«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ԱԼԻԵՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԽՈՒՍԱՓՈ՞ՒՄ Է ՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԻՑ ԽՈՍԵԼ

«Եթե Ադրբեջանը մինչ օրս չի սկսել իր ագրեսիվ հայտարարությունների իրագործումը, այսուհետեւ եւս չի սկսի, քանի որ գիտիՙ մեր բանակը մարտունակ է, գիտի մեր բանակի հնարավորությունները: Եթե նման հարց առաջանա, մեր բանակն ի զորու է լուծել իր խնդիրները», սեպտեմբերի 3-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

Այսօրինակ հայտարարություններն անպատասխան չեն թողնում Ադրբեջանի պաշտոնյաները, սակայն ավելի հաճախ ադրբեջանական կողմը համապատասխանություն չի ապահովում` թերեւս դիտավորությամբ: Ադրբեջանցի փախստականների խնդիրների քննարկման նիստում նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն ավելի շուտ պատասխան է` դարձյալ ներքին լսարանին սեփական «կարողությունների» հավաստմամբ:

«Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրամադրվի», ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հայտարարել է Ալիեւ կրտսերը: Բնականաբար, Իլհամ Ալիեւը չի մոռացել նշել, թե ղարաբաղյան խնդիրը «կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, փախստականների եւ բռնի տեղահանվածների իրավունքների ապահովմամբ»:

Մոռանալով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլեւս որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի անկախություն ունենալու համար, քանի որ դա արդեն փաստ է, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իր երկիրը մնում է հակամարտության խաղաղ կարգավորման հետեւորդ:

Այդուհանդերձ, «... եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա պաշտոնական Բաքուն կարող է այդ խնդրի լուծման այլ տարբերակների անցնել: Մենք ունակ ենք ազատելու մեր տարածքները ամեն ճանապարհով», հայտարարել է Ալիեւը` ակնհայտորեն խուսափելով օգտագործել «ռազմական ճանապարհով» լուծելու բարձրագոչ արտահայտությունը: Ավելին, Ալիեւն այս անգամ կարծես անհրաժեշտ չի համարել խոսել ադրբեջանական բանակի «մարտունակության» մասին` անհասկանալի թողնելով հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակների ինչպիսին լինելը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4