Այս հայտարարությամբ թուրքական պետությանը մարտահրավեր է նետում քուրդ քաղաքապետ Բայդեմիրը
Երեկ Մեջլիսում ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորների առջեւ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է Դիարբեքիրի քաղաքապետ, քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության ներկայացուցիչ Օման Բայդեմիրի պնդումները, թե թուրքական կառավարությունը վերջին 4,5 տարում չի նպաստել իրենց պատրաստած ոչ մի նախագծի իրականացմանը: Բայդեմիրն ավելացրել է. «Դիարբեքիրի նկատմամբ խտրականություն են անում ե՛ւ վարչապետը, ե՛ւ նախարարները: Եթե նրանք Դիարբեքիրի դեմ բացահայտ պատերազմ են հայտարարում, ապա մենք պատրաստ ենք դրան, այստեղ ենք եւ պատերազմից չենք փախչի: Դիարբեքիրն ամրոց է, մինչեւ օրս շատերն են ցանկացել նրա անկումը, սակայն քաղաքը չի ընկնելու»: Ի պատասխան Էրդողանն ասել է, որ իր կուսակցությունը բոլոր քաղաքապետարաններին մոտեցել է հավասարապես եւ հավասարության սկզբունքով է ֆինանսավորել նրանց, ապա շարունակել է. «Ով հակառակն է պնդում, թող ապացուցի: Մենք երբեւէ բնակչության հետ խնդիրներ չենք ունեցել, ոչ էլ կունենանք: Միայն թե տեղական իշխանության ներկայացուցիչները խոսք ասելու փոխարեն գործ կատարեն: Հատվածային, դասակարգային եւ էթնիկ շահեր հետապնդող քաղաքականությունն արդեն անցել է պատմության գիրկը»:
Դիարբեքիրի քաղաքապետ Բայդեմիրին հակազդեցությամբ արձագանքել է նաեւ ընդդիմությունը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Օզյուրեքը նշել է. «Հիրավի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը քաղաքապետարանների միջեւ խտրականություն է դնում: Այդ առումով իրավացի է Դիարբեքիրի քաղաքապետը: Սակայն նա Դիարբեքիրը ներկայացնում է Թուրքիայի սահմաններից դուրսՙ ընդգծելու համար, որ գլուխ է բարձրացնում կառավարության դեմ եւ պաշտպանում քուրդ ժողովրդի իրավունքները: Դա քաղաքապետարանների խնդիրը չէ, սխալ է նաեւ Դիարբեքիրն իբրեւ ամրոց ներկայացնելը»:
Ի տարբերություն Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահի, Ազգայնական շարժում կուսակցության խմբակցության նախագահի տեղակալ Մեհմեդ Շանդըրը մեղադրելով Դիարբեքիրի քաղաքապետին «հանցանք կատարելու եւ չափն անցնելու» մեջ, նշել է, որ նա մարտահրավեր է նետում Թուրքիային, հետեւաբար պետք է կրի իր պատիժը:
Շանդըրը մեղադրել է նաեւ վարչապետ Էրդողանին, թե հայտարարություններով նա է խրախուսում Բայդեմիրին եւ անջատողականներին, որովհետեւ նրան են պատկանում «քրդական հարցին ծանոթ եմ, դրան տալու եմ ժողովրդավարության շրջանակներում քաղաքական լուծում» խոսքերը: Վերջում Շանդըրն ավելացրել է. «Վարչապետ Էրդողանի խոսքերի գինը չպետք է Թուրքիան վճարի: Այս ամենի պատասխանատուն երկրի քաղաքական իշխանությունն է, անջատողական նկրտումներում այս իշխանությունից է ուժ առնում Դիարբեքիրի քաղաքապետը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ