«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2007-08-24 | #153, 2007-08-25 | #154, 2007-08-28


ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՀՀԿ-Ն ՎԵՐՍՏԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԿԱՆՆԵՐԸ

Երբ ԶԼՄ-ները խոսում էին թիվ 15 ընտրատարածքում կրկնական ընտրությունների վրա հարկատուների հաշվին եւս 22 մլն դրամ հավելյալ ծախսի մասին` բյուջեից կախված հասարակության շահերից ելնելով, ճիշտ էին անում: Սակայն ի՞նչ է 22 մլն դրամը իշխող քաղաքական ուժի վերստին հաղթանակի համեմատությամբ, նախագահական ընտրություններին մոտեցող ժամանակի մեջ եւ խորհրդարանական ընտրություններից երեքուկես ամիս անց վերստին ՀՀԿ-ի ինքնահաստատման հանդեպ, քանի որ Թալինի թիվ 15 ընտրատարածքի ընտրությունները մկանների ցուցադրման լրացուցիչ առիթ էին ՀՀԿ-ի համար: Ընդ որում` ձայների բաշխման թվացույցը եւս պատահական չէ, անկախ նրանիցՙ այդպիսի պատկեր ստանալու համար նախապես էին աշխատե՞լ, վարչական ռեսուրսո՞վ, ընտրակաշառքո՞վ, թե՞ առանց դրանց. կարելի է ասել, որ Խաչիկ Մանուկյանի հաղթանակը, ճիշտ որ, իր իսկ խոսքով, ոչ միայն իրենն է, այլեւ ողջ Հանրապետականինը, եւ բոլորին իրենց տեղը ցույց տալու թափանցիկ ակնարկ: Նախ` ԲՀԿ-ին, որի հովանավորյալ Մնացական Մնացականյանին մի ինչ-որ 160 ձայնով հաղթելը «պալոժ» չէր Հանրապետականի համար` ԲՀԿ-ականները կարող էին մտածել, թե հաղթանակն իրենք նվիրեցին ՀՀԿ-ին: Իսկ հիմա` խնդրեմ, այնպես է, ինչպես որ պետք է լինի, եւ դա նախագահական ընտրություններին էլ է ուղերձ պարունակում.16 հազար ձայնից ավելի ՀՀԿ-ին, 10 հազար ձայնից ավելի ԲՀԿ-ին (նրա հովանավորյալն էր Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը), 7 հազար ձայնից մի փոքր ավելի ՀՅԴ-ին, եւ միայն հազար ձայնից մի փոքր ավելի «Ժառանգությանը»` թե ա՛յս են ձեր ձայները, էլ մի խոսեք:

Այնպես որ` մեծամասնաբար ՀՀԿ-ական հայրենի կառավարության համար կրկնակի ծախսն այս ընտրատարածքում տասնյակ անգամ ավելի գործնական նշանակություն ունի, եւ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի հաղթանակը հեռուն նայող ակնարկ է: Իսկ «Ժառանգությունն» ասում է, ոչ միայն ասում, այլեւ պաշտոնապես հայտարարում է իր մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի բերանով, «բոլոր իշխանական կողմնակիցները թիվ 15 ընտրատարածքում կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում կաշառել են ընտրողներին», ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարում է ամենատարբեր իրավախախտումների եւ իշխանական լծակների չարաշահումների մասին, սա բոլորիս համար ենթադրելի է, բայց արդեն ապացուցելու խնդիր: Եվ նույնիսկ ապացուցելը բնավ չի նշանակի, որ մինչեւ 20 հազար դրամ կաշառված մեր թալինցի ընտրողը կաշառքը չվերցնելու դեպքում հենց Րաֆֆի Հովհաննիսյանին էր ընտրելու. Րաֆֆին, մեր մեջ ասած, բոլորովին այլ ընտրագոտի էր ընկել, որտեղ զանազան ռեսուրսների հետ (ընտրակաշառք, վարչական ռեսուրս, իշխող կուսակցությունից քաշվելու հանգամանք) գումարվել էր հայրենակցական ռեսուրսը. բոլոր դեպքերում թալինցիների մեծ մասը իրենց հայրենակից երկու հիմնական ֆավորիտներին էր գերադասելու, իսկ Րաֆֆուն տրված հազար ձայնը համամասնական կարգի դեպքում է աշխատում միայն ու ողջ երկրի տարածքով ընդդիմադիր զանգվածի միագումարի ձեւաչափով: Այնպես որ հենց սկզբից պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվում էր` մեծամասնական կարգով պայքարի մեջ մտնելով փողի, վարչական ռեսուրսի եւ տեղական հայրենասիրության հետ: Մնացյալն ավել-պակասի խնդիր է` անկախ շարժառիթներից, մի հազար ձայն ավել-մի հազար ձայն պակաս: Իսկ եթե ականջալուր լինենք ընդդիմության այն հատվածի ալիշ-վերիշներին, թե «Ժառանգությանն» իշխանությունը «պռախոդ» է տվել դեպի խորհրդարան, կարելի է առհասարակ «ընտրություն» բառը որպես բազմիմաստ կամ անիմաստ բառ օգտագործել հայերենում:

Բոլոր դեպքերում Հանրապետականն այս ընտրություններով հաջողված զինավարժություններ իրականացրեց` կասկածողներին ցույց տալով նախագահական ընտրություններին իր նախատրամադրվածության լրջության աստիճանը` ոչ ոքի ոչ մի զիջում:

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4