«Իսրայելը չի փոխել իր դիրքորոշումը»
Իսրայելական մամուլը վերջին օրերին հագեցած է Թուրքիա-Իսրայել-Հայաստան հարաբերությունները քննող տարաբնույթ նյութերով: Իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիային հանգստացնելու նպատակով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ թուրքերի իրականացրած հայկական կոտորածների հանդեպ Իսրայելի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Թուրքիայի վարչապետի հետ ունեցած զրույցի ժամանակ Պերեսը վերստին հաստատել է Իսրայելի պաշտոնական տեսակետը, համաձայն որի Թուրքիան ու Հայաստանը հայկական կոտորածների վերաբերյալ վիճաբանությունը պետք է հարթեն երկխոսության միջոցով: Երուսաղեմը զգուշանում է հայկական կոտորածները ցեղասպանություն որակելուց: Պերեսը նաեւ ընդգծել է, որ Իսրայելը չի վերահսկում Մ. Նահանգներում գործող հրեական կազմակերպությունների գործունեությունը, քանի որ դրանք առաջնորդվում են սեփական օրակարգով:
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրները «Հաարեց» թերթին հայտնել են, որ Պերեսի ներդրած ջանքերի ու մեղմ գործողությունների շնորհիվ անպայմանորեն կթուլանա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Միություն ընդդեմ վարկաբեկման» հրեական կազմակերպության հայտարարությունից հետո Անկարայում Իսրայելի դեսպանատանը առաջացած լարվածությունը:
Արտգործնախարարությունից «Հաարեցին» նաեւ տեղեկացրել են, որ հիշյալ կազմակերպության ղեկավար Աբրահամ Ֆոքսմանը նամակ է ուղարկել վարչապետ Էրդողանին, որում մասնավորապես ասված է. «Մենք որեւէ մտադրություն չենք ունեցել թուրք ժողովրդին կամ ղեկավարներին դժվարին վիճակում դնելու: Ես գրում եմ այս նամակը արտահայտելու վերջին օրերին թուրք ժողովրդին պատճառած դառնության համար»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ