Օգոստոսի 23-ի ժամը 18.00-ի սահմաններում Երեւանի Շիրազի փողոցի 20 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել: Բնակարանի ճակատային մասի պատուհանները, պատերը եւ միջնապատերը ամբողջովին փլվել են: Վնասվել են նաեւ հարակից բնակարանները: Ինչպես տեղեկացրեցին փրկարար ծառայության աշխատակիցները, Աջափնյակի թաղապետարանի աջակցությամբ շենքի բնակիչները տարհանվել են եւ արդեն այսօրվանից համապատասխան չափումներ եւ ստուգումներ կանցկացվեն սեյսմոլոգների կողմից որոշելու շենքի վնասման աստիճանը եւ արդյոք հնարավոր է հետագա շահագործումը: Պայթյունի հետեւանքով զոհվել է 1 տղամարդ, որի անձը դեռ պարզ չէ, երեք մարդ վիրավորվել է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մինչեւ ուշ գիշեր լրացուցիչ ուժեր են աշխատել դեպքի վայրում եւ մանրամասնորեն ստուգվել են հնարավոր հետագա վտանգների աղբյուրները: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ