«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2007-08-31 | #158, 2007-09-01 | #159, 2007-09-04


ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԵՆ

Պատասխանատվությունը կկրեն սեփականատերերն ու վարձակալները

Երեւանում շահագործվող շենքերի ճակատների հաճախակի չհամակարգված եւ հախուռն փոփոխությունները հետագայում բացառելու համար քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ հաստատվել է շենքերի ճակատների պահպանման, նորոգման եւ վերականգնման կարգը, որը երեկ լրագրողներին ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Համաձայն այդ կարգի, շենքերի ճակատների փոփոխությունների պատասխանատվությունն ընկնում է այդ տարածքի սեփականատերերի վրա, որը կարող է պայմանագրով փոխանցվել նաեւ վարձակալներին: Իսկ շենքի ճակատների պահպանման ծախսերն ընկնում են համատիրությունների եւ բնակիչների վրա: Այն հարցին, թե դա կբարձրացնի՞ համատիրությանը վճարվելիք սպասարկման վարձը, գլխավոր ճարտարապետը պատասխանեց, որ պետք է հաշվարկվի, թե ինչից է բաղկացած այդ վարձը եւ ըստ այդմ որոշվիՙ պետք է ավելանա, թե՞ ոչ:

Սամվել Դանիելյանը հայտնեց, որ կարգը տարածվում է ճարտարապետական միջավայր ձեւավորող, կառուցվող, վերակառուցվող եւ շահագործվող շենքերի պատերի, հենապատերի վրա: Դա վերաբերում է շենքի ճակատի նոր ճարտարապետական տեսքի, գույնի կամ ձեւի, պատշգամբի պատկերի եւ գույնի փոփոխությանը, գովազդների եւ ցուցանակների տեղադրմանը: Պատմական եւ մշակութային շենքերը նորոգվում են այդ ոլորտի պատասխանատու մարմնիՙ հուշարձանների պահպանության վարչության համաձայնությամբ: Գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ կարգի վերահսկողությունն իրականացնում է քաղաքապետը:

Լրագրողների հարցերին, թե այս կարգի ընդունումից հետո արդեն փոփոխված շենքերի ճակատներն ու ապօրինի կառուցումները քանդվելո՞ւ են, Սամվել Դանիելյանը պատասխանեց, որ համատարած քանդումներ չեն լինելու եւ գործող կարգը վերաբերում է այսուհետեւ կառուցվող շենքերին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4