«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2007-08-29 | #156, 2007-08-30 | #157, 2007-08-31


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՑԵՐՈՐԴՆ ԷՐ

Իտալական Պավիա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը մեդալները վիճարկվեցին քաշային երեք կարգերում: Այդ օրը Հայաստանից մրցահարթակ դուրս եկավ Քրիստինե Պետրոսյանը, որը մասնակցեց մինչեւ 53 կգ ծանրորդների մրցավեճին: 15-ամյա Քրիստինեն պոկում վարժությունում իրեն ենթարկեց 70 կգ ծանրությունը, որը 5-րդ արդյունքն էր մրցումների 16 մասնակիցների մեջ: Ընդ որում, նա ընդամենը 3 կգ-ով հետ մնաց այս վարժությունում բրոնզե մեդալ նվաճած ռուսաստանցի Քրիստինե Սոբոլից:

Հրում վարժությունում հայ մարզուհու արդյունքը 6-րդն էր: Նա բարձրացրեց 85 կգ եւ երկամարտի 155 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: Իսկ ոսկե մեդալին արժանացավ բելառուսցի Իրինա Միշչուկը, որը երկամարտում ցույց տվեց 169 կգ (82+87) արդյունք: Արծաթե մեդալակիր դարձավ բուլղարուհի Սեւգինար Թոփալովան` 165 կգ (74+91): Բրոնզե մրցանակակիրը կրկին Բուլղարիայից էր` Մայա Իվանովան` 165 կգ (71+94), որը միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով արծաթե մեդալը զիջեց իր հայրենակցուհուն:

Կանանց մրցաշարում մինչեւ 48 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին 9 մարզուհիներ: Ուժեղագույնը թուրք ծանրորդուհի Գյուլնազ Յանիկն էր, որը հաղթող ճանաչվեց 149 կգ (69+80) արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրեց բելառուսցի Վալենտինա Լիակհավետսը` 142 կգ (64+78): Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինուհի Յանա Դյաչենկոն` 140 կգ (61+79):

Տղամարդկանց մրցաշարում առաջնության պարգեւները վիճարկեցին մինչեւ 62 կգ քաշային ծանրորդները: 18 ծանրորդների մրցավեճում լավագույն արդյունքի հասավ ռուսաստանցի Անտոն Լուստինը` 249 կգ (109+140): Բավական համառ մրցապայքար ծավալվեց 2-րդ եւ 3-րդ տեղերի համար: Ի վերջո երկու ծանրորդներ` թուրք Հուրսիթ Ատակը եւ բուլղարացի Սվետոսլավ Յուլիանովը երկամարտում ցույց տվեցին միեւնույն արդյունքը` 240 կգ: Բայց անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ արծաթե մեդալին արժանացավ թուրք ծանրորդը: Նրանց ընդամենը մեկ կգ-ով զիջեց 4-րդ տեղը զբաղեցրած հունգարացի Զոլթան Լերշը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4