«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2007-08-28 | #155, 2007-08-29 | #156, 2007-08-30


ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԲԱՆԿ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից, Հայաստանում գտնվող լիբանանյան հայտնի «Կրեդիտ բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Թարեք Խալիֆայի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ նա ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու լիբանանյան բանկի մտադրությունը, նշելով, որ այն համահունչ է ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված կառավարության քաղաքականությանը: Հայաստանի վարչապետն այն կարծիքն է հայտնել, որ նկատի ունենալով Լիբանանի ֆինանսական կենտրոն լինելը, բանկի փորձը օգտակար կարող է լինել մեր երկրի համար:

Թարեք Խալիֆան իր հերթին նշել է, որ Հայաստանի կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի գործընկերների հետ հանդիպումները ավելի են ամրապնդել Հայաստանում գործունեություն ծավալելու իր նախապես ունեցած մտադրությունը: «Կրեդիտ բանկի» տնօրենների խորհրդի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված որոշ ներդրումային ծրագրերում:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է լիբանանահայ համայնքի դերը Հայաստանի շուկայում լիբանանյան կապիտալի ներգրավման գործում:

Հիշեցնենք, որ մինչ այդ լիբանանյան մեկ այլ հայտնի` «Բիբլոս» բանկը Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկություն է հայտնել եւ ստացել Հայաստանի Կենտրոնական բանկի համաձայնությունը: ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4