Ովքեր են դեմ լճի մակարդակի բարձրացմանը, ովքեր են օգտագործում ստեղծված իրավիճակը
Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կասեցնելու կառավարական որոշման նախագիծը թեեւ դեռ որոշում չի դարձել, բայց վտանգը, որ կարող է դառնալ որոշում, մնում է: Նախագահական ընտրություններին պատրաստվող վարչապետ Սերժ Սարգսյանն այն հանեց կառավարության նիստի օրակարգից, բայց հավանականությունը մեծ է, որ հիշյալ որոշման օգտին հանդես եկող ուժերին կհաջողվի հասնել դրա հաստատմանը: Վերստին անդրադառնանք խնդրի էությանը:
Քաղաքաշինության նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն, հակառակ այն բանի, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը նախատեսված է հասցնել մինչեւ 1908 մետրի, առաջարկվում է 1908 մետրի փոխարեն հասցնել մինչեւ 1905 մետրի: Թե ինչո՞վ է դա հիմնավորվում, այդպես էլ պարզ չեղավ: Ինչը զարմանալի չէր, քանզի որեւէ հիմնավոր կարծիք լճի մակարդակի բարձրացումը սահմանափակելու համար գոյություն չունի: Մասնագետների մեջ տարակարծություններ այդ առումով չկան: Նրանք բոլորը միակարծիք ենՙ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը մինչեւ 1908 մետր այլընտրանք չունի: Դա այն նվազագույն սահմանն է, որն անհրաժեշտ է, որպեսզի լիճը չճահճանա: Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը եղել է դա, ինչն էլ հիմք ընդունելով, որոշվել է լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1908 մետրի: Ի՞նչն է փոխվել եւ ինչո՞ւ է հայտնվել 1905 մետրի մասին նոր նախագիծը: Սեւանա լճի ափամերձ տարածքներում վերջին տարիներին կառուցվեցին բազմաթիվ շենք-շինություններՙ հյուրանոցներ, հանգստյան տներ, ինչպես նաեւ խոշոր գործարարների եւ չինովնիկների շքեղ առանձնատներ, որոնց գերակշիռ մասը ապօրինի կառույցներ են: Սեւանա լճի մակարդակի բարձրացումից այդ կառույցների զգալի մասը կհայտնվի ջրի տակ: Սա է քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագծի հիմքը:
Անհասկանալի է, թե ինչու է բնապահպանական նշանակության խնդրի կապակցությամբ որոշման նախագիծ ներկայացրել քաղաքաշինության նախարարությունըՙ ի դեմս նախկին էլեկտրիկ, շրջգործկոմի հրահանգիչ եւ սովխոզի տնօրեն, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող նախարար Վարդան Վարդանյանի: Մյուս կողմից, չի երեւում բնապահպանության նախարարության դիրքորոշումն այդ որոշման նախագծի կապակցությամբ: Նախկինում քաղաքաշինության, հիմա բնապահպանության նախարար, ինչից ենթադրելի է, նախարար լինելու բնատուր շնորհով օժտված Արամ Հարությունյանը ավելի ողորմելի վիճակում է հայտնվել, քան եղել էր Թեղուտի հանքավայրերի շահագործման թույլտվություն տալու ժամանակ: Բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներ ունեցող Թեղուտի անտառների ոչնչացման թույլտվություն տալու համար ինչ-որ բան կարելի էր հորինելՙ ենթադրենք, պղնձամոլիբդենային հարուստ հանքավայրերի շահագործման նշանակությունը երկրի տնտեսության համար: Սակայն Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կասեցնելու համար որեւէ հիմնավորում մոգոնել հնարավոր չէ, եւ այս առումով միայն կարեկցել կարելի է բնապահպանության նախարարին:
Միակ հիմնավորումն այս հարցում, ինչպես արդեն նշեցինք, որոշ մարդկանց անձնական շահերն են: Սակայն անգամ այդ մարդիկ պետք է իմանան, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը չթույլատրելու հետեւանքները աղետալի կլինեն ոչ միայն մեր երկրի համար: Դա նրանց առանձնապես չի հուզի: Նրանց պետք է բացատրել, որ այդ դեպքում Սեւանը կվերածվի հսկայական ճահճի, իսկ նրանց կառուցած դղյակներըՙ առանձնատները, հյուրանոցներն ու հանգստյան տներն այլեւս պիտանի չեն լինի ապրելու եւ հանգստանալու համար:
Որեւէ քննադատության չի դիմանում նաեւ այն տեսակետը, որ լճի բարձրացումից հետո պետք է փոխհատուցել ափամերձ տարածքների կառույցների սեփականատերերին: Նախՙ նրանց գերակշիռ մասը ապօրինի կառույցներ են, եւ այս դեպքերում փոխհատուցման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ինչ վերաբերում է օրինական կառույցներին, ապա դրանց սեփականատերերին կարելի է միայն աջակցել վնասը մասամբ ծածկելու համար, բայց ոչ երբեք փոխհատուցել ջրի տակ հայտնված նրանց կառույցների դիմաց: Որքանո՞վ է արդար իրենց «օբյեկտների» շահագործումից շահույթ ստացած եւ միայն խորհրդանշական հարկեր վճարած կամ ընդհանրապես չվճարած գործարարներին փոխհատուցել պետական բյուջեի, այսինքնՙ մեր բոլորի հաշվին: Առավել եւս, որ այդ օբյեկտների կառուցման ծախսերը նրանց շահագործմամբ վաղուց արդեն ծածկվել են:
Սակայն վերադառնանք Սեւանա լճի բարձրացումը կասեցնելու հարցին: Վերջերս կառավարության որոշմամբ լճից բաց թողնվեց 30 մլն խմ ջուր: Չգիտես ինչու դա հիմք դարձավ իրենց Սեւանա լճի ճակատագրով մտահոգ ձեւացնողներին հայտարարել, որ դա արվում է լճի մակարդակի բարձրացումը կանխելու համար: Մինչդեռ գոյություն ունեն փաստեր, որոնք վերջիններս ուղղակի չեն ցանկանում տեսնել: Նախՙ «Սեւանա լճի մասին» օրենքով տարեկան լճից բաց թողնվող թույլատրելի քանակը մինչեւ 170 մլն խմ-ն է, սակայն որպես կանոն վերջին տարիներին ոռոգման եւ էներգետիկ նպատակներով լճից բաց է թողնվում տարեկան միջինը 150 մլն խմ ջուր: Հավաստիանալու համար դիմեցինք ջրային տնտեսության կոմիտե, որտեղից հայտնեցին, որ 2004-ին Սեւանա լճից բաց է թողնվել 149 մլն խմ ջուր, 2005-ինՙ 144 մլն խմ, 2006-ինՙ 151 մլն խմ: Յուրաքանչյուր տարի նախապես որոշվում է բաց թողնել 120 մլն ջուր, իսկ հետագայումՙ ավելացվում: Նույնն է տեղի ունեցել նաեւ այս տարի:
Տարեսկզբին որոշվեց Սեւանա լճից բաց թողնել 120 մլն խմ ջուր, ինչի մասին կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ջրտնտկոմի նախագահը: Այս տարվա օգոստոսին էլ որոշվեց վերցնել եւս 30 մլն խմ ջուր: Տարօրինակ է, թե ինչու նախորդ տարիներին լճից նույն քանակությամբ ջուր վերցնելը Սեւանի մակարդակի բարձրացումը կանխելու նպատակ չէր հետապնդում, իսկ այս տարի հետապնդում է: Առավել եւս տարօրինակ է, որ նախորդ տարիներին դա չէր ազդում լճի մակարդակի վրա, իսկ այս տարի հանկարծ կարող է ազդել:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Սեւանից ջրի բացթողումը լճի մակարդակի չբարձրացման հետ կապողներին Սեւանի ճակատագիրը չի հետաքրքրում ճիշտ այնպես, ինչպես դա չի հետաքրքրում Սեւանի ափին օբյեկտներ ունեցողներին: Պարզապես վերջիններիս անձնական շահը Սեւանը զոհելն է հանուն իրենց օբյեկտների պահպանման, իսկ առաջիններինըՙ Սեւանա լճի խնդիրն օգտագործելը սեփական քաղաքական շահերը հետապնդելու համար: Սա կարող է շեղել հասարակության ուշադրությունը Սեւանի գոյությունը իրապես վտանգող որոշման նախագծից եւ պատճառ դառնալ, որ այն ընդունի կառավարությունը: Հետեւաբար, Սեւանի ճակատագրով իսկապես մտահոգ անձինք, կազմակերպությունները եւ ընդհանրապես մեր երկրի բնակչությունը պետք է զանազանեն, թե որն է իրական վտանգը, որըՙ քաղաքական խաղը, եւ ջանքերն ուղղեն կառավարությանը ստիպելու հրաժարվել Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կանխելու փորձերից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ