«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2007-08-22 | #151, 2007-08-23 | #152, 2007-08-24


ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏՆԵՐՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ՎԱՐՊԵՏ ԽԱՂՈՎ

Համահայկական 4-րդ խաղերում հայտնի դարձան բադմինտոնի մենախաղերի հաղթողները: Հատկապես համառ մրցապայքար ծավալվեց տղամարդկանց մենախաղի եզրափակիչում, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկեցին երեւանցի Հայկ Միսակյանը եւ բուլղարացի, Հասկովո քաղաքի ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը: Մեծ ջանքերի գնով Հայկին հաջողվեց երկու խաղափուլն էլ շահել (22-20, 21-18) եւ դառնալ Համահայկական 4-րդ խաղերի չեմպիոն: 3-րդ տեղը զբաղեցրեց երեւանցի Սպարտակ Ռսյանը, որը պարտության մատնեց իր համաքաղաքացի Հարություն Պողոսյանին` 2-0:

Կանանց մենախաղում երեւանցի Աննա Նազարյանը 2 խաղափուլում (21-9, 21-14) առավելության հասավ նախկին երեւանցի, ներկայումս Կիեւում բնակվող Ռուզաննա Հակոբյանի նկատմամբ: Բրոնզե մրցանակակիր դարձավ Սոֆիայի մարզուհի Մարիամ Համբարձումյանը, որը 2-1 հաշվով հաղթեց երեւանցի Լաուրա Սամվելյանին: Մրցանակակիրների պարգեւատրությունը կատարեցին օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Արտյոմ Նազարյանը: Ի դեպ, չեմպիոնուհին` Աննան, վերջինիս դուստրն է:

Մրցումների ավարտից հետո խնդրեցինք մրցաշարի մասին իր տպավորությունները կիսել բադմինտոնի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ, բուլղարահայ Բյուզանդ Ղասաբյանին:

- Բադմինտոնը 2-րդ անգամ է ընդգրկվում Համահայկական խաղերի ծրագրում: Մրցումները ցույց տվեցին, որ մարզաձեւը Հայաստանում զարգացում է ապրում, որի համար շատ ուրախ եմ: Կան բավական լավ աղջիկներ ու տղաներ, որ սիրով զբաղվում են բադմինտոնով:

Բադմինտոնիստները բավական լավ խաղամակարդակ ցույց տվեցին մրցումներում: Նախորդ խաղերի համեմատ բավական աճել է բադմինտոնից մասնակից քաղաքների թիվը, ինչը վկայում է, որ աշխարհի հայության մեջ բադմինտոնը գնալով մեծ տարածում է գտնում: Այսօր 163 երկրներ են անդամակցում մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:

Այժմ աշխարհում ստեղծվել է բադմինտոնի համաշխարհային 3 կենտրոն: Չինաստանից ու Գերմանիայից հետո նման կենտրոն է հիմնվել նաեւ Սոֆիայում: Այստեղ մենք հայ մարզիկների ու մարզիչների համար կազմակերպել ենք սեմինար պարապմունքներ, մարզումներ, ինչը զգալի օգնություն է նրանց: Մտադիր ենք 2008 թ. Երեւանում միջազգային մրցաշար կազմակերպել մի քանի երկրների մարզիկների մասնակցությամբ: Նաեւ միջազգային ֆեդերացիան մտադիր է մարզագույքով օգնել Հայաստանի մարզիկներին: Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչ Պողոսյանի հետ համագործակցության, փոխօգնության ծրագրեր ենք մշակել, ինչը կնպաստի մարզաձեւի զարգացմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4