Զորավար Անդրանիկի ուսանելի կյանքը հիմնականում պատկառելի սերնդի ոգեկոչմանն ու խոնարհումին է արժանանում, գրեթե անմասն մնալով աճող սերնդի դաստիարակության կարեւոր գործից: Սակայն Անդրանիկ Զորավարի գործի շարունակության ու անվան նվիրյալ, մեր խմբագրության լավ բարեկամ, «Զորավար Անդրանիկ» միության հիմնադիր նախագահ Նորայր Մուշեղյանը լրացնում է առկա բացը: Պարոն Մուշեղյանը պարբերաբար խմբագրություն է բերում հրապարակման վերածած իր թանկարժեք տեղեկությունները, ասես նյութականությունից թմրած մեր հասարակությանը հիշեցնելու, որ հայը լավ պիտի սերտի հերոսի կյանքի պատմության մանրամասները եւ նրա օրինակով ապրելով արժանի համարվի Անդրանիկի հետնորդ կոչվելուն:
Քո անունը պիտի հիշվի դարեդար...
(Աշուղ Շերամի հայտնի երգից, գրված 1901 թ.)
Վերջին քսան տարիներին հայրենիքում եւ սփյուռքում հրատարակվեցին մի շարք մենագրություններ, դոկտորներ Անդրանիկ Չելեպյանի, Համբարձում Կարապետյանի, ակադեմիկոսներ Գեւորգ Ղարիբջանյանի, Հրաչիկ Սիմոնյանի, անդրանիկապաշտ եւ անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանի ուսումնասիրությունները:
Ցավոք, մեր օրերում հատկապես նոր սերնդին քիչ է հետաքրքրում ազգային հերոս, ազգային արժեք, ազգային արժանապատվություն հասկացությունները: Միջին եւ ավագ սերնդի մեծ մասն էլ օրվա հացի խնդրով է մտահոգված:
Մեր օրերում դրամն է թելադրողը, մի տեղ ցոփ կյանքի զեխություն, ժողովրդի մեծ մասի մեջ` աղքատություն, թշվառություն: Ի՞նչ կասեր Անդրանիկը. Բայց... գանք Զորավարին, հայտնի է, որ Զորավարը միշտ էլ ապրել է կարիքի մեջ, մի՞թե հերոսն առանց ֆինանսական նեղության չէր կարող ապրել:
Իհարկե կարող էր, հավաստիացումնե՞ր, խնդրեմ.
1919 թ. ձմռան վերջերին Զորավարը իր մոտ եղած գումարի շոշափելի մասը թողեց Սյունիքի ղեկավարությանը` գաղթականների հոգսերը հոգալու համար: Այդ նույն թվականի գարնանը, երբ Զորավարը հարկադրաբար հեռանում էր հայրենիքից, իր մոտ եղած ողջ գումարըՙ 60 հազար ռուսական ոսկին հանձնում է Գեւորգ Ե կաթողիկոսին` պատգամելով 45 հազարով հոգալ գաղթականների կարիքները, 15 հազարով էլ մի հուշարձան կանգնեցնել Երեւանի հրապարակներից մեկում 30 տարի իր հետ ազատության համար պայքարած, զոհված, անշիրիմ մնացած զինվորների հիշատակին:
Կարող էր, չէ՞, այդ գումարները պահել իրեն, ո՞վ էր հաշվել...
Հայտնի է, որ Զորավարի հայրենիքից հեռանալու մեջ իրենց սեւ գործը կատարեցին ոչ միայն անգլիական եւ վրաց կառավարությունները (վերջիններս աչք ունեին Լոռվա մարզի, հատկապես Ալավերդու պղնձի հանքավայրերի վրա), այլեւ այն ժամանակվա հանրապետության որոշ ապիկար եւ կաշառված ղեկավարները:
Ուրախ էին Վրաստանի ղեկավարները, որ ի վերջո չեզոքանում է Անդրանիկի ուժը հայոց երկրում, եւ ժամանակի հարց է Լոռին գրավելը, եւ նրանք այնպիսի ճոխ սեղան էին բացել Թիֆլիսում Զորավարին ընդունելու եւ փառքով ճանապարհելու համար...
Հայտնի է նաեւ, որ հերոսը հացի սեղանին չմոտեցավ այնքան ժամանակ, մինչեւ վրաց կառավարությունը արտաքին գործոց նախարար Գեգեչկորիին հանձնարարեց վերացնել Բաթում-Երեւան երկաթգծի բլոկադան եւ մինչեւ ցորենով, ալյուրով, դեղորայքով, հագուստով բեռնված վագոնների շարասյունը մտնի Հայաստանի տարածք: Այդ ժամանակ Թիֆլիսում գիտեին, որ Զորավարը միայն երեք պարկ գարի է վերցրել իր Ասլան ձիուն կերակրելու համար... Եվ այդ ժամանակ նրան են հանձնում խոշոր մի գումար ճանապարհորդական ծախսերը հոգալու համար: Զորավարը այդ գումարն էլ շոգեքարշի ղեկավարի միջոցով ուղարկում է կաթողիկոսին. կարո՞ղ էր այդ գումարը պահել իր մոտ, իհարկե... կարող էր:
1922 թ. Փարիզում ամուսնության առիթով նորապսակներին ընծայվեց շուրջ կես փութ զարդեղեն (Զորավարի այրի, 70-ամյա տիկին Նվարդի 1966 թ. Վառնայում ինձ պատմածից), որոնք վերածելով գումարի, Զորավարը սննդամթերք, դեղամիջոց, հագուստեղեն է ուղարկում Հայաստան:
Հայտնի է նաեւ, որ նույնՙ 1922 թ. նորապսակներին հրավիրում են Անգլիա, որտեղ, հատկապես Մանչեսթրում, ընծայվում են մեծ քանակությամբ զարդեր, որոնք Անդրանիկը նույնպես օգտագործում է հայրենիքին օգնելու նպատակով:
Մինչեւ այժմ էլ բացահայտված չէ, թե ինչ դրդապատճառով Զորավարը Փարիզից մեկնեց եւ բնակություն հաստատեց Ամերիկայի Ֆրեզնո քաղաքում, չէ՞ որ Փարիզում էր բնակվում մեծ բարերար, նրա հարսանիքի կնքահայր Պողոս Նուբար փաշան...
Ի դեպ, Ֆրեզնոյում է Զորավարին առաջին անգամ տեսնում եւ այդ տպավորության տակ մի զգայացունց պատմվածք գրում Վիլյամ Սարոյանը:
Գիտենք նաեւ, թե որքան մեծ էր Հովհաննես Թումանյանի եւ Անդրանիկի բարեկամությունը: Երբ Զորավարը տեղեկանում է, որ Օհանեսին գումար է պետք Մոսկվայում վիրահատություն կատարելու համար, բանկից տոկոսով վերցնում է մեծ գումար եւ ուղարկում է Թումանյանի որդի Համլիկին...
Գրեթե բոլոր հեղինակների մոտ միակերպ նշված է, որ երբ 1926-ին Խորհրդային Հայաստանից պաշտոնական պատվիրակություն էր գնացել ԱՄՆ հանգանակություն կատարելու, տեղում հանդիպում է հայկական համայնքի շատ սառը վերաբերմունքին եւ կանգնում առաքելության ձախողման տխուր փաստի առջեւ:
Ահա այդ ժամանակ է, որ հայրենասեր հերոսը հանդես է գալիս իր ողջ վեհությամբ եւ հայրենիքին օգնելու աննահանջ վճռականությամբ, խնդրելով պահանջում է, պահանջելով խնդրում եւ այսօրվա չափանիշով շուրջ մեկ միլիարդ դոլար հանգանակելով հանձնում է պատվիրակության ղեկավար Գրիգոր Վարդանյանին: Զորավարը Հայաստան բերելու համար նույն պատվիրակությանն է հանձնում ժամանակին եգիպտահայերից ստացած պատյանը, մեծարժեք ադամանդներով զարդարված ոսկեզօծ թանկարժեք սուրը:
Զորավարի էությունը բնորոշող մի փաստ, որի մասին նույնՙ 1966-ին ինձ պատմեց տիկին Նվարդը: «Սուղ կապրեինք, Զորավարն էլ հիվանդ էր, դեղերի, բժիշկների համար դրամի կարիք ունեինք, եւ երբ իմացա, որ Զորավարը կպատրաստվի իր համար թանկ ընծա սուրը հանձնել Հայաստան տանելու համար, խնդրեցի` Զորավար, այս սուրի պատյանին վրայի թանկարժեք մեկ ադամանդը հանել տանք, ուրիշ քար տեղադրենք, արժեքավոր քարի գումարով հիվանդությանդ ծախսերը հոգանք: Այնպես հայացք նետեց վրաս, որ մինչեւ օրս հիշելուս կսարսափիմ, կամչնամ»:
Զորավարն իր ողջ էությունը զոհաբերեց իր սիրելի ժողովրդի ազատության ու բարօրության գործին, հայ ժողովուրդն էլ մի երախտագետ վերաբերմունք ունեցավ իր Մեծ զավակի հիշատակի հավերժացման գործում:
Անդրանիկը հավերժ կապրի իր շատ սիրելի ժողովրդի հետ:
ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ, «Զորավար Անդրանիկ» միության հիմնադիր նախագահ
«ԱԶԳ» - Երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, «168 ժամ» թերթը տպագրեց Վառնա մեկնած լրագրողի մի հրապարակում, ուր հետեւյալ տողերը կարդացինք. «Անդրանիկի նոր հարեւանները դեռ հավատում են այն պատմությանը, որ Անդրանիկը մեծ գանձեր է ունեցել եւ իր ունեցվածքն ի պահ է տվել այս հողերին, ու յուրաքանչյուրն իր հողում անվերջ որոնում է այդ գանձերը» («Հայերը երրորդ տեղում են», «168 ժամ», 24 օգ. 2007 թ.): Մեր թերթի հոդվածագիր Ն. Մուշեղյանը համոզված հերքեց այդ ասեկոսեն, պարզաբանելով, որ 5 հա տարածությունը Անդրանիկը ժամանակին ստացել է բուլղարական կառավարությունից որպես նվեր` բուլղար ժողովրդին եւս մատուցած քաջագործությունների համար: Նրա կուրծքն է զարդարում նաեւ բուլղարական ամենաբարձր պատվո շքանշանը: Իսկ զորավարի տունը կառուցել է նրա քրոջ ամուսին Վարդո Նռանյանը: Այնպես որ, պատմությունն է փաստում, որ մեծանուն հայը, որ միշտ միջոցներ էր գտնում նեղն ընկածին օգնելու հարցում` պահանջատեր լինելով տարբեր մեծահարուստ բարերարներից, ապրում էր սակավապետորեն, ասկետավարի: