Ընթացիկ մրցաշրջանն աչքի է ընկնում առաջնության մասնակից թիմերի մարզիչների պաշտոնանկությամբ: Բարձրագույն խմբի ութ թիմերից միայն Գյումրիի «Շիրակում» է պահպանվել մարզչական կազմը: Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանցի» գլխավոր մարզիչ Յան Պոշտուլկան «Փյունիկի» հետ խաղից հետո պաշտոնանկ էր արվել: Ակումբի ղեկավարությունը դժգոհ էր չեխ մասնագետի աշխատանքից, չնայած նրա գլխավորությամբ գարնանը «Բանանցը» նվաճել էր հանրապետության գավաթը:
Նիկոլովը օտարերկրացի 3-րդ մարզիչն է, որ ստանձնում է «Բանանցի» ղեկը: Եվ ահա հայտնի է դարձել թիմի նոր գլխավոր մարզիչը: Օրերս «Բանանցի» հետ մինչեւ տարեվերջ պայմանագիր է կնքել բուլղարացի մարզիչ Նիկոլայ Նիկոլովը: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1981-ի «Դոբրուջում», որի կազմում 7 մրցաշրջան խաղալուց հետո հանդես է եկել «Լեւսկիում» եւ «Սլավիայում»: 1990-93 թթ. Նիկոլովը պաշտպանել է Կիպրոսի «Անորտոսիսի» պատիվը: Իսկ 1994-ին կրկին վերադառնալով «Լեւսկի»ՙ ավարտել է ելույթները մեծ ֆուտբոլում:
Մարզչական գործունեությունը Նիկոլովը սկսել է հարազատ «Դոբրուջում», այնուհետեւ 4 տարի անց մեկնել է Կիպրոսՙ մարզելով տեղի «Օլիմպիակոս», ԱԵԿ եւ «Անորտոսիս» ակումբները: Առավել մեծ հաջողության Նիկոլովը հասել է «Անորտոսիսի» հետ, որը նրա գլխավորությամբ 2002/03 թթ. մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ