Ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հավաքորդ, ԱՄՆ-ի քաղաքացի Մարկոս Գրիգորյանը 15 տարի առաջ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շենքում (ժամանակավոր) իր հազվագյուտ հավաքածուները հայրենիք բերելով, հիմնադրեց Միջին Արեւելքի թանգարանը: «Ազգն» օգոստոսի 14-ին անդրադարձել էր օգոստոսի 6-ին, ժամը 4.20-ի սահմաններում երկու դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված ու թալանված անվանի նկարիչ Մ. Գրիգորյանի առողջական վիճակինՙ «Մարկոս Գրիգորյանն ապաքինվում է» հոդվածով: Երեւանի պատվավոր քաղաքացի Մ. Գրիգորյանը կաթվածից հետո երկու շաբաթ բուժվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ ենթարկվել էր սրտի ու երակների վիրահատության:
Դեպքի առնչությամբ Արաբկիրի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, սակայն առ այսօր չեն հայտնաբերվել դիմակավորված այդ երկու երիտասարդները: Երբ «Նաիրի» բժշկական կենտրոնում այցելեցի Մ. Գրիգորյանին դեպքից մի քանի օր անց ու հարցրի, թե ինչպե՞ս է, նկատեցի, որ 83-ամյա տղամարդու աչքերը թրջվեցին ու մի քանի վայրկյան լռելուց հետո, գլուխը ցույց տալով ասաց. «Գլխիս վերքը կարել են, շուտով կլավանա, բայց էս վերքն է (ձեռքը սրտին դնելով), որ չի լավանում, չի անցնում: Երբ բժիշկներն ինձ դուրս գրեն, պիտի մի անհայտ տեղ գնամ, որ ինձ չգտնեն: Այստեղ էլ վախենում եմ, չկան հսկիչներ եւ անվտանգության աշխատողներ, իսկ եթե կրկին գան ու...»: Կատարված դաժանությունը շատ էր մտահոգում Մարկոս Գրիգորյանին թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես, ու շարունակ կրկնում էր. «Մի՞թե լավ գործ անելու համար են այսպես վարվում, ո՞ւմ էի խանգարում: Իսկ եթե ինձ հետ մի բան պատահի, երեւի թանգարանային ողջ հավաքածուն կհայտնվի Վերնիսաժում...»:
Ինչո՞ւ մեր երկրում Մարկոս Գրիգորյանի նման անձանց, որն ի դեպ Իրանի Իսլամական Հանրապետությունում պաշտոնապես համարվում է ժամանակակից արվեստի հիմնադիրը, չգնահատեցին ու մշտական տարածք չհատկացրին հազվագյուտ հավաքածուների համար: Բազմաթիվ են ինչուները: Մինչեւ կվերլուծեինք ու կպարզաբանեինք, օգոստոսի 27-ին, առավոտյան ժամը 9-ին, երբ Մարկոս Գրիգորյանը հեռախոսով զրուցում էր իր քրոջ տղայիՙ Միշելի հետ (Նյու Յորք), որի գալուն անհամբեր սպասում էր ու աչքը ճանապարհին էր, որ գնային իր տան պատուհաններին ու դռներին վանդակաճաղեր դնեին ու միասին ապրեին (Պլեխանով թիվ 52 հասցեում), խոսակցությունը ընդհատվում է...
Միշելն անհանգստացած զանգահարում է Մ. Գրիգորյանի ծանոթներին, վերջիններս սկսում են ամեն հնարավոր ու անհնարին տեղերում փնտրել: Վեց ժամ անց, երբ որեւէ տեղ չեն գտնում, դիմում են ոստիկանություն: Այն տունը, որտեղ ժամանակավոր ապրում էր մի պարսկահայ ճարտարապետ, դուռը ջարդում են ու գետնին ընկած գտնում Մ. Գրիգորյանին: Դատաբժիշկների եզրակացությունում նշվել է, որ մինչեւ վայր ընկնելը Մ. Գրիգորյանն ստացել է սրտի կաթված, որից հետո մեջքի վրա ընկել է ու մահացել: Վեց ժամ անօգնական մնալով, Մարկոս Գրիգորյանը մահկանացուն կնքել է, իր միակ երազանքը չիրականացրած: Իսկ թե ո՞ւմ էր խանգարում ազգասեր ու բարերար Մարկոս Գրիգորյանը, դեռ պարզ չէ:
Մ. Գրիգորյանի զարմիկը երկու օրից կժամանի Հայաստան, եւ եթե իր քեռու հուղարկավորությունը չկազմակերպվի կառավարական մակարդակով, ապա նա պատրաստ է աճյունը տեղափոխել Նյու Յորքում գտնվող Գրիգորյանների ընտանեկան գերեզմանատուն:
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ արդեն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ, եւ քաղաքային պանթեոնում հատկացվել է տեղՙ անվանի նկարիչ ու մեծ հայրենասեր Մարկոս Գրիգորյանին հուղարկավորելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ