ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասը օգոստոսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին տեղեկացրել է, որ Հարավային Կովկասի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար ԵԽԽՎ զեկուցող Էդվարդ Օ Հարայի այցը չեղյալ է հայտարարվում: Որպես պատճառ նշվել է ԼՂ մուտքի խնդիրը (այն, ինչի մասին օգոստոսի 28-ին Ադրբեջանը հայտարարել էր):
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության երեկ տարածած տեղեկատվությամբ` ԱԺ-ն հարկ է համարել պարզաբանումներ ներկայացնել չկայացած այցի վերաբերյալ: Իրողությունը ներկայացնելու անհրաժեշտություն է զգացվել` ադրբեջանական լրատվամիջոցնեի տարածած ստահոդ տեղեկատվությունը նաեւ աչքի առաջ ունենալով:
Այցի նախաձեռնողը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն է եղել` կապված Նախիջեւանի խաչքարերի ոչնչացման հետ: Այցը նախատեսված է եղել դեռ տարիներ առաջ, սակայն մշտապես հետաձգվում էր` «Ազգն» այդ մասին գրել է: Այս վերջինը նախատեսված էր օգոստոսի 29-ին, Ադրբեջանից: Մանրակրկիտ նախապատրաստվել էր այցի ծրագիրը, եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն իրենց աջակցությունն էին հայտնել զեկուցողին այցի իրականացման համար: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը նախօրոք ուղարկել էին հուշարձանների ցուցակները, որոնք պետք է Հարավային Կովկասի երեք երկրներում, ԼՂՀ-ում եւ Նախիջեւանում ուսումնասիրվեին: Զեկուցող կողմն արդեն ընտրել էր այն հուշարձանները, որոնք պետք է դիտարկվեին, Հայաստան եւ ԼՂՀ այցը կայանալու էր օգոստոսի 29-ին, իսկ մեկ օր առաջ հայկական կողմին պետք է ուղարկվեր այցի ծրագիրը: Սակայն մինչ այդ ստացվեց հանձնաժողովի քարտուղարի` այցը չեղյալ համարող նամակը:
Պատճառը, ԱԺ-ից ստացված պարզաբանմամբ, այն է, որ օգոստոսի 28-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը տարածել է մի հայտարարություն, ըստ որի զեկուցողը պետք է Լեռնային Ղարաբաղ այցելի Ադրբեջանի տարածքով, մինչդեռ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչի միջոցով մինչ այդ ճշտվել էին բոլոր մանրամասները. մինչեւ ԼՂՀ տրանսպորտի ապահովումն ու այլ աջակցություն պետք է ցուցաբերեր ՀՀ ԱԺ-ն:
Ադրբեջանը, փաստորեն, տապալել է այցը` վերջին պահին պայմաններ դնելով զեկուցողի առջեւ. «Եվ սեթեւեթանքները, թե սա պարզապես հերթական հետաձգումն է, որ տարածվում են ադրբեջանական մամուլով, չեն համապատասխանում իրականությանը», ասված է ԱԺ պարզաբանման մեջ:
ԱԺ-ից ստացված հաղորդագրությունը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեեւ Ադրբեջանի պատվիրակությունները միջազգային տարբեր կազմակերպություններում հերյուրանքներ են տարածում իբր Հայաստանի կողմից ադրբեջանական հուշարձանները ոչնչացնելու վերաբերյալ, սակայն Հայաստանում զեկուցողը ցանկացել էր տեսնել միայն մեկ մահմեդական հուշարձան` պարսկական «Կապույտ մզկիթը», ինչը նշանակում է, որ հերյուրանքներից անդին ադրբեջանցիները չեն կարող ներկայացնել Հայաստանում որեւէ «ադրբեջանական» հուշարձանի ոչնչացման մասին փաստ: ԼՂ-ի տարածքում էլ ուսումնասիրության համար նշվել են միայն Շուշիի մզկիթը, Փանահուանի պալատը, գրադարաններ, թանգարաններ, այդ եւս վկայում է ադրբեջանցիների հերյուրանքների մասին ԼՂՀ-ում եւ Հայաստանում իբր «ադրբեջանական» հուշարձանների ոչնչացման վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն ամեն կերպ խոչընդոտում են զեկուցողի այցը տարածաշրջան, որովհետեւ այդ ընթացքում բացահայտվելու է, որ թե՛ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, թե՛ Ադրբեջանում բազմաթիվ հայկական հուշարձաններ են ոչնչացվել եւ այժմ էլ ոչնչացվում են, եւ ադրբեջանցիների հայտարարությունները պարզապես հերյուրանքներ են», ասված է ԱԺ-ից ստացված հաղորդագրության մեջ:
Այցի հետագա ճակատագիրը կորոշվի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ժամանակ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ