Թուրքական բանակը կհեռացվի՞ քաղաքականությունից
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի միջեւ ձեռք է բերվել փոխզիջում: Նման եզրակացութան հիմք է տալիս շտաբի հայտարարությունը օգոստոսի 30-ի` Թուրքիայում հաղթանակի տոնի կապակցութամբ, որտեղ կրկին նշվում է բանակի դերի պահպանման մասին:
«Փաստարկ» ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին` պրն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում թուրքահայ համայնքին ուղղված պատրիարքի կոչն ու դրան հետեւողները հավանաբար հույս ունեն, թե «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը քայլեր կձեռնարկի երկրում ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավման ուղղությամբ: Սրա հիմքում այն մոտեցումն է, որի համաձայն, ինչպես Թուրքիայի նախագահական ընտրությունների երրորդ փուլին մասնակցող Աբդուլլահ Գյուլը, նաեւ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական ուղղության են հետամուտ:
«Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցությունը, Սաֆրաստյանի մատուցմամբ, այնպիսի քաղաքական ուժ է, որ «պատասխանատվություն չի կրում քեմալական թուրքական հանրապետության համար»: Կուսակցությունը, ըստ Սաֆրաստյանի, պատրաստ է ավելի մեղմ քաղաքականություն վարել երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, նաեւ, իհարկե, թուրքական ընկալմամբ, որոշակի զիջումների գնալ Հայաստանի հետ հարաբերություններում: Սակայն, Սաֆրաստյանի խոսքերով, որեւէ նախադրյալ չկա Հայոց ցեղասպանության առնչությամբ մերժողական դիրքորոշման փոփոխություն ակնկալելու համար:
Լայն իմաստով, մեր տարածաշրջանում Թուրքիան աշխատում է բարելավել, դիվերսիֆիկացնել հարաբերությունները հարեւանների հետ, բացառությամբ Հայաստանի: Իրանի հետ հարաբերությունները, արեւելագիտության ինստիտուտի տնօրենի ներկայացմամբ, վերջին շրջանում հատկապես այնպիսի աստիճանի են հասել, որ Միացյալ Նահանգների մտահոգությունն են հարուցում: Ադրբեջանի ու Վրաստանի հետ Թուրքիան ավելի շուտ փորձում է դաշինք ստեղծել, ինչը բխում է Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղղությունից:
Առավել հետաքրքրական է, որ, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, Թուրքիայում հեղաշրջման նախադրյալներ կան` ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական վերին էշելոններում համապատասխան ուժերի առկայությամբ: Բայց ռազմական հիմքով հեղաշրջում Թուրքիայում ներկա դրությամբ հնարավոր չէ, քանի որ առավել ուժեղ են դրսեւորվում հասարակական ուժերը, թուրքական բանակի ղեկավարությունն էլ ընտրել է քաղաքական գործընթացների վրա ոչ ռազմական ազդեցություն գործելու տարբերակը, այլ նախընտրում է օգտագործել սեփական հեղինակությունը:
Մյուս կողմից, իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, Սաֆրաստյանի խոսքերով, որոշ տեղեկությունների համաձայն, ցանկանում է փոփոխել Թուրքիայի սահմանադրությունը, որը առավել ռազմական է, ավելի մեծ տեղ հատկացնելով մարդու իրավունքներին ու ժողովրդավարական գործընթացներին եւ սահմանափակելով բանակի քաղաքական գործառույթները: Սա կբարելավի Թուրքիայի հեղինակությունն Արեւմուտքում:
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ հայկական կողմի դիրքորոշմանը, ապա Սաֆրաստյանը առանձնացրեց դիվանագիտական երկու մոտեցում` հրապարակային հայտարարություններ եւ իրական դիվանագիտություն:Հրապարակային հայտարարությունների մակարդակում Հայաստանի մոտեցումը հայ-թուրքական հարաբերություններին` դրանք կարգավորել առանց նախապայմանների, Սաֆրաստյանը գնահատեց ճիշտ:
Իրական դիվանագիտության առումով Հայաստանը, պետք է ձեռքերը ծալած չնստի այն ժամանակ, երբ թուրքական դիվանագիտությունը իսկապես մեկուսացնում է Հայաստանը: Հայաստանը պետք է ավելի սերտ քննարկումներ իրականացնի իր դաշնակիցների, առաջին հերթին Ռուսաստանի, նաեւ Միացյալ Նահանգների, Եվրոմիության հետ, որոնք հնարավորություն ունեն որոշ չափով ներազդելու Թուրքիայի քաղաքականության վրա: Իսկ թե Հայաստանն ինքը սպառե՞լ է արդյոք իր հնարավորությունները անմիջապես Թուրքիայի հետ բանակցելու առնչությամբ, Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, թե հենց Թուրքիան է մերժում ուղղակի երկխոսությունը Հայաստանի հետ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ