Համաձայն կառավարության ընդունած կարգի
Հայաստանից դուրս ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման եւ Հայաստանի տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կառավարության երեկ ընդունած կարգերը լրագրողներին ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Հայաստանից դուրս բեռնափոխադրումների իրականացման կարգն, ըստ նախարարի, ընդունվել է նպատակ ունենալով հեշտացնել մեր փոխադրումների գործը: Համաձայն այդ կարգի, երկկողմ պայմանագրերի հիման վրա տրվում են թույլտվություններ, որոնք իրավունք են տալիս երկու պետությունների փոխադրողներին անարգել երթեւեկել միմյանց տարածքով: Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ միայն երեք պետություններ կան, որոնց տարածքներում հայ փոխադրողները կարող են առանց թույլտվության, ըստ կնքված միջպետական պայմանագրերի, երթեւեկել: Այդ երկրներն են Վրաստանը, Ռուսաստանը եւ Ղազախստանը: Նախարարն ավելացրեց, որ Հայաստանի օրենսդրությունը փոխադրումների ոլորտում լիբերալ է, ինչը գալիս է մեր շրջափակված լինելուց: Այլ երկրների փոխադրողները, վճարելով պետական տուրքերն ու հարկերը, կարող են անցնել մեր երկրի տարածքով, մինչդեռ կան երկրներ, որ հատուկ թույլտվություն են պահանջում դրա համար: Որպես օրինակ նա նշեց, որ հայկական մեքենաները չեն կարող երթեւեկել Թուրքիայով, մինչդեռ թուրքական մեքենաները երթեւեկում են Հայաստանով:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում ուղեւորափոխադրումներին, ապա այդ մասին ընդունված կարգով սահմանվել են ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար ավտոբուսների եւ միկրոավտոբուսների առջեւ դրվող չափանիշները, մասնավորապես նրանց կահավորանքը, տեխնիկական պայմանները, չվացուցակները, աշխատանքի ռեժիմը:
Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ համաձայն այդ կարգի, ավտոբուսներում պետք է նշվեն իրենց համարները, վարորդի անուն-ազգանունը, կազմակերպության անվանումը, որին պատկանում է ավտոբուսը: Ավտոբուսները պետք է լինեն մաքուր, կահավորված բարձրախոսով, դրանցում պետք է լինի մուրճՙ վթարի դեպքում ապակին կոտրելու եւ դուրս գալու համար: Նույն պահանջները, բացի բարձրախոսի առկայությունից, դրված է նաեւ միկրոավտոբուսների առջեւ:
Չվացուցակների սահմանման մասին, ի պատասխան «Ազգի» հարցի, տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ, համաձայն կարգի, դրանք սահմանում են Երեւանի ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների համար Երեւանի քաղաքապետարանը, մարզերումՙ մարզպետարանները: Անդրանիկ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ հիշյալ կարգերը ուժի մեջ են մտնում դրանք հրապարակելուց 10 օր հետո:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երկաթուղին կառավարման կհանձնվի եկող տարվա հունվար-փետրվարին
Լրագրողների հետ զրույցի ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ տեղեկացրեց, որ «Հայկական երկաթուղու» կառավարման հանձնելու մրցույթը տեղի կունենա հոկտեմբերին: Նոյեմբեր-դեկտեմբերին կբացվեն առաջարկությունների փաթեթները, իսկ հունվարին, «ամենաուշըՙ փետրվարին» հայտնի կդառնա մրցույթը շահած ընկերության անվանումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ