«168 ժամ» թերթի «Տեղաշարժեր հռուստաընկերությունում» հոդվածին ի պատասխան երեկ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հանրային հեռուստատեսությունում եւ Հանրային ռադիոյում էական կադրային փոփոխություններ չեն լինի: Մասնավորապես Արմեն Արզումանյանի, Արմեն Ամիրյանի եւ Հարություն Հարությունյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ նման փոփոխություններ չեն նախատեսվում: ՀՀՌԸ խորհրդի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ նոր եթերաշրջանում սպասվող ծրագրային փոփոխությունների ու նոր հաղորդաշարերի մասին սեպտեմբերի 3-ին, 10-ին եւ 17-ին նախատեսված են Արմեն Ամիրյանի, Արմեն Արզումանյանի եւ ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի մամուլի ասուլիսները»:
Տվյալ հաղորդագրությունից այնուամենայնիվ պարզ չի դառնում, թե ինչու են տվյալ ընկերության ղեկավարները մի քանի ասուլիս տալու, եւ արդյոք նրանք պատրաստվո՞ւմ են այդ ասուլիսներին միասնաբար հանդես գալ, թե 3 ասուլիսը նախատեսված է երեք տարբեր ղեկավարների առանձին, առանձին ելույթների համար: Կարող ենք միայն նկատել, որ մեկ հոդվածի դեմ 3 ասուլիսներով պատասխանելը նորամուծություն է հայ, եւ ոչ միայն, լրատվական դաշտի համար: