Միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ շատ է սիրում
Երկակի ստանդարտների կիրառությունը համաշխարհային պրակտիկայում երբեք անհնարինության շարքից չի եղել ու կարծես դեռ մի հավերժություն էլ կունենա իր կիրառության ոչ հազվադեպ պատահող օրինակները: Աշխարհում արվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքում են` մեծապես կարեւորելով, թե հատկապես որ պետության որ ղեկավարն է նման խոսքեր «շռայլում»: Ավելին, խաղաղասիրական հակազդեցություն է ի հայտ գալիս` ելնելով նաեւ այն հանգամանքից, թե հատկապես ում դեմ են հնչում սպառնալիքներն ու ում քթի մոտ են թափ տալիս «նավթոտ» բռունցքները:
«Ադրբեջանական բանակը օրեցօր ամրանում է ու պատրաստ է ազատելու Հայաստանի զինված ուժերի օկուպացիայի տակ գտնվող հողերը», երեկ սեփական երկրի բնակչության առաջ հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել Ադրբեջանի առաջնորդը: Ձեռի հետ Ալիեւ կրտսերը նշել է, թե Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, չմոռանալով եւս մեկ անգամ հիշեցնել ռազմական բյուջեի մեծացման ու «Ադրբեջանի վրա այսօր հարձակվելու» անհավատալիության մասին:
Նախ, կրկին մոռանալով, թե ով է վերահսկում ղարաբաղյան գոտում հարակից տարածքները, Ալիեւն էլի խոսում է պատերազմի հավանականության մասին, իսկ եվրոպական կառույցները լուռ են, ինչպես միշտ, ավելին, համրացած են: Ի վերջո, մի՞թե չկա մի կառույց, մի երկիր, որ Ալիեւ կրտսերի ախորժակին «քացախ» կասի: Մինչդեռ նույն մեր տարածաշրջանում հնչած ոչ խաղաղ հայտարարությունն էր, որ հիմք դարձավ նշանակալի պատժամիջոցների կիրառման` անգամ ամերիկյան օրենսդրական ձեւակերպումներով:
Եվ շատ հետաքրքրական է, թե ինչու ալիեւյան մեծախոսությանը վերջ չեն դնում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք, ի դեպ, սեպտեմբերի 3-4-ը Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` պարզելու, թե արտգործնախարարների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն կա՞: Ընդ որում, իր թուրք հարսնացուի հետ հարսանեկան միջոցառումների մեջ գտնվող ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպման արդյունքներին կտեղեկանա ավելի ուշ, քանի որ մասնակից չի լինի համանախագահների ու Մամեդյարովի հանդիպմանը: Այս խորհրդակցությունը կարեւորվում է նրանով, որ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել սեպտեմբերի կեսերին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ