Քաղաքական դաշտում առայժմ «կրակոցներ» չկան: Անդորր է, բայց պրկված անդորր: Այն կուսակցությունները, որոնք տանուլ տվեցին խորհրդարանական ընտրություններում, դեռեւս լռում են: Անհայտ է` նախապատրաստվո՞ւմ են եւ ինչպե՞ս են նախապատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին: Ընդամենը կցկտուր տեղեկություններ են հայտնվում վերջիններիս հանդիպումների մասին: Դրանք ամենից առաջ ճանաչողական հանդիպումներ են. ուսումնասիրում են միմյանց` ո՞վ ինչ կարող է, հակառակորդ բարեկամն ինչի՞ է ընդունակ:
Իշխանական կուսակցություններն էլ իրենց հերթին են լռելով սպասում:
Միայն մեկ-մեկ շոգ ամառվա ծուլությունը ճեղքում է հանրապետության վարչապետը, որ պաշտոնական աշխատանքային այցեր է կատարում հանրապետության մարզեր, հանդիպում է բնակչության հետ: Եվ այս դեպքում անհայտ է` հանդիպումներում պաշտոնական-աշխատանքայի՞նն է շատ, թե ոչ պաշտոնական քարոզչությունը:
Շահագրգիռ մարդկանց համար Սերժ Սարգսյանն արդեն հանրապետության նախագահ է: Ընդամենը ժամանակի հարց է, որ պաշտոնապես անցնի գործի: Իսկ ում համար անընդունելի, մերժելի է երկրի նախագահի Սերժ Սարգսյան տարբերակը, լռում են: Նրանք սպասում են: Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչի են սպասում: Այն դաշտը, որտեղ կցանկանային իրենց տեսնել, պարզապես գոյություն չունի: Ընդդիմությունը տեղատվության մեջ է: Դեռ որքան կտեւի այդ վիճակը, անհայտ է: Կամ գուցե դաժան ֆիասկոյից հետո պարզապես այլեւս չկարողանան ձեռնամուխ լինել ակտիվ եւ արդյունավետ քաղաքական գործողությունների:
Իրադարձությունների նման զարգացնան դեպքում մարդիկ պարզապես չեն զգա ոտքի տակի հողը, որի վրա կանգնելով մասնակից կդառնային իրենց երկրի քաղաքական կյանքի կառավարմանը: Ընդդիմության բացակայությամբ, երբ խախտվում է քաղաքական կյանքի հավասարակշռությունը, առողջ քաղաքական ընկալումներից դեպի բարոյալքում կամ քաղաքական դեգրադացիա մեկ քայլ է:
Ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կլինի ամենակարճ ժամանակում. կձեւավորվի՞ առողջ ընդդիմություն, որն իր հետեւից կտանի ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց, թե՞ վերջիններս, չկարողանալով իրացնել սեփական քաղաքական հայացքները, աստիճանաբար կվերածվեն հիվանդագին դժգոհության այսօր` ամորֆ, բայց վաղը` պայթյունավտանգ կուտակիչների:
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ