Երթ` Երեւանի կենտրոնում
1887 թվականին Ժնեւում, 7 ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ կազմավորվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ): Հիմնադիրներից էին Մարո եւ Ավետիս Նազարբեկյանները, Ռուբեն Խանազատը եւ ուրիշներ, նպատակն էրՙ հայ ժողովրդին ազատել օսմանյան կայսրությունից եւ ունենալ ազատ, անկախ Հայաստան: Հալեպից Համահայկական խաղերին ՀՄՄ-ից 80 մարզիկներ են ժամանել եւ օգտվելով այդ առիթից, երեկ նրանք միացել էին ՀՀ-ում գործող հնչակյաններին ու Հանրապետության հրապարակից կարմիր դրոշներով, թմբուկներով, շեփորներով ու ազգային երգեր երգելով սկսեցին տոնական երթը մինչեւ օպերային հարող հրապարակ, որտեղ նախատեսել էին իրենց ուժերով համերգ տալ: Սակայն հենց Հանրապետության հրապարակում Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Տարոն Բաղդասարյանը ստուգեց երթի թույլտվությունը եւ նախազգուշացրեց, որ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում երթը պետք է ավարտվի, քանի որ համերգի համար թույլտվություն չի տրվել նրանց: Ոստիկանների ուղեկցությամբ երթը կայացավ ու շեփորների զիլ կանչով, թմբուկների զարկերով ազդարարվեց փակված:
ՍԴՀԿ-ի Հալեպի ՀՄՄ (հայ մարմնամարզական միություն) ատենապետ Վազգեն Մեսրոպյանը նշեց. «Այս տարին հոբելյանական է եւ սփյուռքի բոլոր գաղթօջախներում նշվելու է 120-ամյակը, իսկ նոյեմբերի վերջին մեծ շուքով կտոնենք Երեւանում»:
Մինչ երթը ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գեւորգյանից տեղեկացանք, որ Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակներ են դրել ու ազգային երգերով հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Հալեպի ՀՄՄ-ի ատենապետից փորձեցի տեղեկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ սփյուռքում ավանդական երեք կուսակցությունները լավ չեն համագործակցում միմյանց հետ: «Տարբերությունը եւ իրարից զատ գործելը միայն քաղաքական տեսակետների տարաձայնությունն ու տարբերությունն է հատկապես ՀՅԴ-ի պարագայում: Սակայն ամեն կերպ ջանում ենք, որ միասնական լինենք: Համահայկական խաղերի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի ժամանակ միշտ մենք համախմբվում ենք, քանի որ բոլորիս նպատակը մեկն է` ազատ, անկախ Հայաստանը ամուր հիմքերի վրա պահել», ասաց պրն Մեսրոպյանը եւ 120 երիտասարդներին նշան արեց երթն սկսել :
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ