Այս տարվա օգոստոսի 23-ին հրապարակվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Արշակ Փոլադյանի նշանակման մասին: Սովորական աշխատանքային թվացող այս հրամանագրի հետեւում սակայն մի շարք հիմնախնդիրներ են «թաքնված», որոնք իրենց հերթին շատ հարցեր են բարձրացնում: Մասնավորապես գաղտնիք չէ, որ քաղաքական հարթության վրա հայ-սիրիական հարաբերությունները կարելի է համարել դաշնակցային, թվում է, թե երկու երկրները չունեն քաղաքական եւ ոչ մի կնճռոտ հարց, որը հնարավոր չլինի լուծել: Պաշտոնական Դամասկոսը առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ բացեց իր դեսպանությունը Երեւանում: Ցուրտ ու մութ տարիներին նախագահ Հաֆեզ Ասադի հրամանով Հայաստանը մեծ թվով ցորենի եւ ալյուրի պաշարներ ստացավ, որը լուրջ օգնություն էր դժվարության մեջ գտնվող Հայաստանի համար: Ընդհանրապես պետք է նկատենք, որ հայ-սիրիական հարաբերությունների դինամիկ զարգացմանն այնուամենայնիվ խոչընդոտում էին քաղաքական այն տեղաշարժերը, որոնք տեղի էին ունենում տարածաշրջանում: Հավանաբար այս փաստով միայն կարելի է բացատրել Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի բացակայությունը, որը, կարելի է ասել, քրոնիկ բնույթ է ստացել: Նկատենք, որ 2004 թ.-ին ի պատասխան Հայաստանում դեսպան չնշանակելու, պաշտոնական Երեւանը նույնպես իջեցրեց իր դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը Դամասկոսում: Հետ կանչվեց դեսպան Լեւոն Սարգսյանը, որից հետո, մինչեւ Փոլադյանի նշանակումը, փաստորեն մեր երկիրը ներկայացված է եղել միայն հավատարմատարի մակարդակով` սկզբում Յուրա Բաբուխանյանը, ապա Արտյոմ Ազնավուրյանը: Իսկ Սիրիան արտակարգ եւ լիազոր դեսպան է ունեցել 2000-2002 թթ. հանձին դոկտ. Համիդ Հասանի, որը, նկատենք, Հայաստանում էր 1997 թ.-ից հավատարմատարի կարգավիճակով: Սակայն 2002 թ.-ից նրան փոխարինած մյուս պաշտոնական ներկայացուցիչները` Ֆայես Ապսին, Ղասան Ռոսլանը, Մուխլիս Ֆարաունը եւ Մաամուն Ալ-Հարիրին ունեն միայն հավատարմատարի կարգավիճակ: Նկատենք, որ, օրինակ, 2003-2005 թթ.-ին Սիրիան Հայաստանում ներկայացնող Ղասան Ռսլանը թեեւ ուներ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակ, սակայն կատարում էր միայն հավատարմատարի պարտականություններ:
Հասկանալի է, որ նման իրավիճակը չէր կարող հարցեր չառաջացնել հայկական կողմի համար: Նկատենք, որ ըստ պաշտոնական Դամասկոսի, նման իրավիճակը ստեղծված է դիվանագիտական կադրերի պակասի պատճառով, սակայն հայ փորձագիտական շրջանակները հակված են կարծելու, որ այս երեւույթը առնչվում է սիրիա-թուրքական հարաբերություններում առկա զարգացումներին, որոնք հատկապես նկատելի են 2000-ի սկզբից: Այսինքնՙ ստեղծվում է կարծիք, որ Դամասկոսը փորձում է բարելավել իր հարաբերությունները Անկարայի հետ ի հաշիվ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման: Հասկանալի է, որ իրերի նման դասավորությունը չի կարող բավարարել մեզ, ինչով էլ բացատրվում է Դամասկոսում վերջին 3 տարիներին ՀՀ դեսպանի բացակայությունը:
Իմ անձնական շփումների ժամանակ սիրիացի դիվանագետների հետ վերջիններս նշում են, որ 2005 -ից Հայաստանի նախաձեռնությամբ երկկողմ հարաբերություններում մուտքի այցագրի` վիզայի ներմուծումը հարվածեց երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մինչ այդ Հայաստանի եւ Սիրիայի քաղաքացիները կարող էին այցելել միմյանց եւ մուտքի վիզա ստանալ օդանավակայանում, սակայն հետագայում նման այցերի համար արդեն անհրաժեշտ էր ստանալ հրավեր այցելող երկրից:
Նման բարդացումը հասկանալի կերպով հարվածում է երկու երկրների քաղաքացիների շահերին, սակայն Հայաստանը լինելով Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության անդամ, միջպետական մի շարք պարտավորություններ ունի, որոնք առնչվում են անվտանգության խնդիրներին: Մասնավորապես Հայաստանի վիզա ունեցող ամեն մի այլ երկրի քաղաքացի ԱՊՀ անդամ երկրներում տարանցիկ անցման եւ 3 օր մնալու իրավունք ունի: Հասկանալի է, որ նման իրավիճակը առավել զգուշավորության պատճառ կարող է լինել, եւ Հայաստանը լինելով նման ռազմաքաղաքական կառույցի անդամ, ուղղակիորեն պարտավոր է կատարել այդ կառույցի շրջանակներում կնքված պայմանագրերը, սակայն, շեշտենք, դրանք ոչ մի ուղղակի առնչություն չունեն հայ-սիրիական հարաբերություններին եւ առավել եւս ուղղված չեն այդ պետության դեմ: Հետեւաբար ժամանակն է վեր կանգնելու առկա մանր խնդիրներից եւ կառուցելու երկկողմ հարաբերություններՙ ելնելով սեփական երկրների քաղաքական, տնտեսական շահերից, իսկ որ այդպիսի շահեր կան, նույնիսկ ապացուցման կարիք չունի: Կան լուրեր, որ պաշտոնական Դամասկոսը պատրաստվում է վերացնել մուտքի վիզայի ռեժիմը, որը 2006 թ.-ից սահմանվել է Հայաստանի քաղաքացիների համար: Հասկանալի է, որ նման քայլի իրականացումը կարելի է միայն ողջունել, քանի որ կնպաստի ոչ միայն երկու երկրների քաղաքացիների ակտիվ շփմանը, այլեւ Սիրիայի հայկական համայնքը ավելի մեծ հնարավորություն կունենա այցելելու մայր հայրենիք, ու նաեւ դրանով կխթանվի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Իսկ այս առումով հայ-սիրիական հարաբերություններում աշխատելու մեծ ներուժ կա: Ինչեւէ, հայ-սիրիական հարաբերություններում առկա ստորջրյա խութերը հաղթահարելի են, եւ Սիրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի նշանակումը նման առաջին ու լուրջ փորձը կլինի: Մնում է սպասել պատասխանին:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ