները: Այսինքն` գործնականում սա նշանակում է, որ լեզվի հարցը դեռ մի երկար ժամանակ էլ չի լուծվի` անկախ որեւէ պահանջից: Իհարկե, փոփոխություն կարող է լինել, միայն եթե որեւէ կերպ վիճարկվեն Վրաստանի խորհրդարանի արած այդ վերապահումները, բայց դրանով կարծես զբաղվողներ չկան:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ