«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ

«... Նկարչուհու պատկերներն առանց ճիգի հաղորդակցվում են դիտողի հետ, ստեղծելով նրա ոգու արձագանքող գեղանկարչական մթնոլորտ»:

Շահեն Խաչատրյան

Ծանոթությունս Ասիլվա նկարչուհու հետ եղավ Հայաստանի նկարիչների միությունում պատրաստվող ցուցահանդեսի ժամանակ: Այնուհետեւ հաջորդ տարիՙ 2005 թվականին «Ագանատ» թանգարանի սրահում նորից հանդիպեցի նկարչուհուն. այս նրա հայաստանյան երկրորդ ցուցահանդեսն էր:

Սակայն իմ հանդիպումը Ասիլվայի հետ տեղի ունեցավ Փարիզում, իր բնակարանում: Այն ավելի շատ արվեստանոցի էր նման, քան բնակարանի, որ լեցուն էր թե՛ հին եւ թե՛ նոր նկարներով, գունային ներդաշնակության հետ միաժամանակ խորը փիլիսոփայական, իմաստավորված, երբեմն մթնշաղից ելնող դիմանկարներով, երբեմն էլ գունեղ ժամանակակից գեղանկարներով:

- Ասիլվա, սիրելիս, տեսնելով ձեր ստեղծագործությունները, ակամա ուզում եմ հարցնելՙ ի՞նչ է նկարչությունը ձեզ համար, ինչպե՞ս դարձաք նկարիչ:

- Իմ նկարիչ դառնալու պատմությունը հեռվեն կու գա. շատ աշխույժ երեխա եղած եմ. մայրս զիս հանդարտեցնելու համար հաճախակի թուղթ մը եւ մատիտ մը առնելով, կլոր մը գծելով, տակն ալ երկու ոտք դնելով տվեր է ինծի: Ես ճիշտ նույնությամբ ընդօրինակած եմ եւ զարմացուցած ծնողներս: Սակայն մանկության տարիներու նկարներս չեն պահված, որովհետեւ ծնողքս ոչ մեկ կարեւորություն տված են անոնց:

Բայց երբ հասակ առի, ըսի, որ կուզեմ Beaux-Arts (գեղարվեստի դպրոց) երթալ: Մեծ խնդիր եղավ իմ ցանկությունս. ինծի արգիլվեցավ այդ մասին խոսիլ նույնիսկ: Ավելի կարեւոր էր մեր ընտանիքի նիստ ու կացը, հանգիստը, մտածելակերպը: Ինծի արգիլվեցաւ նկարչությամբ զբաղիլ:

- Ովքե՞ր են եղել ձեր ծնողները:

- Մայրս բնիկ պոլսեցի է, հայրսՙ էդիրնեցի: Եղեռնէն մազապուրծ հայրսՙ Մկրտիչ Ավետիսյանը, լեզուներ գիտնալու շնորհիվ փրկված էՙ թարգմանությամբ զբաղվելով:

Այդ շրջանին պոլսահայությունն այն մտայնությունն ուներ, որ աղջիկը պետք չէ նման հաստատութենե մը ներս կրթություն ստանա: Ես որոշեցի Փարիզ երթալ. հոն սակայն այդ որոշումն ալ չիրականացավ: Կրթությունս շարունակեցի Պոլսո մեջՙ ավարտելով քոլեջը: Միակ հույսս ամուսնությունն էր, որուն օգնությամբ կրնայի գեղեցիկ արվեստներու (գեղարվեստի) դպրոց երթալ:

Երիտասարդը, որ դիմացս ելավ, բավական պատրաստված եւ զարգացած մեկն էր: Ես բացե ի բաց հայտարարեցի, որ ամուսնանալու բուն պատճառս Beaux-Arts ընդունվիլը եւ ուսումս շարունակելն էր: Ամուսինս համաձայնեցավ: Ավարտելով քոլեջըՙ դիպլոմս առի եւ այն ատեն է որ Beaux-Arts գեղարվեստի դպրոցը դարձավ համալսարանս: Երեք տարի ուսանելե ետք վերջապես հաջողեցա Beaux-Arts մտնելու: Մենք երջանիկ էինք. ես կրցա պաշտպանել դոկտորայի թեզս, որ ամբողջությամբ հիմնված է մաթեմատիկական հաշվարկներու վրաՙ թե ինչպես աշխատված են եգիպտական բուրգերը:

- Ասիլվայի գործերում դիտողին կաշառողն արդիական, ազատ շնչող ձեւերն են, կառույցն ու գունային ներդաշնակ հնչողությունը: Ներքուստ տեսնված կոմպոզիցիաները լիովին ի հայտ են բերում պարզությամբ, մեղմությամբ ու ազնվությամբ տոգորուն նկարչուհու ներաշխարհը,- գրում է արվեստաբանը:

- Գտածս ատենս ներդաշնակություն եւ համաչափություն կփնտրեմ, եթե գտա, այն ատեն նայողին ալ կը փոխանցվի այդ ներդաշնակությունը, ուրեմն նկարս հաջողած է: Երբեմն ձեռքը վրձին առնողը «նկարիչ եմ» կըսե, մեջտեղ կելլե, եթե ծանոթներ ունի ցուցահանդես ալ կընե եւ մամուլի մեջ ալ կխոսվի իր մասին: Իմ դասախոսություններուս ատեն հաճախ կանդրադառնամ այս նյութին:

Եթե իմ աշխատանքներս տեսնողները հաճույք կզգան, կնշանակե թե իրենց մեջ ինքզինքը զգալ կուտա նկարիչ խորհուրդը, համաչափությունը ներդաշնակ է:

Եթե որեւէ թանգարան կուզե զայն ցուցադրել, ես համաձայն կըլլամ: Սակայն միակ ցանկությունս ցուցադրվիլը կամ իմ աշխատանքներս ներկայացնելը չէ:

- Ասիլվա, որքանով տեղյակ եմ, ձեր ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի շատ երկրների ցուցասրահներում: Ձեր աշխատանքները ներկայացվել են թե՛ հեռուստաէկրաններում եւ թե՛ մամուլում:

- Առաջին քաղաքը, ուր ցուցադրված են նկարներս Պոլիսն էՙ ծննդավայրս, այնուհետեւՙ Իտալիա, Զվիցերիա, Սպանիա, Բելջիքա, ԱՄՆ, Չինաստան, Մալեզիա, Ճափոն, Հայաստան երկու անգամՙ 2004 եւ 2005 թվականներուն: Մենք 16 երկիրներէ նկարիչներով միություն մը ստեղծած ենք, որուն շնորհիվ ցուցահանդեսներ կկազմակերպենք աշխարհի տարբեր երկիրներուն մեջ:

- Կարո՞ղ եք մտաբերել որեւէ հետաքրքրական միջադեպՙ կապված ձեր աշխատանքների ցուցադրման ժամանակ կամ ինչպիսի՞ ընդունելության եք արժանացել:

- Դժվար հարց է. ամեն տեղ շատ լավ ընդունած են, ոչ մեկ խնդիր ունեցած եմ. փոքրիկ միջադեպեր եղած են, երբեմն հուսահատական վայրկյաններ ապրած եմ, սակայն երբեք չեմ վհատված:

Մեկ միջադեպի մասին պատմեմ, եթե կուզեք, որ տեղի ունեցավ Ֆրանսայի Ավինյոն քաղաքին մէջ: Հիանալի ցուցահանդես էր, մանավանդ որ դիմացի ցուցասրահին մեջ Պիկասոն կմեծարվեր: Բավական հոգնածՙ նստած էի ցուցասրահին մեկ անկյունըՙ հանգստանալու համար: Այցելուներուն մեջ նկատեցի պարմանիի մը հետ եկած տարիքոտ տիկին մը: Դուրս եկած ատենը տարիքոտ կինը կատալոգ մը գնեց: Տղան, որ 15-16 տարեկան էր երեւի, ինքն ալ ուզեց կատալոգ մը ունենալ, սակայն մեծ մայրը մերժեց եւ չգնեց երկրորդ կատալոգը: Ես հեռվեն տեսա այս ամենը, մոտեցա, կատալոգ մը առի եւ պարզեցի պատանիինՙ ըսելով, որ նկարչուհին ես եմ, կուզեմ կատալոգ մը նվիրել իրեն. անունը հարցուցի: Տղան շատ հուզվեցավ, նայեցավ ինծի, եւ ըսաւ. «Գիտե՞ք ինչու ուզեցի կատալոգն ունենալ»: Պատասխանեցի, որ, անշուշտ, չէի գիտեր: «Ցուցասրահ չմտած որոշած էի ինքզինքս մեռցնել այս գիշեր: Ձեր նկարները երբ տեսա, ինծի տեսա, ինծի կյանք տվին, ուզեցի կատալոգն ունենալՙ այս գիշեր տոկալու համար ինքզինքս մեռցնելու այս փափագին»: «Կրնա՞ս պատմածդ տետրակին մեջ գրել», հարցուցի իրեն: «Կգրեմ», ըսավ եւ գրեց ցուցահանդեսի հուշերու տետրակին մեջ: Այդ վայրկյանին խորհեցա, որ մեկ հոգիի կրցա ազատել... Մոռցա հոգնությունս, հոգսերս, եւ որոշեցի շարունակել ցուցադրություններն ամենատարբեր թանգարաններեն եւ ցուցասրահներեն ներս: Ասանկ միջադեպեր միշտ եղած են, բոլորին մասին կարելի չէ պատմել:

Ինծի համար ամենակարեւոր ցուցահանդեսը Հայաստանինն էր, քանի որ առաջին անգամն էր, որ Հայաստան հրավիրված էի: Մեծ ուրախություն էր. վերջապես կրցա նկարներս հայրենիքիս մեջ ցուցադրել: Ցուցահանդեսներում ընթացքին առիթ ունեցա ծանոթանալու հետաքրքրական մարդոց: Երբեմն ալ ծանոթությունները կշարունակվինՙ բարեկամության վերածվելով: Այդպես պատահեցավ Երեւանի մեջ: Այժմ շատ բարեկամներ ունիմ Հայաստանի մեջ, եւ իմ այցելությունները հայրենիք սովորական դարձած են ինծի համար:

- Ձեր ընտանիքում ուրիշ նկարիչներ չկա՞ն:

- Ո՛չ, չկան. աղջիկս բժիշկ է, տղասՙ փաստաբան, թոռնիկսՙ երաժիշտ:

- Ե՞րբ եք նորից այցելելու Հայաստան:

- Երկու-երեք ամիս հետո Հայաստան կ՛ըլլամ: Անցեալ այցելությանս ատեն գնացի Ղարաբաղ, այցելեցի կորսված, փոքրիկ գյուղերը, ապրեցա իրենց կյանքով: Այնքա՜ն գոհ եմ այս պտույտեն:

Հարցազրույցըՙ ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆԻ, Փարիզ, մարտ 2007 թ.

Խմբ. կողմից.- Ասիլվայի երեւանյան ցուցահանդեսը տեղի է ունենալու առաջիկա սեպտեմբերի 7-8-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4