«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2007-08-24 | #153, 2007-08-25 | #154, 2007-08-28


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Օգոստոսի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի սրահը լեփ-լեցուն էր: Աշխարհի 94 երկրներից ժամանած 2.500 մարզիկներից, հյուրերից շատերը ներկա գտնվեցին Համահայկական 4-րդ խաղերի պաշտոնական փակման արարողությանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին հանձնեց կոմիտեի գործկոմի անդամ պրն Ալբերտ Բոյաջյանը եւ խորին շնորհակալություն հայտնեց սպորտի բնագավառում ցուցաբերած գործունեության համար: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով, նշեց. «Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախ լինի, որ պարգեւատրվում է, առավել եւսՙ Համահայկական համաշխարհային կոմիտեի կողմից, եւ խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի հայկական սպորտը նոր բարձունքներ նվաճի»:

Քիչ անց «Արդարացի խաղի» համար մրցանակ հանձնվեց Լոս Անջելեսի վոլեյբոլի տղամարդկանց թիմին: «Մարզական ոգու եւ համբերության» համար մրցանակ հանձնվեց Կահիրեի տղամարդկանց բասկետբոլի թիմին: Համահայկական խաղերի գեղեցկուհիներ ճանաչվեցին. 3-րդ տեղՙ Մարինե Թոխատյանը (Բուենոս Այրես) եւ Լիլիթ Ստեփանյանը (Ստեփանակերտ), 2-րդ տեղը բաժին հասավ Նաիրի Քալաշյանին (Աթենք), իսկ «Միսս Համահայկական խաղեր» հռչակվեց երեւանցի Գայանե Թունյանը, որն էլ վարչապետ Սերժ Սարգսյանի ձեռամբ ստացավ գեղեցկուհու թագը կրելու պատիվն ու վարչապետի շնորհավորանքը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4