Մեջլիսում հայտարարում է վարչապետ Էրդողանըՙ պատասխանելով կառավարության նոր ծրագիրը քննադատող ընդդիմությանը
Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի համընդհանուր վաղաժամկետ ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը, որը վերջինին միանձնյա իշխանության նոր հնարավորություն տվեց երկրում, առավել եւս նախագահի պաշտոնում այդ կուսակցության թեկնածու Աբդուլլահ Գյուլի ընտրությունը կարեւոր են պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության եւ հատկապես ներքաղաքական կյանքի առումով, որի առանձնահատկությունն, ըստ երեւույթին, դառնալու են պետական համակարգում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները:
Փոփոխությունների նախապայմանը նոր սահմանադրության մշակումն է, որին ձեռնամուխ է եղել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը: Կհաջողվի՞ նրան այս սահմանադրությունը զերծ պահել քեմալիզմի դրույթներից, ինչի անհրաժեշտության մասին օրերս հրապարակավ հայտարարել էր վարչապետ Էրդողանի խորհրդականը, ցույց կտա ժամանակը: Բայց որ գործող սահմանադրությունը 1982 թ. ընդունել է Քենան Էվրենի զինվորական վարչախումբը եւ դա քաղաքացիների ազատությունները սահմանափակելուց զատ անտեսում է երկրի ինչպես ազգային փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ եւ կրոնական խմբավորումների տարրական իրավունքները, օրինականացնելով այդ ընթացքում քաղաքականությանը թուրքական բանակի միջամտությունը, ակնհայտ է:
Այլ կերպ, Թուրքիայի կառուցվածքային փոփոխությունները պայմանավորվելու են նոր սահմանադրությամբ, իսկ փոփոխությունների բնույթըՙ վարչապետ Էրդողանի նոր կառավարության ծրագրով: Ինչպես նշել էինք, օգոստոսի 31-ին վարչապետ Էրդողանը ծրագրով հանդես էր եկել Մեջլիսում: Սեպտեմբերի 3-ին դա դրվել էր քննարկման, որի ընթացքում առաջինը ելույթ է ունեցել Ազգայնական շարժում կուսակցության գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելին: Նա PKK-ի ահաբեկչությունն ու անջատողականությունը համարելով Թուրքիայի առաջնահերթ խնդիրը, ասել է. «Թող բոլորն իմանան, որ ժողովրդավարության եւ արդիականացման քողի տակ հանրապետության հիմնարար սկզբունքների եւ թուրքական պետության ստեղծման հիմունքների ոտնահարման դեպքում մենք ամենայն համառությամբ կդիմադրենք»:
Բահչելիին հետեւել է քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության խմբակցության ղեկավար Ահմեդ Թյուրքի ելույթը, որի ընթացքում նա ընդգծել է. «Առանց Թուրքիայի միասնականությունը վիճարկելու, պետության ունիտար կառուցվածքի պահպանման պայմաններում ակնկալում ենք այնպիսի լուծում (քրդական հարցի), որի հիմքում դրվեն միասնության եւ եղբայրության ըմբռնումները: «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կազմած 60-րդ կառավարության ծրագրով երկիրը ոչ թե առաջընթաց կապրի, այլ կդոփի տեղում»:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ այն, ինչ վարչապետը ներկայացրեց, նման է ոչ թե կառավարության, այլ կուսակցության նախընտրական ծրագրին: Նույն օրը Մեջլիսում պատասխան ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը: Նա թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ մասնավորապես ասել է. «Ահաբեկչական ենք հռչակում նաեւ քաղաքական այն կազմակերպությանը, որն այս երկրում աջակցում է ահաբեկիչ անջատողականներին (ակնարկը «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության եւ PKK-ականների մասին է): Ինչո՞ւ ԵՄ-ի անդամ երկրները նրանց կանվանեն ահաբեկիչներ, իսկ իմ երկրում Մեջլիսի հովանու ներքո գտնվողներըՙ ոչ: Այդպես պետք է վարվեն նաեւ նրանք, որովհետեւ մենք միասին պայքարելու ենք ընդհանուր արժեքների համար: Միայն այդ դեպքում տարբերությունները (էթնիկ եւ կրոնական) հարստություն կդառնան բոլորիս համար: Մենք դեմ ենք էթնիկ, հատվածային եւ կրոնական ազգայնականությանը (նկատի ունի հատկապես քրդերին եւ ալավիներին): Այս հանգամանքը մշտապես շեշտել ենք: Առաջնորդվում ենք «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք եւ մեկ պետություն» սկզբունքով: Անվիճելի է նաեւ, որ Թուրքիայի Հանրապետությունը ժողովրդավարական, աշխարհիկ, սոցիալական եւ իրավական պետություն է»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ