Ուջանի ընտրատեղամասում ընդհարում է եղել
Թալինի թ. 15 ընտրատարածքում կիրակի անցկացված ընտրությունները, «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության (ՀԿ) գնահատմամբ, անցել է համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտում: Երեկ ժուռնալիստների միությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Թալինի ընտրություններն այսպես գնահատեցին կազմակերպության նախագահն ու ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ թիվ 15 ընտրատարածքում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել էր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործարար Խաչիկ Մանուկյանը, որը սակայն հրաժարվել էր պատգամավորական մանդատից` պատճառաբանելով, թե իր ընտրվելու վերաբերյալ խոսակցությունները շատ են: Իսկ նոր նշանակված ընտրություններին մասնակցել են 6 թեկնածուներ` ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Մնացականյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Գուրգեն Շահինյանը եւ երկու անկուսակցականներ` Էմին Կարապետյանն ու Վահագն Պետրոսյանը:
Նախնական տեղեկություններով, Թալինի թիվ 15 ընտրատարածքում անցկացված ընտրություններում 16120 ձայնով կրկին հաղթող է ճանաչվել մայիսի 12-ին ընտրված թեկնածուն` ՀՀԿ անդամ, գործարար Խաչիկ Մանուկյանը: ՀՅԴ-ական Գուրգեն Շահինյանի օգտին քվեարկել է 7248 մարդ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 1220 մարդ, Թալինի քաղաքապետի օգտին` 1067 մարդ, անկուսակցականներ Վահագն Պետրոսյանի օգտին 96, Էմին Կարապետյանի օգտին` 518 մարդ: Հիշյալ ընտրատարածքում 60138 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 36394-ը, որոնց ձայների բաշխվածությունն էլ արդեն ներկայացրինք:
«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը սկզբում հայտարարեց, որ ընտրություններն անցել են համեմատաբար խաղաղ եւ հավասարակշռված պայմաններում, հետո էլ թվեց իրենց արձանագրած խախտումները: Հասարակական կազմակերպության նախագահի ներկայացմամբ, 84 ընտրատեղամասերում մեկ կամ երկուական դիտորդներով իրենք հետեւել են միայն ընտրությանը եւ ոչ քարոզչությանը: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը արձանագրել է հետեւյալ խախտումները`անօրինական քարոզչության, ընտրողների կամարտահայտման վրա անօրինական կերպով ներազդելու դեպքեր, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, ընտրակարգի խախտումներ, անօրինական քվեարկության, վստահված անձանց իրավունքների չարաշահման դեպքեր, տեղամասային անհարմարությունները, ինչպես նաեւ ընտրողների կուտակումներն ու արհեստականորեն ստեղծված հերթեր:
«Ազգի» հարցին, թե այդքան խախտումներ արձանագրելուց հետո ինչպե՞ս կարելի է ընտրությունները որակել խաղաղ եւ հավասարակշռված, Հարություն Համբարձումյանը պատասխանեց, որ ինչպես մայիսի 12-ի, այնպես էլ այս ընտրությունները նախորդներից «մեկ քայլ առաջ են», բացի այդ, «ինչ արել են, քարոզարշավի ժամանակ են արել, մինչեւ ընտրությունները»: ՀԿ-ի նախագահը մի ուշագրավ հայտարարություն էլ արեց` ըստ որի «Մենք շատ աշխատանք ունենք ընտրողների հետ իրականացնելու, որոնք վախենում են կաշառք տվողի օգտին չքվեարկելուց` մտածելով, որ կաշառք տվողը կկարողանա պարզել դա»: ՀԿ նախագահն ու փոխտնօրեն Խաչիկ Ոսկանյանը նշեցին, որ այդպիսի վերահսկման մեխանիզմ չկա եւ, որ մոտավորապես այսպես կարելի է մեկից կաշառք վերցնել, մեկ ուրիշի օգտին քվեարկել: Ինչեւէ, ՀԿ-ն կատարել է իր աշխատանքը` դիտարկելով ընտրության օրը:
ՀԿ ներկայացուցիչները տեղեկացրին, որ երեկ ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակից թեկնածուներից որեւէ մեկը բողոքով հանդես չի եկել: Եվ չնայած «սահուն» անցկացված ընտրությանը, նախօրեին Ուջանում այնուամենայնիվ ընդհարում եղել է: Դաշնակցական թեկնածու Շահինյան Գուրգենի կողմնակիցների եւ ՀԿ-ի դիտորդի, ընտրատեղամասի հանձնաժողովի անդամների միջեւ ընդհարում է եղել: «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի փոխտնօրենի խոսքով, «մեծ ընդհարում» չի եղել, իսկ միջադեպի պատճառն էլ եղել է ընտրահանձնաժողովից 50 մետր շառավղով հեռու կանգնելու զգուշացումը:
Երեկ թալինյան ընտրատարածքի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ «էապես անազատ եւ անարդար պայմաններում» անցած ընտրություններն անցան պատմության գիրկը: Հանրապետության ղեկավարությունից հետագայում իր պարտականություններն ավելի լավ կատարելու հույս ակնկալելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է հաղթող թեկնածու Խաչիկ Մանուկյանին:
Իհարկե, շատ զարմանալի կլիներ, եթե թալինյան ընտրությունների մասին այլ կարծիք հնչեր, երբ խորհրդարանական ամբողջ ընտրություններն էին գնահատվել «մեկ քայլ առաջ»: Առհասարակ, շատ տարօրինակ էր այս ընտրատարածքում վերընտրություններ անցկացնելը, դրա համար էլ բյուջեից գումար ծախսելը, քանի որ ոչ ոք երեւի չէր կասկածում, որ մեկ անգամ անցած ՀՀԿ-ական թեկնածուն երկրորդ անգամ էլ կհաղթի: Մեր երկրի ընտրական գործընթացներին հավանաբար այլ երանգ հաղորդելու նպատակով նշանակված այս ընտրություններում առավել հատկանշական էր Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը: Նրա մասնակցությունից եւ հավաքած ձայներից եւս կարելի է շատ եզրակացությունների հանգել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ